Ֆրանկոֆոնիայի կենտրոն՝ Ստեփանակերտում

Աշխարհի 80-ից ավելի երկրներում գործում են ֆրանկոֆոնիայի կենտրոններ, որոնց շարքում այսուհետ կլինի նաև Արցախը: Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացել է Պոլ Էլյուարի տուն-հիմնադրամ ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ:
Պաշտոնական մասի ընթացքում կատարվել է դրոշների բարձրացման արարողություն: Արցախի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայի դրոշինը՝ Ֆրանսիա-Արցախի բարեկամության շրջանակի նախագահ, պագտամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշը բարձրացրել է «Ֆրանկոֆոնիան Արցախում միության» նախագահ, նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբուլանին:
Այնուհետև ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ բանաստեղծ Պոլ Էլյուարի ստեղծագործություններին, ֆրանսիական երաժշտության ներքո քննարկել ֆրանսիական մշակույթը, հայ-ֆրանսիական մշակութային կապերը:


