Գ․ Նարեկացի համալսարանում բացվել է Վարդան Հակոբյանի անունը կրող գրադարան
Այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի անունով գրադարան է բացվել։
Միջոցառման մասնակիցները նախքան գրադարանի բացումը լռության րոպեով և ծաղիկներ խոնարհելով հարգել են Վարդան Հակոբյանի և արցախյան գոյապայքարի նահատակների հիշատակը։
ԳՆՀ դասախոս, բանասիրական բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զինաիդա Բալայանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից Վարդան Հակոբյանի վարքը նմանեցնում է Սահակ Բագրատունի մարզպանի՝ աշխարհի բոլոր ծայրերում հայերի մասին ցանկացած մասունք, գիրք հավաքելու և գրադարան ստեղծելու հրամանի հետ, որովհետև Վ․ Հակոբյանը ևս ազգի նվիրյալ է և իր եռանդը, տաղանդը, քաղաքական պահվածքը, բարոյական կերպարը ամբողջացրել ու նվիրել է Արցախ աշխարհին:
Զ․ Բալայանն իր խոսքում ասաց, որ Վ․ Հակոբյանը դառնացած էր իր կյանքի վերջին պահերին․ դառնացած էր աշխարհից, դավաճաններից, մատնիչներից, անմիաբաններից, որի հետևանքը եղավ նրա անժամանակ մահը։
ԳՆՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՀ վաստակավոր իրավաբան Սևակ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ որոշել են Ստեփանակերտի ԳՆ համալսարանի գրադարանը անվանակոչել Վարդան Հակոբյանի անունով:
«Հաշվի առնելով, որ գրադարանը նախկինում կրում էր ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի անունը, ով սերտ հարաբերություններ ուներ ինչպես Վ․ Հակոբյանի, այնպես էլ ԳՆ համալսարանի հետ, որոշել ենք համալսարանի գիտական նիստերի դահլիճը անվանակոչել Սերգեյ Սարինյանի անունով»,-ասել է համալսարանի ռեկտորը։
Միջոցառման ներկաներին օրհնանքի իր խոսքն է ասել Տեր Ներսես քահանա Ասրյանը։ Աղոթքով սկսելով իր խոսքը՝ նա նշել է.
«Սա ևս մի առիթ է Վարդան Հակոբյանին, նրա կատարած գործի մեծությունը վերհիշելու և նրա հոգու հանգստության համար աղոթք առ աստված բարձրացնելու համար։ Ցանկացած բուհ ոչ այնքան միտված է գիտելիք տալու մարդուն, այլ հնարավորություն տալու մարդուն գիտելիք ստանալ, և դրա առավել կարևոր բաղադրիչներից մեկը տվյալ կրթօջախի գրադարանն է, որտեղ ուսանողը կարող է ստանալ իրեն հետաքրքրող գիտելիքների պաշարը»։
ԳՆՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանի խոսքով` Վարդան Հակոբյանի համար գրքի հետ հաղորդակցվելը մի ուրիշ արարողություն էր։
«Նա ֆենոմենալ էր ոչ միայն գիրք գրելու, այլև ընթերցելու և կազմելու առումով։ Նա իր կյանքի ընթացքում ստեղծել է եզակի գրադարան, և պատահական չէ, որ այս գրադարանում են գտնվում բոլոր ժամանակների լավագույն 100 գրքերը։ Այս գրադարանում են գտնվում այն գրքերը, որոնք մի օրինակ են ամբողջ Արցախում և Հայաստանում»,-ասել է Ա․ Գրիգորյանը։
Ամալյա Գրիգորյանը նաև նշեց, որ Վ․ Հակոբյանն ամեն ինչ անում էր նվիրումով և արվեստով։
«Վ․ Հակոբյանը բացառիկ ընթերցող էր․ ընթերցում էր անհագ կլանված, բայց շատ գրագետ։ Գրիչը ձեռքին մշտապես ընդգծում էր այն տողը, այն բառը, որն իր համար կարևոր էր, և դրանով ճաշակ ու մտածողություն էր ձևավորում հետագա ընթերցողների համար»,-ասել է Ա․ Գրիգորյանը։
ԳՆՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանն էլ իր խոսքում նշեց, որ դեռևս խորհրդային ժամանակներից գիրք ընթերցելը հեղինակություն է եղել, իսկ գիրք ընթերցողը` հեղինակավոր մարդ։
«Մենք պետք է ուսանողների մեջ սեր սերմանենք գրքի հանդեպ, որպեսզի մշտապես կապի մեջ լինեն գրադարանի հետ։ Այս գրադարանից, որը ստեղծվել է Վ. Հակոբյանի անձնական գրադարանի հիմքի վրա, ցանկացած մարդ կարող է անհրաժեշտ և կարևոր տեղեկատվություն ստանալ»,-ասել է Վ․ Հովսեփյանը:
Միջոցառման ընթացքում ԳՆ համալսարանի ուսանողները ներկայացրել են Վ․ Հակոբյանի բանաստեղծությունները։