«Ձիթենու ճյուղը որքան էլ դնես բորենու բերանը՝ խաղաղության աղավնի չի դառնա». Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ ավելի քան 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով մենք բանակցությունների մեջ ենք, սակայն փորձը ցույց է տվել, որ այդ բանակցություններն առայժմ անպտուղ են, և որևէ արդյունքի չենք հասել։
«Մենք մինչև 2016 թվականն այն կարծիքին էինք, որ պետք է խաղաղ գոյակցենք, հակամարտություն չլինի, բայց ականատես եղանք, որ 2016 թվականի ապրիլին ադրբեջանցին դիրքում գլխատեց հայ զինվորին։ Սա նշանակում է, որ նրանց քաղաքականությունը նույնն է, այն ցեղասպանական քաղաքականության ձեռագիրն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արզիկ Մխիթարյանը։
Ըստ պատգամավորի՝ ձիթենու ճյուղը որքան էլ դնես բորենու բերանը, այն խաղաղության աղավնի չի դառնա, նույնն էլ Ադրբեջանի դեպքում է։
«Մենք պետք է միշտ հիշենք, որ մեր հարևան էթնոսն ունի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականություն, և օր ու գիշեր զգաստ լինենք»,- շեշտեց Ա. Մխիթարյանը։
168.am