Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը
Աշխարհը կտրուկ փոխվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ մահացու կորոնավիրուսի անսպասելի տարածման պատճառով: Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ մեկուսացված են իրենց տներում՝ վախենալով շփվել որևէ մեկի հետ, որը կարող է վիրուսակիր լինել:
Բռնակալական մի քանի պետությունների ղեկավարներ չշտապեցին արձագանքել վիրուսին՝ հերքելով, որ դա լուրջ խնդիր է իրենց երկրներում: Ի վերջո, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին վարակվում, այդ ղեկավարները վերջապես գիտակցեցին և սկսեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովրդին պաշտպանելու համար:
Նման անպատասխանատու ղեկավարներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը 2020 թ․ մարտի 16-ին մի ծավալուն հոդված գրեց The National Interest երկշաբաթաթերթում՝ «Մոլախաղ 80 միլիոն կյանքերի հետ․ ինչո՞ւ է Էրդողանը ստում կորոնավիրուսի մասին» խորագրով։
Ռուբինը վկայակոչեց Պիտսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի թուրք մանկաբույժ սրտանոթային վիրաբույժ Էրգին Կոչյիլդիրիմին, որը մի գրության մեջ նկարագրել էր՝ «կեղծիքներ են թուրքական կառավարության պնդումները արդյունավետ ստուգման գործիքի ստեղծման մասին»։
Թեև Թուրքիայի առողջապահության նախարարն ի սկզբանե հերքեց, որ Թուրքիայում առկա են կորոնավիրուսի դեպքեր, վիրուսի տարածման մասին լայն տարածում գտած պնդումներից հետո թուրքական իշխանություննեերը ձերբակալեցին տեղեկատուներին։ Եվս 64 թուրք բանտարկվեց կեղծ և սադրիչ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Ավելին, պետական վերահսկողության տակ գտնվող թուրքական մամուլի խորհրդի անդամները պնդեցին, որ «թուրքական գենը վարակազերծ է դարձնում թուրքերի մեծամասնությանը», հայտնեց Ռուբինը։
Թուրքիայում կորոնավիրուսի բացակայության մասին Էրդողանի ստախոսությունները Ռուբինը վերագրել է նրա «ամբարտավանության և տգիտության վտանգավոր միավորմանը․․․․ Ավելի մեծ դրդապատճառ կարող է լինել վախը: Թեև Թուրքիայի ժողովրդագրությունը փոխվում է Էրդողանի օգտին, քանի որ Թուրքիայի Անատոլիայի կենտրոնական տարածքից պահպանողական ընտանիքներն աճում են կենտրոնական Ստամբուլի և միջերկրածովյան ափերի եվրոպականացված թուրքերի համեմատությամբ, սակայն տնտեսությունը խարխլվում է: 2010 թ․ Էրդողանը խոստացավ, որ 2023 թվականին՝ Թուրքիայի հարյուրամյակին, Թուրքիան կդառնա աշխարհի տասը տնտեսություններից մեկը: Նույնիսկ նախքան կորոնավիրուսը, Թուրքիան հաջողակ կլիներ մնալով լավագույն քսանյակում, քանի որ կոռուպցիան, ընտանեվարությունը, քաղաքական միջամտությունը բիզնեսում և համատարած անարդյունավետ կառավարումը միացել են՝ հօդս ցնդեցնելով Թուրքիայի տնտեսության մասին վստահությունը»։
Էրդողանի կողմից Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին քողարկման մյուս պատճառը՝ զբոսաշրջության ինդուստրիայի փլուզման վախն է։ «2018-ին Թուրքիայի զբոսաշրջությունը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար: Ուղիղ մեկ տարի առաջ Էրդողանը խոստացավ, որ Թուրքիան կհյուրընկալի 50 միլիոն զբոսաշրջիկի՝ այդ ցուցանիշը բարձրացնելով առնվազն 20 տոկոսով: Դրան ավելացրած Թուրքիայի 12 միլիարդ դոլարի ներդրումը Ստամբուլի նոր օդանավակայանում, որն ակնկալվում է՝ լինելու է ամենամեծը աշխարհում, որտեղ, ըստ լուրերի, Էրդողանն ու իր ընտանիքը մեծ ներդրումներ են կատարել։ Թվում է, թե Էրդողանը փորձել է թերագնահատել կորոնավիրուսի մասին զեկույցները, որպեսզի խրախուսի զբոսաշրջային դոլարների շարունակական հոսքը: Դրանով նա ձգտում էր ոչ միայն հիմարացնել ռուսներին, եվրոպացիներին և ամերիկացիներին, այլև վտանգել նրանց կյանքը: Ի դժբախտություն Թուրքիայի, ամենաթանկ գինը կվճարեն թուրքերը, քանի որ Թուրքիան սպառնում է դառնալ վիրուսի հաջորդ մեծ օջախը։ Մի թուրք բժշկի գնահատմամբ, թուրքերի մինչև 60 տոկոսն այժմ կարող է վարակված լինել և, որ Էրդողանը դանդաղեցնում է ստուգումը՝ կանխելով աղետի մասշտաբները բացահայտ դառնալուց։ Մահերն անխուսափելի էին, սակայն Էրդողանի խարդախությունը, ամենայն հավանականությամբ, պատճառ կդառնա հարյուր հազարավոր նոր մահվան դեպքերի իր երկրում, որոնք կավելանան Թուրքիայում արդեն գոյություն ունեցող տասնյակ դեպքերին, սակայն դրանց մասին պաշտոնապես չի հաղորդվի»։
Իրավիճակն ավելի սրելով, ինչպես մի շարք այլ երկրներում, թուրքական հանրությունը կեղծ բուժումներ է հորինել կորոնավիրուսի դեմ: Նազլան Էրթանը Al-Monitor կայքում գրել է, որ թուրքերն այժմ ապավինում են կանեփին և ոչխարի մսով խաշին՝ սարսափելի վիրուսի դեմ պայքարելու համար։
«Ենի Աքիթ» օրաթերթի հայտնի իսլամիստ սյունակագիր Աբդուրահման Դիլիփակը կարծում է, որ կանեփը «կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել վիրուսի գլոբալ տարածման համար»: Դիլիփակը, որը Թվիթերում ունի 700 հազար հետևորդ՝ մոտ վեց անգամ ավելին, քան իր թերթի տպաքանակն է, նաև կոչ է արել իր թուրք ընթերցողներին խուսափել արտասահմանյան պատվաստանյութերի ստացումից, քանի որ դրանք հնարավոր է պարունակում են ամլացման միջոցներ՝ այդ պատվաստանյութերը կապելով արիական դավադրության հետ։
Այն բանից հետո, երբ մի թուրք պրոֆեսոր առաջարկեց «քյալե փաչայով» (ոչխարի գլխի մսով խաշ) բուժումը, բազմաթիվ թուրքեր խռնվեցին ռեստորանների մոտ՝ խաշը գերադասելով սոցիալական հեռավորությունից։ «Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է «քյալե փաչայի» պահանջարկի կտրուկ աճին», հաղորդել է «Հյուրիեթը» մարտի 16-ին։ «Լրատվական հոդվածներից հետո, աճել են «քյալե փաչայի» պատվերները, ինչպես ռեստորաններում, այնպես էլ դուրս տարվող», ասել է Իզմիրի կենտրոնում գտնվող «Իզմեթ Ուստա» հայտնի ռեստորանի մատուցողը։
«Այս բոլոր միջոցները, սկսած ձեր կոկորդը քացախով մինչև ցանկացած ապուրով լցնելուց, անօգուտ են», ասել է Ինֆեկցիոն հիվանդությունների ոչ կառավարական ասոցիացիայի նախագահ Մեհմեթ Չեյլանը NTV լրատվականին, մարտի 16-ին։ «Դրանք ոչ գիտական են և չպետք է տարածվեն [լրատվամիջոցներով կամ բերնեբերան]».
Բարեբախտաբար, վերջին օրերին շրջադարձային վերաբերմունք է տեղի ունեցել թուրք պաշտոնյաների մոտեցման մեջ վիրուսի նկատմամբ: Նրանք այժմ կոչ են անում բնակչությանը մնալ տանը ինքնամեկուսացման մեջ՝ վարակներից խուսափելու համար: Հուսով եմ, որ այդ միջոցառումները շատ ուշացած չեն և միլիոնավոր թուրքեր արդեն իսկ վտանգի մեջ չեն: Կորոնավիրուսով պայմանավորված 1236 վարակվածների և 30 մահվան դեպքերի մասին հայտարարված թվերը չեն արտացոլում իրական պատկերը:
Այս ճգնաժամային պահին բոլորին մաղթում ենք քաջառողջություն՝ անկախ ազգությունից, կրոնից կամ մաշկի գույնից: Հուսով ենք, որ այս վնասակար հիվանդությունն անխուսափելիորեն օգնելու է մարդկանց և ժողովուրդներին մերձենալու՝ ընդհանուր անտեսանելի թշնամու դեմ համատեղ ուժերով պայքարելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի