Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների երեւանյան համաժողովը

Ծիծեռնակաբերդի բարձունք այցով է մեկնարկել Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների երեւանյան համաժողովը:
Համաժողովին Արցախի ներկայացուցիչ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանը խոսել է արցախահայության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից օտարերկրացի պատվիրակների մոտ իրավիճակի ավելի ճիշտ պատկեր ձեւավորելու համար:
Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Վ. Խաչատրյանի ելույթը:
«Հարգելի՛ ընկերներ,
ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ և ներկայացնում եմ մեր երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը։
Այսօր Արցախը պայքարում է իր անկախության համար, իսկ մեր ժողովուրդը պայքարում է մարդու հիմնարար իրավունքների` կյանքի, իր իսկ հայրենիքում ապրելու իրավունքի համար։
1988-ից հետո, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Արցախի ժողովուրդն ընտրեց ժողովրդավարության ուղին՝ հանրաքվե անցկացնելով և հռչակելով իր անկախությունը, որն էլ հանգեցրեց երեք դաժան պատերազմների՝ երկու կողմից ողբերգական կորուստներով։
Վերջին պատերազմը, որը կոչվում է քառասունչորսօրյա պատերազմ, տեղի ունեցավ 2020թ., որտեղ արցախցիները միայնակ մնացին թշնամու ագրեսիայի դեմ։ Հայ ժողովուրդը չտեսավ միջազգային հանրության առարկայական աջակցությունը, ինչի արդյունքում ագրեսորը հաղթեց պատերազմում։ Արցախը կորցրեց իր տարածքների յոթանասունհինգ տոկոսը, զոհվեց ավելի քան 5000 զինվոր և խաղաղ բնակիչ, իսկ երեսուն հազար քաղաքացիներ տեղահանվեցին և մնացին անօթևան։
Իհարկե, Թուրքիան ևս այս երեք պատերազմների ընթացքում օգնեց Ադրբեջանին։
Այսօր այստեղ ներկայացնում եմ իմ հերոս ժողովրդին և իմ երկիրը, որը դարձել է կղզի՝ շրջապատված թշնամիներով, բայց չի շեղվել անկախության ճանապարհից՝ շարունակելով պայքարել և հաղթահարել բոլոր դժվարությունները։
Արցախի անկախ հանրապետության ստեղծման տարիներին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը սկսեց իր գործունեությունը և դարձավ երկրի ամենաակտիվ երիտասարդական կազմակերպություններից մեկը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն Արցախում գործում է 1992-ից և շուրջ 30 տարի շարունակ Արցախի երիտասարդության շրջանում տարածում է ընկերվարական և ժողովրդավարական գաղափարներ: Միությունը գործում է Արցախի գրեթե բոլոր շրջաններում։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը մշտապես պայքարել է երկրում ի հայտ եկող սոցիալական անարդարությունների դեմ, աշխատել Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար, կազմակերպել հասարակական, քաղաքական,մշակութային և երիտասարդական միջոցառումներ և կյանքի կոչել բազում ծրագրեր։
2020թ. չարաբաստիկ պատերազմի ընթացքում ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ևս մարդկային կորուստներ է կրել։ Մեր ընկերները, թողնելով իրենց երեխաներին ու ընտանիքները, գնացին սահմանները պաշտպանելու, գնացին ու չեկան այլևս։ Մեր շատ ընկերներ կորցրին իրենց տները և ստիպված եղան գաղթելու Հայաստան։ Պատերազմի արդյունքում մենք կորցրինք մեր 2 մասնաճյուղերը Կովսականում և Վազգենաշենում։
Սակայն այս ցավի հետ մեկտեղ, պատերազմից հետո ՀՅԴ ԱԵՄ-ը սկսեց ավելի ուժեղանալ և համալրվել նոր անդամներով։ Այժմ մեր ամենամեծ նպատակն է՝ կազմակերպել սոցիալական և կրթական միջոցառումներ և ծրագրեր՝ օգնելու Արցախի երիտասարդներին հարստացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և հաղթահարել այսօր մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մենք օգնում ենք երիտասարդներին՝ հիմնել սեփական միկրոբիզնեսները և ստեղծել աշխատատեղեր:
Պատերազմի հետքերը արցախցի երեխաների մտքից մաքրելու համար մենք կազմակերպում ենք ամառային ճամբարներ, որոնք ուսումնական են, բայց նաև հնարավորություն են տալիս երիտասարդներին լավ ժամանակ անցկացնել և մոռանալ իրենց առօրյա խնդիրները՝ պատերազմն ու ագրեսիան: Մենք կարողացանք միջոցներ հայթայթել Արցախի երեխաների համար և Ամանորին նվերներ բաժանել 600 երեխայի:
Որպես Արցախում ապրող երիտասարդներ՝ մենք այս դժվարին պահերին միշտ եղել ենք մեր ժողովրդի կողքին։ Մենք պայքարում ենք սոցիալական արդարության, հավասարության և մեր ժողովրդի իրավունքների իրացման համար։ Այսօր, ներկա լինելով ՍՏԿ-ի տարեկան ժողովին, ես կցանկանայի, որ դուք բարձրաձայնեք մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների և մեր ժողովրդի՝ իր ապագան որոշելու իրավունքի՝ ինքնորոշման իրավունքի մասին։
Արցախը թեկուզ վիրավոր, բայց կա, Արցախի ժողովուրդը խոցված է, բայց հույսով լցված և պայքարի պատրաստ՝ հանուն իր ազատության ու իրավունքների պաշտպանության։ Մենք հավատում ենք, որ միջազգային հանրությունը մի օր կբացի իր աչքերն ու կընդունի նաև մեր ժողովրդին՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամների։
Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար և, օգտվելով առիթից, բոլորին հրավիրում եմ Արցախ՝ տեղում ծանոթանալու և սեփական աչքերով տեսնելու ստեղծված աղետալի կացությունն ու համոզվելու օր առաջ հարցին լուծում տալու անհրաժեշտության մեջ»։