Ձգտում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել․ արցախցի ֆլորիստ
Գլխավոր » Լրահոս » Ձգտում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել․ արցախցի ֆլորիստ

Ձգտում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել․ արցախցի ֆլորիստ

Երբ առաջին անգամ հանդիպեցի արցախցի Ասյային, իմ ուշադրությունն անմիջապես գրավեցին նրա բարի ու ժպտուն աչքերը։ Քիչ հետո պարզվեց, որ նա նաև մեծ հոգու տեր է։ Ներքուստ ուրախացա, որ մեր աղջիկներն այդքան լավն են ու պատրաստակամ․․․

Ասյա Բաբայանը տարիներ առաջ է սկսել զբաղվել ֆլորիստիկայով։ Մինչ այդ տարբեր ոլորտներում էր փորձում իր ուժերը, սակայն ֆլորիստիկան՝ իր բոլոր նրբություններով ու գաղտնիքներով, լիովին գրավեց աղջկան։

Ասյան պատմում է, որ իր առաջին փունջը մանդարինից է պատրաստել, և այդ մտահղացումը շատ է դուր եկել ընկերներին ու հարազատներին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ ֆեյսբուքյան էջ է բացել՝ այն անվանելով <<Букет со вкусом>>։ Նրա յուրահատուկ փնջերն անմիջապես գրավել են մարդկանց ուշադրությունը։ Ասյան իր փնջերի մեջ հավաքում էր քաղցրավենիքներ, մրգեր ու այլ ուտելիքներ, արդյունքում ստացվում էր զարմանահրաշ աշխատանք, որի կողքով անտարբեր անցել չես կարող։ Ինչպես ինքն է ասում՝ բացի ծաղիկներից ամեն ինչով փնջեր է պատրաստում և ամենակարևորը՝ կարողանում է ժպիտներ պարգևել մարդկանց։

-Ժպիտը պարգև է Աստծուց, որը տալով դիմացինին, ստանում ես նաև ինքդ։ Ես ուզում եմ, որ իմ շրջապատում բոլորն ուրախ և երջանիկ լինեն, ու այսօր այդ ժպիտները մեզ ավելի շատ են հարկավոր։ Իմ պատրաստած փնջերով ցանկանում եմ բարձրացնել մարդկանց տրամադրությունը ու նրանց սեր  փոխանցել։

Անգամ, երբ Արցախը շրջափակված էր ու ամեն ինչի պակաս կար, ես շարունակում էի փնջեր պատրաստել, որոնք հիմնականում կենցաղային ապրանքներից էի հավաքում։ Պահանջարկը շատ մեծ էր։ Ես ուրախանում էի, որ կարողանում էի իմ մտահղացումներով մարդկանց հոգսերը թեթևացնել․․․

Արցախից տեղահանվելուց հետո Ասյան շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ ձգտելով մարդկանց նվիրել դրական էմոցիաներ

-Միշտ ձգտում եմ մարդկանց նվիրել հետաքրքիր մի բան, որը երկար կհիշվի։ Ամեն մի փունջ հավաքելիս աշխատում եմ այն մատուցել նրբորեն, և որպեսզի պատվիրատուներս գոհ մնան նախօրոք խորհրդակցում եմ յուրաքանչյուրի հետ։

Համագործակցում եմ նաև տարբեր բրենդների հետ և իրենց արտադրանքներով փնջեր եմ պատրաստում։ Իմ փնջերից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունն ու պատմությունն ունի։ Աշխատելու ընթացքում ես կտրվում եմ ամեն ինչից, մնում ինքս ինձ հետ։ Փորձում եմ իմ փնջերի միջոցով մարդկանց ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ունես նպատակ ու աշխատասիրություն։ Ամեն օր մի նոր բան եմ սովորում ու կարծում եմ՝ գիտելիքով զինված մարդը միշտ կարող է հասնել ամենադժվար թվացող բարձունքներին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1