Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների երեւանյան համաժողովը
Գլխավոր » Լրահոս » Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների երեւանյան համաժողովը

Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների երեւանյան համաժողովը

Ծիծեռնակաբերդի բարձունք այցով են սկսում Ընկերվար երիտասարդների միջազգային միության Սեւծովյան տարածաշրջանի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների երեւանյան համաժողովը: 


Համաժողովը հյուրընկալել է աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական այս կազմակերպության լիիրավ անդամ` ՀՅԴ երիտասարդականը: Երեւան եկածներին ողջունելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց՝ համաժողովն անցկացվում է Հայաստանի համար ծանր ու լարված պայմաններում. ընդամենը մի քանի օր առաջ է Ադրբեջանը հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: 
Համաժողովի քննարկման հիմնական թեման Սեւծովյան տարածաշրջանի երկրներում մարդու իրավունքների, դրանց ոտնահարման հետ կապված իրավիճակն է: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ պատմում է իր պետության խնդիրներից, մտքերի փոխանակում են անում՝ լուծումներ գտնելու համար: Համաժողովին Արցախի ներկայացուցիչը խոսում է արցախահայության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից՝ օտարերկրացի պատվիրակների մոտ իրավիճակի ավելի ճիշտ պատկեր ձեւավորելու համար: 
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմը, նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին հարձակումը Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը խստորեն դատապարտել է: Աջակցում է նաեւ Արցախի միջազգային ճանաչմանը: 
Մարդու իրավունքների ոտնահարման թեմայով պանելային քննարկմանը բանախոսները մասնակիցներին հանգամանալից ներկայացրին նաեւ Արցախի հարցի էությունը. այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէ: 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանին Թուրքիայի՝ զենքով ու վարձկան ահաբեկիչներով բացահայտ աջակցության վրա: 
Հայ ռազմագերիների, զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հանդեպ ադրբեջանցի զինծառայողների իրականացրած խոշտանգումների մասին պատմեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով դրանք ծնող գլխավոր պատճառը: 
Ագրեսոր Ադրբեջանի մասին այժմ ավելի քաջատեղյակ համաժողովի մասնակիցները օրվա ավարտին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում

yerkirmedia.am

1