Դժվար է առանց սիրո ապրելը, լինի հայրենիքում, թե՝ հայրենիքից դուրս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դժվար է առանց սիրո ապրելը, լինի հայրենիքում, թե՝ հայրենիքից դուրս

Դժվար է առանց սիրո ապրելը, լինի հայրենիքում, թե՝ հայրենիքից դուրս

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնունդով Արցախից է, ապրում և գործունեություն է ծավալում հայրենիքից դուրս։ Բանաստեղծի հետ զրույցը ժամանակակից հայ գրականության ուղղությունների, նրա ստեղծագործությունների ասելիքի և այլ հարցերի  շուրջ է։

— Դուք ապրում եք հայրենիքից դուրս, բայց դա չի խանգարում Ձեզ լինել հայ ժողովրդի կողքին։ Որպես բանաստեղծ` օտարության մեջ ի՞նչ խնդիրների եք բախվում և ինչպե՞ս եք հաղթահարում դրանք։

— Իմ պատկերացմամբ ՝ մարդիկ աշխարհի բոլոր կողմերում էլ նույնն են, նույնն են հաջողություններն ու անհաջողությունները, ապրում-սիրում են, հիասթափվում, նորից են հավատում։ Առանց հավատի դժվար է մարդուն ապրելը, դժվար է առանց սիրո ապրելը, լինի հայրենիքում, թե՝ հայրենիքից դուրս։

-Վերջին երկու տարում Հայաստանում և Արցախում ասպարեզ են եկել երիտասարդ շատ գրողներ, որոնց ստեղծագործության հիմնական թեման պատերազմն է և նրա ծանր հետևանքները։ Եթե համեմատեք նրանց և Ձեր սերնդի ստեղծագործողներին, ի՞նչ տարբերություններ կնշեք։ Երիտասարդ ստեղծագործողների կողմից կա՞ն բացթողումներ։

-Ես,  ցավոք, բոլորին չէ, որ գիտեմ։

Իմ պատկերացմամբ հայ գրական երիտասարդ սերունդը առավել տեղյակ է համաշխարհային գրական անցուդարձին, առավել չափով ազնիվ է, քան իմ, կամ՝ ավագ սերունդն էր։

-Ձեր հարցազրույցներից մեկում դուք նշել եք, որ մեր օրերում գրականության բովանդակությունը հազարերորդ տեղում է, և ճանաչում են այն մարդկանց, որոնց գովազդում են։ Ձեր կարծիքով, ո՞ր դեպքում կարող է տեղի ունենալ հակառակ պրոցեսը։ Ե՞րբ բովանդակային և արժանի գործը վեր կդասվի անբովանդակային և թույլ գործից։

-Երևի մի քիչ այլ կերպ եմ ասել, կամ ՝ այլ համատեքստում։ Ասածս այն էր, որ բանաստեղծությունն էլ «մթերք» է, ինչքան նրա մասին խոսում, գովազդում են, այնքան այն շատ է ճանաչելի դառնում։

Գրողն այդ մթերքի հեղինակն է։ Նրա տողի ճանաչումը սկսվում է դպրոցի ուսուցչից, համալսարանի դասախոսից, գրականագետից, գրողական աշխարհի մարդկանցից։  Ինքներս պետք է կարողանանք լինել բարձր՝ նեղ, անձնական, կոնյուկտուրային խնդիրներից ու գրողին գնահատել ո՛չ թե նրա ով լինելով, այլ ՝ գրած տողով։

Այսինքն՝ քո ասած «ե՞րբ»-ի հասցեատերը ես եմ, դու ես, մեր ընկերներն են։

-Ձեր ստեղծագործությունները կշռույթային չեն և, թույլ տվեք Վարուժանի եզրույթաբառը գործածել, ազատաչափով են։ Նախասիրությո՞ւն է, թե՞…։ Ավելին, ո՞րն է պատճառը, որ դուք չեք կետադրում ձեր բանաստեղծությունները։

-Բանաստեղծությունը նախ և առաջ տեքստ է, կենդանի օրգանիզմ։ Բառը, տողն էլ պիտի որ կենդանի լինեն, ոչ ստատիկ ու ոչ միանշանակ։ Ասելիքը նաև ձևի մեջ է, ձևը նաև ասելիք է։

Ես խոսում եմ բառի առոգանության մասին, յուրաքանչյուր խոսույթի ձևում այն կարող է տարբեր իմաստներ ունենալ։ Չկետադրված տողի հետ ընթերցողը կարող է երկխոսել, բերել իր պատկերացումը, անգամ համահեղինակ դառնալ։

-Ձեր բանաստեղծություններից մեկում դուք գրել եք, որ չեք հասցնում ապրել, և անտանելի երկար է ժամանակը։ Հիմա՞ էլ եք նույնը զգում։

-Այս կյանքն ապրելու համար է։ Եթե անգամ ցավով, անհաջողություններով, հիասթափությամբ։ Միևնույնն է՝ ապրելու համար է։ Ինչ եղել է մեզանից առաջ, և ինչ լինելու է մեզանից հետո, մերը չէ։ Մերը այս պահն է, երբ միլիարդավոր մարդկանցով պտտվում ենք այս մոլորակի հետ։ Մենք այդ միլիարդ մարդկանց մասին, ովքեր մեզ հետ են ապրում նույն մոլորակի վրա, ոչինչ չգիտենք, համարյա ոչինչ չգիտենք։

Յուրաքանչյուրս ունենք մեր ներքին աշխարհն ու ապրելու ռիթմը։

Ես անընդհատ փնտրում եմ հեռակա երկխոսության եզրեր այս երկրի վրա ապրող մարդկանց հետ, ես անընդհատ փնտրում եմ իմ ներքին ժամանակը։

-«Սիրելու համար պիտի պատճառ ունենաս» գրել էիք Ձեր գրքում։ Իսկ դուք ունե՞ք պատճառ։ Եթե այո, ուրեմն՝ ո՞րն է այն։

— Տխուր հարց էր, պիտի որ այդ պատճառը լինի, եթե անգամ արդեն չկա։ Առանց դրա դժվար է ապրելը։

-Ի՞նչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր դեռ առաջին քայլերն են անում գրականության ասպարեզում։

— Շատ կարդալ, ամեն ինչ չկարդալ:

-Մի վերջին հարց՝ պոեզիայի Ձեր գույները։

— Այս աշխարհի բոլոր գույները պոեզիա են, իրար հետ ՝ բարձրարժեք պոեզիա, եթե կարողացար տեսնել։

Զրուցեց՝ Աննա Հայրապետյանը

1