Ընթացքի մեջ են միասնական քննությունները
Գլխավոր » Լրահոս » Ընթացքի մեջ են միասնական քննությունները

Ընթացքի մեջ են միասնական քննությունները

Հունիսի 7-ին մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը: Այս տարի բուհերի ընդունելության կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Այդ փոփոխությունների և քննաշրջանի կազմակերպման մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի հետ:

«ԱՀ պետական և ոչ պետական, ինչպես նաև ՀՀ պետական բուհերի ընդունելության կարգը» հաստատվել է ԱՀ կառավարության  2022թ. մարտի 21-ի Ն-287 որոշմամբ:

Խոսելով կատարված փոփոխությունների մասին՝ Յ. Քարամյանը նշեց, որ եթե նախորդ տարի քննությունները եղել են կենտրոնացված, ապա այս տարի քննությունները կենտրոնացված չեն:

«Կենտրոնացված քննություններն իրենցից ենթադրում էին Հայոց և օտար լեզուների բանավոր քննություններ, իսկ այս տարի միայն միասնական  քննություններ են՝ թեստային տարբերակով, և ներբուհական քննություններ, որոնք բուհերն են անցկացնում:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. նախկինում եղել են մրցութային քննություններ, որոնք նշված էին 2 աստղանիշով, և տվյալ մրցույթի համար դիմորդները կարող էին ներկայացնել տարեկան կամ պետական ավարտական քննությունների արդյունքները: Հիմա ընդունելության համար դիմորդը պարտադիր պետք է հանձնի միասնական, ներբուհական քննություններ. ատեստատից ոչ մի գնահատական չի տեղափոխվում»,-ասել է Յ. Քարամյանը:

ԳԹԿ տնօրենը, անդրադառնալով  մրցութային կարգին, նշել է.

«Սկզբից կազմվում են միայն 2 միասնական քննություններից դրական ստացած դիմորդների ցուցակը, որից հետո թափուր, վճարովի տեղերի համար՝ մյուս դիմորդներինը, որոնք ունեն տվյալ առարկայից 6-ից մինչև 7.25 միավոր: Բացի դրանից՝ մենք արդեն զորացրված զինծառայողներին արտոնություն ենք տրամադրում: Նրանք առանց մրցույթի են ընդունվում վճարովի համակարգում, այսինքն` եթե նշում են վճարովի համակարգը և ստանում դրական միավորներ, միանգամից ընդունվում են, առանց մրցույթի, սակայն իրենց միջև առավելությունը տրվում է այն զինծառայողներին, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել»:

Յ. Քարամյանը նշեց, որ քննություններն անցկացվում են 2 եղանակով՝ միասնական և ներբուհական: Միասնական քննություններն անց է կացնում ԳԹԿ-ն, իսկ ներբուհական քննությունները՝ տվյալ բուհը:

«Քննությունների անցկացման կարգում որևէ փոփոխություն չկա:

Դրական միավորի շեմը 7.25-ն է, սակայն տարբեր մասնագիտությունների գծով ընդունելության նվազագույն շեմը տարբեր է: Օրինակ՝ իրավագիտության համար նվազագույն շեմը  2 քննությունների գումարային արդյունքն է՝ 30.25: Որոշ առարկաների համար կա նաև պայմանական՝ 6-7.25 անցողիկ արդյունքներ: Այդ ցանկը հաստատված է կառավարության համապատասխան որոշմամբ:

Դիմորդն իրավունք ունի հավակնել միայն մեկ մասնագիտության կրթական ծրագրի: Դա նշանակում է, որ դիմորդը կարող է հայտ ներկայացնել ԱՀ-ում 3  բուհի մեկ մասնագիտական կրթական ծրագրի համար: Օրինակ, եթե դիմորդը ցանկանում է սովորել իրավագիտության բաժնում, նա կարող է առաջին հայտով նշել ԱրՊՀ-ն, հետո ԳՆՀ-ն, այնուհետև ՄՄՀ-ն, կամ՝ ինչպես որ կկամենա: Եթե դիմորդը ցանկանում է հետագայում լինել իրավագետ, մեզ համար չպետք է տարբերություն լինի, թե որ բուհն է ավարտում: Եթե տվյալ համալսարանները հավատարմագրված են, ապա նույն նմուշի դիպլոմ են ստանում: Ի տարբերություն ՀՀ-ի՝ արդեն 2 տարի է, ինչ այս փոփոխությունը մենք կիրառում ենք:

Նախկինում կարող էին դիմել մինչև 7 վճարովի և 2 անվճար մասնագիտությունների համար, սակայն այդ մոտեցումը ես սխալ եմ համարում: Սկզբից նշում են իրավագիտություն, վերջում՝ տարրական մանկավարժություն: Սա ի՞նչ է նշանակում. որ տարրական մանկավարժությունը նշել է ձևական, այսինքն՝ ամեն դեպքում համալսարան ընդունվելու համար: Հայոց պատմությունից և օտար լեզվից ցածր միավոր է ստանում, հայոց լեզվից՝ բարձր, և ինքնաբերաբար ընդունվում տարրական մանկավարժություն բաժինը՝ դուրս թողնելով որոշ դիմորդների, ովքեր ցանկություն ունեին սովորել այդ բաժնում: Թեև իրավագիտության համար դիմորդն ավելի բարձր է ստացել հայոց լեզուն, քան դիմորդը՝ տարրական մանկավարժության համար, և դուրս թողնելով նրան՝ զբաղեցրել այդ տեղը, ժամանակի ընթացքում հասկանում է, որ դա իրենը չէ և սկսում է մտածել տեղափոխվելու մասին: Մինչդեռ, այդ ցածր միավորով դիմորդը, որը նպատակ ուներ մանկավարժություն մասնագիտության մեջ խորանալու, հնարավոր է՝ հետագայում շատ ավելի լավ արդյունքներ գրանցեր, քան այն դիմորդը, որ դիմել էր իրավագիտության համար, սակայն հայտնվել է տարրական մանկավարժություն բաժնում»,-նշել է Յ. Քարամյանը:

Միասնական քննությունների առաջին փուլն այս տարի մեկնարկել է հունիսի 7-ին և ավարտվելու է հունիսի 24-ին: Հունիսի 7-ին անց է կացվել կենսաբանություն և աշխարհագրություն, հունիսի 10-ին օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունիսի 14-ին՝ հայոց լեզու և գրականություն, հունիս 17-ին՝ մաթեմատիկա, հունիսի 21-ին կանցկացվի ֆիզիկա և հայոց պատմություն, հունիսի 24-ին՝ քիմիա և ռուսաց լեզու առարկաների միասնական քննությունները:

Ինչպես ԳԹԿ տնօրենն է տեղեկացրել, քննության պատասխանները քննության օրը տեղադրվում են ԳԹԿ կայքում, իսկ արդյունքները հրապարակվում են քննության օրվան հաջորդող  5-րդ օրը:

Բողոքարկումը լինելու է հունիսի 24- 30-ը, այնուհետև՝ հուլիսի 1-9-ը լինելու է միասնական քննությունների 2-րդ փուլը:

Այս տարի դիմորդների թիվը 710 է, ովքեր ԱՀ, ՀՀ և ՌԴ բուհերի ընդունվողներն են: «Դիմորդների թիվն աճել է, ինչը պայմանավորված է  շրջանավարտների քանակի աճով: Առկա համակարգի համար հիմնական տոկոսային հարաբերակցությունը պահպանվում է 60-70 տոկոս, մնացածները մտածում են կամ հեռակայի մասին, կամ ուրիշ տեղ են դիմում»,- ասել է Յ. Քարամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր մասնագիտությունների համար դիմում-հայտերը կան, սակայն դիմորդները շարունակում են նախապատվությունը տալ  իրավագիտություն, ֆինանսներ, կառավարում մասնագիտություններին:

«Այս տարի բավականին շատ են հայտերը նաև հոգեբանություն մասնագիտության համար: Ինչպես միշտ, մեծ է քանակը նաև հայոց լեզու, անգլերեն առարկաներից: ՀՀ բուհերում սովորելու համար հիմնականում դիմում են տեղեկատվական անվտանգության և բժշկական մասնագիտությունների գծով: Ցավոք սրտի, նպատակային տեղեր ունենք ագրարային մասնագիտությունների գծով, սակայն դիմորդներ չունենք:

Քիմիա, ֆիզիկա առարկաներից, ինչպես միշտ, դիմորդների քանակը քիչ է: Այս տարի, ցավոք սրտի, նաև մաթեմատիկա առարկայի համար, համեմատած նախորդ տարիներին, քիչ են դիմորդները»,-ընգծել է Յ. Քարամյանը:

Կենսաբանություն առարկայից քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել 103, աշխարհագրությունից՝ 8 դիմորդ:

«Կենսաբանություն առարկայից, նախորդ տարվա համեմատ, այս տարի 0-7.25 միավոր ստացած դիմորդների  տոկոսային հարաբերությունը շատ քիչ է փոփոխվել, բայց 18-20 միավոր ստացողներինը նվազել է: Նախկինում եղել է 20 միավոր ստացող 2 դիմորդ, այս տարի ամենաբարձր միավորը 19.5 էր: Դրական միավոր ստացողների մոտ ևս փոփոխություն  չկա: Սա հետևանքն է մեզ հետ կատարված իրադարձությունների: Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքը մենք զգալու ենք այս տարի և առաջիկա մի քանի տարիներին, որովհետև բացակայելու են բազային գիտելիքները: Մեզ համար այս արդյունքներն սպասելի էին, սակայն եթե աշխատենք, կարող ենք լավ արդյունքներ ապահովել»,-ասել է Յ. Քարամյանը:   

Վահագն Խաչատրյան

1