Դժվար ժամանակ եմ ստանձնել նախարարի պարտականությունները և իմ առջև խնդիր եմ դրել ոչ թե մտածել բարելավելու, այլ եղածը պահպանելու մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դժվար ժամանակ եմ ստանձնել նախարարի պարտականությունները և իմ առջև խնդիր եմ դրել ոչ թե մտածել բարելավելու, այլ եղածը պահպանելու մասին

Դժվար ժամանակ եմ ստանձնել նախարարի պարտականությունները և իմ առջև խնդիր եմ դրել ոչ թե մտածել բարելավելու, այլ եղածը պահպանելու մասին

Շրջափակման պայմաններում Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի խնդիրները, նախարարի պաշտոնավարման 100 օրը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿի գործունեությունը: Այս և այլ հարցերի շուրջ է «Ապառաժ»-ի հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի հետ:

-Ինչպե՞ս է առողջապահության համակարգը դիմակայում շրջափակման հետ կապված դժվարություններին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս նաև հումանիտար բեռների մատակարարման հետ կապված խնդիրներ կան:

-Նման իրավիճակներում ամենախոցելին դառնում է առողջապահության համակարգը, որովհետև միանգամից դադարեցնում ենք պլանային վիրահատությունները: Վիրահատությունների ժամանակ բավական մեծ թվով դեղորայք և բժշկական պարագաներ են օգտագործվում, դրա համար ստիպված պետք է դադարեցնես, որպեսզի սուղ պայմաններում ունեցածը ավելի երկար ժամանակով օգտագործելու հնարավորություն ունենաս: Իսկ պլանային վիրահատություններ չիրականացնելը կարող է որոշների մոտ հանգեցնել ավելի սուր վիճակի: Դա խնդիր է դառնում, որովհետև սուր վիճակում գտնվող հիվանդների վիրահատություններն իրականացնում ենք: Մյուս խնդիրը կապված է ՀՀ-ից ներմուծվող դեղամիջոցների ու բժշկական այլ պարագաների հետ, պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդանոցները հնարավորինս սեղմ օգտագործեն իրենց ունեցած դեղորայքը:

Ճանապարհի փակվելուց խնդիր է առաջանում դեղատներում հանրության համար նախատեսված դեղորայքի առումով: Ճիշտ է, դա մասնավոր սեկտորն է, բայց ամեն դեպքում առողջության հետ է կապված: Նախարարությունն աջակցում է, որպեսզի դեղատներին անհրաժեշտ վաճառքի դեղորայքը Գորիսից Ստեփանակերտ անվճար տեղափոխվի: Դրա համար է հարց առաջանում, որ դեղերը պետք է էժանանան, բայց իրականում դեղերի գների աննախադեպ բարձրացում չկա: Բնականաբար, երբ ճանապարհը փակվում է, մարդկանց մոտ խուճապ է առաջանում ու փորձում են ավելի շատ դեղորայք ունենալ, պահեստավորել, քան իրականում անհրաժեշտ է: Նույնը նաև սննդի պարագայում: Սա է մեր հիմնական խնդիրը: Նաև հոգեբանական ճգնաժամ են ունենում մարդիկ, որը տարածվում է բոլորի՝ բժիշկների, այդ թվում հոգեբանների վրա:

— Երևանում բուժում ստանալու համար հերթագրված  ծանր հիվանդների համար արդյո՞ք հնարավոր է տեղում վիրահատություն անցկացնել, բուժում ապահովել: Քանի՞ հոգի է սպասում ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվելուն:

-Հունիսի 22-ի դրությամբ 190 հոգի սպասում է տեղափոխման՝ ՀՀ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնելու կամ բուժումը կազմակերպելու համար: Այդ թիվն օրեցօր աճում է: Հունիսի 15-ին, երբ արգելվեցին հումանիտար հիվանդների տեղափոխումը, ու մեր կողմից Կարմիր խաչի մեքենաները համարյա հասել էին Հակարիի կամուրջ, մեքենաներում գտնվող հիվանդների վիճակը վատթարացավ: Սակայն, երբ այլևս այլ ընտրություն չկա ու միջամտության անհրաժեշտություն կա, այստեղ անում են:

Գաղտնիք չէ, որ շատ հիվանդներ նախընտրում են իրենց հետազոտությունն ու բուժումը կազմակերպել ՀՀ-ում: Մենք ամեն ինչ անում ենք այս օրերին դա կանխարգելելու համար, բայց հատկապես ուռուցքային հիվանդություններ ունեցողների տեղափոխմանը չենք առարկում: Նույնիսկ եթե այստեղ էլ կարող է բուժում ստանալ, բայց հիվանդը ցանկություն է հայտնում անպայման Երևանում անել, չենք խոչընդոտում: Անգամ եթե կարող են բուժումն այստեղ կազմակերպել, բայց ուզում են մեկնել Երևան և պլանային ժամկետով սպասում են, առարկելու տեղ չեմ տեսնում: Բնականաբար, Երևանում բուժումը և հետազոտությունը շատ ավելի պատշաճ կարող են լինել, քան Արցախում այս իրավիճակում:

-Ի՞նչ պայմաններում են աշխատում բուժհաստատությունները, հատկապես շրջաններում՝ վառելիքի, դեղերի սղության ֆոնին:

-Ամեն ինչ իդեալական չէ, բայց փորձում ենք օգնել և՛ դիզվառելիքի, և՛ բենզինի ձեռքբերման  հարցում: Կառավարությունը թույլտվություն է տվել հսկելու վառելիքի խնայողաբար օգտագործումը, բայց հնարավորություն ունենք անհրաժեշտ քանակի դիզվառելիք ու բենզին ստանալու: Դեղերի առումով կա նվազագույն պահեստավորած քանակ, որն առաջիկա շաբաթներին բավարար կլինի:

-Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք այս իրավիճակում կարող են իրենց պահեստներից դեղամիջոցներ ու այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել նախարարությանը:

— Նման առաջարկ նրանց կողմից չենք ստացել: Մենք ունենք համեմատաբար բավարար քանակի պահեստավորած ապրանքներ, սակայն օր օրի մեր ունեցածն էլ է սղանում:

-Դուք բավականին ծանր ժամանակներում եք ստանձնել նախարարի պաշտոնը, ի՞նչ խնդիրներ եք Ձեզ համար առանձնացրել, և արդյո՞ք հաջողվել է դրանք այս պայմաններում իրագործել:

-Իրականում, իրոք, դժվար ժամանակ եմ ստանձնել պարտականությունները և ես իմ առջև խնդիր եմ դրել ոչ թե մտածել բարելավելու, այլ եղածը պահպանելու մասին: Չէի ասի, թե իմ ուզածի նման է ստացվում, բայց ամեն դեպքում կատարված աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են: Ավաղ, նեղ մասնագետների, բժիշկների առումով շարքերը նոսրանում են, և ավելի մեծ կախվածության մեջ ենք գտնվում ՀՀ բժշկական հաստատություններից: Տվյալ պահին, երբ ճանապարհը փակ է, ոչ ոք չի գնում, բայց երբ ճանապարհը բացվում է, կա հնարավորություն, տարբեր պատրվակներով (առողջական խնդիրներ, արձակուրդ) բժիշկները հեռանում են Արցախից: Չես էլ կարող արգելել արձակուրդ վերցնել:

Խնդիրը նաև այն է, որ Բժշկական համալսարանն ավարտած Արցախի երիտասարդները կարծես թե ցանկություն չունեն վերադառնալու: Եթե անվճար պետության հաշվին սովորած մասնագետը չի ուզում այստեղ աշխատել, ինչո՞ւ ենք ակնկալում, որ այլ տեղերից պիտի ցանկություն հայտնեն գալու: Մարդիկ չեն ցանկանում այստեղ աշխատել՝ մեկնաբանելով անվտանգության, ՀՀ երթևեկի հետ կապված խնդիրները:

-Ավանդույթ է, որ նախարարներն ամփոփում են պաշտոնավարման առաջին 100 օրը: Ի՞նչ կարող եք առանձնացել այդ ժամանակահատվածից:

-Իրականում հաջողելու կամ հպարտանալու շատ բան չունենք, որովհետև այս 100 օրերի ընթացքում անում եմ ամեն ինչ, որպեսզի իրավիճակին համապատասխան մեր ծառայությունները շարունակեն գործել: Մենք նոր բաներ չենք ձեռնարկել ու տվյալ պահին պլաններում չունենք, դրա համար չեմ կարող ասել, որ զեկուցելու տեղեկություն ունենք այս խառը օրերի ընթացքում: Բայց բավական ծանր է աշխատանքը, որովհետև ամեն օր 12 ժամ աշխատում ես ու արդյունքում շատ պրիմիտիվ հարցեր լուծում՝ մարդկանց տեղափոխումը Գորիս, Գորիսից Արցախ կամ լուծում ես դիզվառելիքի հարցը, որպեսզի էլեկտրականություն արտադրող գեներատորները անխափան աշխատեն, հիվանդանոցների լույսն ու ջերմությունը ապահովվի: Ամբողջ օրը այս հարցերով ենք զբաղվում, դրա համար չեմ կարծում, որ այսօր հնարավորություն ունեմ որևէ այլ ծրագրով զբաղվելու:

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿի տնօրենի պաշտոնում տարիների ընթացքում կապեր եք հաստատել տարբեր երկրների կոնգրեսականների, այլ պաշտոնյանների հետ: Որպես նախարար արդյո՞ք կապ եք պահում այդ պաշտոնյաների հետ և արդյո՞ք դրանք կարող են օգտակար լինել այս օրերին Արցախի համար:

— Նրանք ինտենսիվ աշխատում են մեր իրավիճակը շտկելու համար: Բոլորն էլ ծանոթ են հատկապես բարոնուհի Քերոլայն Քոքսի գործունեությանը, այս իրավիճակի հետ կապված հայ ժողովրդին, արցախցիներին ուղղված իր ուղերձներին:

-Վերականգնողական կենտրոնը բավականին կայացել է Ձեր պաշտոնավարման տարիներին, արդյո՞ք հիմա կենտրոնի աշխատանքը չի տուժի:

-Ուրախ եմ, որ կայացած վերականգնողական կենտրոն ունենք և ափսոսում եմ, որ այդքան կարևոր կառույցը իր արժանի ուշադրությունը չստացավ հենց առողջապահության նախարարության կողմից անցած 24 տարիների ընթացքում: Ինձ 20 տարի առաջ խոստանում էին նոր շենք, որի խոստումը մնաց անկատար: Բայց ամեն ինչ արեցի, որ գոնե փտած շենքում ունենանք առավելագույն հնարավոր լավ ծառայություններ: Հիմա ինձ փոխարինում է Արցախում միակ վերականգնողաբան բժիշկը՝ Գոհար Խաչատրյանը: Նա հանդիսանում է տնօրենի պաշտոնակատար, և Վերականգնողական կենտրոնում աշխատանքներն ընթանում են սահուն, առանց նախկին տնօրենի ոչ մի դժվարություն չկա ու չէր էլ կարող լինել, որովհետև թիմը շատ արհեստավարժ է: Ես էլ ամեն օր ճաշի ժամին, հանգստյան օրերին գնում եմ, այնպես որ խնդիր ունենալու դեպքում իրենց հետ եմ: Ճիշտ է, փորձում եմ շատ չմիջամտել, որ իրենց հարցերը ինքնուրույն լուծեն, բայց իմ ուշադրության կենտրում է կառույցը: Դրա համար չեմ կարծում, թե աշխատանքի վրա խիստ ազդեցություն կունենա նախկին տնօրենի՝ նախարարություն տեղափոխվելը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

Հ.Գ.

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, հունիսի 24-ին ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:

Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված էր Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։

Հունիսի 25-ից վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ։

1