Ձեռքբերումների հետ մեկտեղ՝ անցած ուսումնական տարին Արցախի պետական համալսարանին մի շարք խնդիրներ է առաջադրել
Գլխավոր » Երիտասարդական » Ձեռքբերումների հետ մեկտեղ՝ անցած ուսումնական տարին Արցախի պետական համալսարանին մի շարք խնդիրներ է առաջադրել

Ձեռքբերումների հետ մեկտեղ՝ անցած ուսումնական տարին Արցախի պետական համալսարանին մի շարք խնդիրներ է առաջադրել

Արցախի պետական համալսարանը օպտիմալացման խիստ կարիք ունի: Այսօր կայացած՝ ԱրՊՀ խորհրդի նիստում այս մասին ասել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով  Արցախի  մայր  բուհի 2018-2019 ուսումնական տարվա  գործունեության հաշվետվությունը:

Նախորդ ուսումնականում արձանագրված ձեռքբերումներին և իրականացված մեծածավալ  աշխատանքներին զուգահեռ, ըստ ռեկտոր Ա. Սարգսյանի,   համալսարանում լուծման կարիք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված մի շարք խնդիրներ:  Այս համատեքստում,  Արցախի Մայր բուհի ղեկավարն  ավելորդ  շռայլություն է համարել  2400-2500 ուսանող  ունեցող համալսարանում 4 պրոռեկտորի, 5 ֆակուլտետի, 16 ամբիոնի, 14 բաժնի ու կենտրոնի, 377 հիմնական, ինչպես նաև՝ ժամավճարային հիմունքերով  145 դասախոսների առկայությունը:   

Ռեկտոր  Սարգսյանի խոսքով՝ օբյեկտիվ խնդիրների շարքից են՝ մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերի  ու մեխանիզմների բարելավումը, կրթության և տնտեսության միջև թույլ կապը և սոցիալական գործընկերության մեխանիզմների ոչ բավարար լինելը:  Բացի այդ, ինչպես նշել է Արցախի պետհամալսարանի ռեկտորը, սահմանափակ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս լուրջ ներդրումներ կատարել գիտության զարգացման, դասախոսների վերապատրաստման, համալսարանի տեխնիկական հագեցվածության մակարդակում թռիչք ապահովելու, հրատապ այլ խնդիրներ լուծելու համար:

Անդրադառնալով ուսումնական գործընթացի մյուս խնդիրներին՝ Ա. Սարգսյանն ընդգծել է, որ դեռևս շարունակվում է շրջանավարտների սոսկ տեսական պատրաստվածությունը՝ առանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ կիրառական կարողությունների ու հմտությունների:  Ա. Սարգսյանի կարծիքով՝  կրթության կառավարման բոլոր մակարդակներում առկա է կառավարչական կարողությունների և կառավարման արդյունավետ մեխանիզմների ոչ պատշաճ ձևավորվածություն: ԱրՊՀ   ռեկտորի՝ 2018-2019 ուստարվա հաշվետվության համաձայն,  համալսարանի պատմության մեջ նորություն էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի ուղղությամբ նախապատրաստական լուրջ աշխատանքները են կատարվել: Արդյունքում, 2019թ. հոկտեմբերի 16-ին ԱրՊՀ-ն հավատարմագրման դիմում-հայտ է ներկայացրել ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի մայր բուհի  բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2066, մագիստրանտներինը՝ 353, իսկ ասպիրանտներինը՝ 8:    Միաժամանակ, անցած ուստարում ԱրՊՀ-ն ունեցել է բակալավրիատի 527,  մագիստրատուրայի 162 , ասպիրանտուրայի  3 շրջանավարտ:

Միջբուհական համագործակցության ասպարեզում 2018-2019-ը նշանավորվել է Բեյրութի Հայկազյան համալսարանի, Ռյազանի ինստիտուտի /Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղ/ հետ համագործակցության պայմանագրերի կնքումով: Ընդհանուր առմամբ, առ այսօր ԱրՊՀ-ն նման պայմանագրեր ունի 47 բուհերի, գիտական և այլ կառույցների հետ:

Անդրադառնալով ֆինանսաբյուջետային գործունեությանը, ռեկտորը տեղեկացրել է, որ  մասնավորապես 2020թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվը կազմում է 1034,0 մլն դրամ՝ նախորդ տարվա 1026,8 մլն դիմաց: Նախահաշվի 580 մլն դրամը նախատեսվող սեփական, իսկ 454 մլն-ը պետբյուջեի հաշվին ստացվող եկամուտներն են:

Ռեկտորի հաշվետվության վերաբերյալ կարծիքներ փոխանակեցին ֆակուլտետների դեկանները՝ բավարար գնահատելով կատարված աշխատանքը: Ֆինանսական տարվա մասին գլխավոր հաշվապահի հաշվետվությունից և կատարած աշխատանքների վերաբերյալ ուսխորհրդի նախագահի զեկույցից հետո, բուհի  խորհրդի նիստի մասնակիցները միաձայն բավարար են գնահատել ԱրՊՀ 2018-2019 ուստարվա գործունեության հաշվետվությունը:    

Նշենք որ ԱրՊՀ խորհրդի նիստը նախագահում էր պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Վան Նովիկով

1