Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար
Գլխավոր » Լրահոս » Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար

Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին՝ պահանջելով ստորագրել այն և հետ ուղարկել նախագահին։ Այդ նամակում Էրդողանը կեղծորեն պնդել է, որ Թուրքիան միայնակ է եղել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։

Հակառակ Էրդողանի պնդումներին, միջազգային լրատվամիջոցներում եղած տասնյակ զեկույցներ փաստում են, որ Թուրքիան, ըստ էության, եղել է Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների աջակիցների առաջնագծում։

Ահմեդ Ս. Յայլան նա է, ով առաջին ձեռքից գիտի Թուրքիայի կառավարության կողմից ԻԼԻՊ-ի աջակցության մասին, քանի որ նա 2010-ից մինչև 2013 թվականը եղել է Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների ղեկավարը, իսկ 2013-2014 թվականներին՝ հասարակական կարգի ու քրեական հետաքննությունների ղեկավարը Թուրքիայի Սանլիուրֆա քաղաքում։ Սանլիուրֆան ԻԼԻՊ-ի «ջիհադի մայրուղու» վերջնակետն էր։ 2020 թ․ մարտի 6-ին Յայլան մանրամասն հոդված է գրել The Investigative Journal-ում՝ բացահայտելով Էրդողանի հանցակցությունը ահաբեկչությանը: Հոդվածը վերնագրված է՝ «Դատե՛ք Էրդողանին միջազգային քրեական դատարանում՝ ԻԼԻՊ-ին սատարելու համար»։

Յայլան գրել է, որ 2014-ին ստիպված է եղել լքել իր աշխատանքը և թոշակի անցնել, «որպեսզի չմասնակցի Էրդողանի ոճրագործություններին, որոնք հասնում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մակարդակի»:

Ըստ Յայլայի՝ «ԻԼԻՊ-ն այդքան ուռճացված իշխանություն չէր ունենա կամ այդքան շատ մարդկանց չէր սպանի, եթե Էրդողանի վարչակարգը չորոշեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել դրա հայտնվելուց ի վեր՝ 2014-ին: Փաստն այն է, որ երբ ԻԼԻՊ-ը 2014-ին հաստատվեց Ռաքքայում [Սիրիա], Թուրքիայի հետախուզական գործակալությունը պահպանում էր իր մուտքի դուռը և պատրաստ ողջունում էր ջիհադական կամավորներին իրենց նահատակության ճանապարհին։ Թուրքիան կենտրոնական հանգույց էր ԻԼԻՊ-ի ավելի քան 50 հազար օտարերկրյա զինյալների համար և հիմնական աղբյուրը ԻԼԻՊ-ի տեխնիկական նյութերի, ներառյալ ԻԼԻՊ-ի ինքնագործ պայթուցիկ սարքերը՝  դարձնելով Թուրքիան և ԻԼԻՊ-ը գործնականում դաշնակիցներ»։

Յայլան նաև մեջբերել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թ․ հոկտեմբերի հրապարակումը, որտեղ ասվում էր․ «Թուրքիան շարունակում է տարանցիկ կետ մնալ այն օտարերկրյա զինյալների համար, որոնք ցանկանում են միանալ «Իսլամական պետությանը» Իրաքում և Սիրիայում, ինչը կարող է օգնել ահաբեկչական խմբին վերակազմավորվելու և վերականգնելու իր ազդեցությունը»: ԱՄՆ կառավարությունը նաև նախազգուշացրել է, որ «Թուրքիայի տարածքով անցնող օտարերկրյա զինյալները կարող են օգնելԻսլամական պետությանը վերածնվելու համար»: ԻԼԻՊ-ը կարողացավ իր բարձրաստիճան և ավագ անդամներից շատերին տեղափոխել Թուրքիա, որտեղ նրանք վարում էին ահաբեկչական կազմակերպության ամենօրյա գործողությունները:

Յայլան հայտնել է, որ «2019 թ․ դեկտեմբերի 3-ին ահաբեկչական պարագլուխ Համիդ Շաքիր Սաբա ալ-Բադրին՝ հանգուցյալ Աբու Բակիր ալ-Բաղդադիի զարմիկը, գերեվարվել է Իրաքի Քիրկուկ քաղաքից հարավ, երբ վերադառնում էր Թուրքիայում գտնվող իր անվտանգ ապաստարանից։ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի կալանքի տակ գտնվող թուրք բանտարկյալը լրագրող Լինդսի Սնելին պատմել է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում պահվող ԻԼԻՊ-ի հսկայական ապահով տան մասին: Բանտարկյալն ասել է՝ «այնտեղ այնքան շատ օտարերկրյա զինյալներ կային, այնքան տարբեր լեզուներով: Նրանք (Թուրքիա) գիտեին, թե մենք ինչի համար էինք այնտեղ»։

Քանի որ Թուրքիայի ղեկավարներն աջակցում էին ԻԼԻՊ-ին՝ ԻԼԻՊ-ի նկատմամբ լայն աջակցություն կար նաև թուրքական հասարակության շրջանակում։ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել է, որ Անկարայի հետազոտական ​​կենտրոնի կողմից անցկացվող «Թուրքիայի սոցիալական միտումների ուսումնասիրության» համաձայն, հարցվածների 9․3 տոկոսը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, իսկ 5.4 տոկոսը կողմնակից է նրա գործողություններին»։

Ըստ PEW հետազոտական կենտրոնի ուսումնասիրության՝ Թուրքիայի բնակչության 8% -ը բարյացակամ վերաբերմունք ուներ ԻԼԻՊ-ի նկատմամբ։ Արդյունքում, համաձայն Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի վերջերս տարածած զեկույցի, թուրքերը մեծ թվով զինյալներ են տվել ԻԼԻՊ-ին։ Մինչ այժմ կային ԻԼԻՊ-ի 9476 թուրք ահաբեկիչներ և ավելի քան 900 ադրբեջանցիներ ԻԼԻՊ-ի շարքերում։

Թուրքիան նաև հանդիսանում է ԻԼԻՊ-ի համար տարբեր ապրանքների շարունակական մատակարարման աղբյուր, ներառյալ կոշիկներ, համազգեստներ, բաճկոններ, սնունդ և ամենակարևորը՝ պայթուցիկ նյութեր: Մեջբերելով Հակամարտությունների սպառազինության հետազոտությունից (ՀՍՀ)՝ Յայլան հաղորդել է, որ ԻԼԻՊ-ը «առաջին հերթին Թուրքիայում ունեցել է գործող խոշոր ձեռքբերման ցանց, երկրոդ՝ հստակ մատակարարման ուղի Թուրքիայից, Սիրիայի տարածքով դեպի Իրաք»: ՀՍՀ-ն նաև բացահայտել է, որ «Թուրքիան ամենակարևոր անցումայի կետն էր պայթուցիկ սարքերի արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների համար», որոնք պատրաստվում էին «Իսլամական պետության» կողմից։ Փաստորեն, ՀՍՀ-ն փաստել է, որ ԻԼԻՊ-ի զինյալները «զենքի և զինամթերքի արտադրության մեջ օգտագործվող ապրանքների մեծ մասը մատակարարել են Թուրքիայի ներքին շուկայից»։

Թուրք լրագրող Թոլգա Թանիշը հեռացվել է աշխատանքից և դատի տրվել՝ նախագահ Էրդողանի կողմից ներկայացրած զրպարտության հետաքննությամբ, երբ Թանիշը բացահայտել էր, թե ինչպես են թուրքական ընկերությունները պայթուցիկ նյութեր արտահանել ԻԼԻՊ-ի համար։

Յայլան նաև հաղորդել է, որ «2019 թ․ նոյեմբերի 18-ին ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ունեցվածքի վերահսկման գրասենյակը երկու թուրք եղբայրներ Ահմեդ և Իսմայիլ Բայալթուններին նշել է որպես Թուրքիայում գործող «ԻԼԻՊ-ի գնումների գործակալներ», ինչպես նաև՝ Սիրիայում և Թուրքիայում գործող ԻԼԻՊ-ի հետ կապված չորս ընկերություններ։ Բայալթուն եղբայրները հայտնի էին ԻԼԻՊ- ի մատակարարման գործում իրենց ունեցած դերակատարմամբ, մասնավորապես՝ 48 տոննա ալյումինե մածուկներ առաքելու համար, որոնք օգտագործվել են ԻԼԻՊ-ի պայթուցիկ սարքերի մեջ։ Ամենակարևորը, Բայալթուն եղբայրները սերտ հարաբերություններ են ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Մուսթաֆա Բայալթունի հետ Սանլիուրֆայում, որտեղ գտնվում է նրանց գրասենյակը»:

Թուրքիայի Ազգային հետախուզության դերը ահաբեկչությանը սատարելու գործում բացահայտվեց, երբ Թուրքիայի ոստիկանությունը 2014 թ․ հունվարի 19-ին կանգնեցրեց հետախուզության կողմից շահագործվող երեք բեռնատար ավտոմեքենա և հայտնաբերեց ռազմական զենքեր՝ թաքնված Սիրիա տեղափոխվող բժշկական արկղերի տակ։

Ըստ Յայլայի՝ ահաբեկչությանը սատարելուց բացի, նախագահ Էրդողանը ձեռք է բերել նաև ԻԼԻՊ-ի նավթը՝ «Փաուըրթրանս» անունը կրող թուրքական ընկերության միջոցով, որի ղեկավարը նրա փեսան էր՝ Բերաթ Ալբայրաքը։ «Ալբայրաքը օրական վճարում էր 3 միլիոն դոլար՝ ԻԼԻՊ-ի նավթի ամենաշատ արդյունահանման ժամանակ։ Փաստորեն, Էրդողանը ընդունել է մի օրինագիծ, որն իրավունք էր տալիս նավթը նավերով տեղափոխել և պայմանագիր է կնքել «Փաուըրթրանսի» հետ առանց հանրային հայտի, որպես միակ լիազորված ընկերության: Ի հավելումն ԻԼԻՊ- նավթի ձեռքբերման՝  Էրդողանը հանձնարարել է իր որդուն՝ Բիլալ Էրդողանին, իր մալթական BMZ Group բեռնափոխադրումների ընկերության միջոցով վաճառել ԻԼԻՊ-ի նավթը համաշխարհային շուկայում»: Բացի այդ, թուրքական դրամական փոխանցումների կենտրոններն օրվա ընթացքում հարյուր հազարավոր դոլարներ են փոխանցել ԻԼԻՊ-ին:

Յայլան ամփոփել է․ «Ի վերջո, ԻԼԻՊ-ը չէր սպանի, վիրավորի, ստրկացնի և բռնբաբարի հազարավոր անմեղ մարդկանց, առանց հսկայական աջակցության, որ վայելում էր Թուրքիայի կողմից։ Էրդողանը և նրա հանցակիցները պետք է դատվեն Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից՝ մարդկության դեմ գործած իրենց հանցագործությունների համար… Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա հանցակիցների ձեռքերն արյունոտ են։ Գոյություն ունեցող լավ փաստագրված, անառարկելի և անհերքելի ապացույցների հիման վրա պարզ է, որ Էրդողանը ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցում է ԻԼԻՊ-ին»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

1