Ձեռքբերումների հետ մեկտեղ՝ անցած ուսումնական տարին Արցախի պետական համալսարանին մի շարք խնդիրներ է առաջադրել
Արցախի պետական համալսարանը օպտիմալացման խիստ կարիք ունի: Այսօր կայացած՝ ԱրՊՀ խորհրդի նիստում այս մասին ասել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով Արցախի մայր բուհի 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը:
Նախորդ ուսումնականում արձանագրված ձեռքբերումներին և իրականացված մեծածավալ աշխատանքներին զուգահեռ, ըստ ռեկտոր Ա. Սարգսյանի, համալսարանում լուծման կարիք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված մի շարք խնդիրներ: Այս համատեքստում, Արցախի Մայր բուհի ղեկավարն ավելորդ շռայլություն է համարել 2400-2500 ուսանող ունեցող համալսարանում 4 պրոռեկտորի, 5 ֆակուլտետի, 16 ամբիոնի, 14 բաժնի ու կենտրոնի, 377 հիմնական, ինչպես նաև՝ ժամավճարային հիմունքերով 145 դասախոսների առկայությունը:
Ռեկտոր Սարգսյանի խոսքով՝ օբյեկտիվ խնդիրների շարքից են՝ մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերի ու մեխանիզմների բարելավումը, կրթության և տնտեսության միջև թույլ կապը և սոցիալական գործընկերության մեխանիզմների ոչ բավարար լինելը: Բացի այդ, ինչպես նշել է Արցախի պետհամալսարանի ռեկտորը, սահմանափակ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս լուրջ ներդրումներ կատարել գիտության զարգացման, դասախոսների վերապատրաստման, համալսարանի տեխնիկական հագեցվածության մակարդակում թռիչք ապահովելու, հրատապ այլ խնդիրներ լուծելու համար:
Անդրադառնալով ուսումնական գործընթացի մյուս խնդիրներին՝ Ա. Սարգսյանն ընդգծել է, որ դեռևս շարունակվում է շրջանավարտների սոսկ տեսական պատրաստվածությունը՝ առանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ կիրառական կարողությունների ու հմտությունների: Ա. Սարգսյանի կարծիքով՝ կրթության կառավարման բոլոր մակարդակներում առկա է կառավարչական կարողությունների և կառավարման արդյունավետ մեխանիզմների ոչ պատշաճ ձևավորվածություն: ԱրՊՀ ռեկտորի՝ 2018-2019 ուստարվա հաշվետվության համաձայն, համալսարանի պատմության մեջ նորություն էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի ուղղությամբ նախապատրաստական լուրջ աշխատանքները են կատարվել: Արդյունքում, 2019թ. հոկտեմբերի 16-ին ԱրՊՀ-ն հավատարմագրման դիմում-հայտ է ներկայացրել ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի մայր բուհի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2066, մագիստրանտներինը՝ 353, իսկ ասպիրանտներինը՝ 8: Միաժամանակ, անցած ուստարում ԱրՊՀ-ն ունեցել է բակալավրիատի 527, մագիստրատուրայի 162 , ասպիրանտուրայի 3 շրջանավարտ:
Միջբուհական համագործակցության ասպարեզում 2018-2019-ը նշանավորվել է Բեյրութի Հայկազյան համալսարանի, Ռյազանի ինստիտուտի /Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղ/ հետ համագործակցության պայմանագրերի կնքումով: Ընդհանուր առմամբ, առ այսօր ԱրՊՀ-ն նման պայմանագրեր ունի 47 բուհերի, գիտական և այլ կառույցների հետ:
Անդրադառնալով ֆինանսաբյուջետային գործունեությանը, ռեկտորը տեղեկացրել է, որ մասնավորապես 2020թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվը կազմում է 1034,0 մլն դրամ՝ նախորդ տարվա 1026,8 մլն դիմաց: Նախահաշվի 580 մլն դրամը նախատեսվող սեփական, իսկ 454 մլն-ը պետբյուջեի հաշվին ստացվող եկամուտներն են:
Ռեկտորի հաշվետվության վերաբերյալ կարծիքներ փոխանակեցին ֆակուլտետների դեկանները՝ բավարար գնահատելով կատարված աշխատանքը: Ֆինանսական տարվա մասին գլխավոր հաշվապահի հաշվետվությունից և կատարած աշխատանքների վերաբերյալ ուսխորհրդի նախագահի զեկույցից հետո, բուհի խորհրդի նիստի մասնակիցները միաձայն բավարար են գնահատել ԱրՊՀ 2018-2019 ուստարվա գործունեության հաշվետվությունը:
Նշենք որ ԱրՊՀ խորհրդի նիստը նախագահում էր պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Վան Նովիկով