Էկրանին նոր ցուցադրություն. «Հարատև կռիվ»-ը՝ 2016-ի ապրիլյան հերոսամարտի մասին
Գլխավոր » Գաղափարական » Էկրանին նոր ցուցադրություն. «Հարատև կռիվ»-ը՝ 2016-ի ապրիլյան հերոսամարտի մասին

Էկրանին նոր ցուցադրություն. «Հարատև կռիվ»-ը՝ 2016-ի ապրիլյան հերոսամարտի մասին

«Նարեկացի արվեստի միություն»-ում, տեղի ունեցավ ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի հերթական վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ 2017թ․ նկարահանված «Հարատև կռիվ»-ը պատմում է Արցախյան 2016 թ․ Ապրիլյան քառօրյայի հերոսամարտերի ու ողջու Անմահ հերոսների մասին։ Սկզբում հերոսամարտին նվիրված երգով հանդես է գալիս լիբանանահայ օպերային երգիչ, խմբավար, ազատամարտիկ Գևորգ Հաճյանը, ով հերոսաբար նահատակվեց 2020թ․ հոկտեմբերի 6-ին իր 20 ընկերների հետ Մարտակերտի շրջանում՝ Վարնկաթաղ բարձունքում։ Ֆիլմի նաև սցենարի հեղինակն է Ս․ Թադևոսյանը, ով ժամանակին նկարահանել է «Չկրակված փամփուշտներ» գեղարվեստական կինոնկարը, որը պատմում է Արցախյան առաջին գոյամարտում «Սիսական» գնդի, նրա հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի և նահատակ եղբոր՝ բանաստղծ Աղվան Մինասյանի (զոհվեց 1993թ․ օգոստոսի 30-ին Լաչինի-Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գյուղի մոտ) մասին։

Ներկա էին արվեստի տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ, նախկին ու ներկա զինվորականներ, Ս․ Թադևոսյանի համակուրսեցիներ՝ եկած Մոսկվայից, այլք։ Ս․ Թադևոսյանը նաև հեղինակն է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի, որն Արցախյան գոյամարտի հարյուրավոր նահատակ ու ողջ քաջորդիների անցած ռազմական ուղին է նկարագրում։ «Հարատև կռիվ»-ում 2016 թ․ հերոսամարտի մասնակիցները պատմում են՝ միասնությունն էր, որ կարողացավ ապահովել հաղթանակ այդ օրերին։ Ամբողջ ազգն էր դարձել բանակ, կար համախմբվածություն։ Դրվագներում հանդես են գալիս Արցախի պաշտպանության բանակի տարբեր զորամասերի, գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարներ, շարքային զինվորներ, ովքեր իրենց անձնազոհությամբ, հմտությամբ կարողացան կանգնեցնել թշնամուն։ Մինչ ցուցադրությունը, Հոգով Արիների ու Քաջաց հաղթական սխրանքը ներկայացնող ֆիլմը և հեղինակին ներկայացրեց Մանուշակ Ստեփանյանը՝ կարևորելով նման ֆիլմերի դերը։ Իր հերոսների մասին խոսեց նաև հեղինակը՝ տեղեկացնելով՝ ինչ դժվարությամբ են կայացել նկարահանումները ճակատային գծում, այլ վայրերում։ Սակայն նպատակին հասնելու համար պետք է անցնել բոլոր փորձությունների միջով։ Ս․ Թադևոսյանը նաև շնորհակալություն հայտնեց ներկաներին, իր թիմին, «Նարեկացի արվեստի միության» տնօրինությանը՝ մշտապես դահլիճը տրամադրելու համար, ինչպես նաև՝ իր հերոսներին, ովքեր սիրով են օժանդակել ֆիլմի կայացմանը։    

Զոհրաբ Ըռքոյան

1