Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղեկավարել է իր աշխատակազմի խորհրդատվական մարմնի՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստնտերի դեմ ճնշումներ կազմակերպելու հարցը: Սրանով Էրդողանը նախ և առաջ թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով Եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական միության խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել թուրքական իշխանությունների կողմից Հայ դատի ակտիվիստների դեմ ուղղված այլատյաց քաղաքականության դեմ:
Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս հանդիպումը, փաստորեն, Էրդողանի՝ այս տարվա մայիս ամսին արած հայտարարության տրամաբանական շարունակությունն է, երբ նա սպառնաց պայքարել «հայկական լոբբինգի» դեմ, որն, անշուշտ, նախևառաջ ընդգրկում է ամբողջ աշխարհում գործող Հայ դատի հանձնախմբերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:
«Այժմ Էրդողանի կառավարությունը պաշտոնապես և բացահայտ կերպով որոշում է ընդունել ահաբեկման պետական քաղաքականություն վարել ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքար մղողների դեմ: Սակայն թուրքական իշխանությունները պետք է արդեն հասկացած լինեին, որ Հայ դատի ակտիվիստների դեմ ահաբեկումն ինչպես չի գործել նախկինում, այդպես էլ չի գործելու ապագայում: Ընդհակառակը, սա նույնիսկ ազդակ է՝ էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալելու և հանուն արդարության հաստատման մեր ուժերն էլ ավելի միավորելու: Այս հանդիպումը, սակայն, ևս մեկ անգամ ցույց տվեց Էրդողանի կառավարության իրական դեմքը և թե ինչ քայլերի է այն ընդունակ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ինչպես նաև հատուցումները համընդհանուր արդարության հաստատման խնդիր են: Թուրքիան ստիպված է իր անցյալի հետ հաշվի նստել: Հենց սա են Թուրքիայից պահանջում աշխարհի տասնյակ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանը», – ամփոփեց Կարապետեանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
arfd.am