Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք
Գլխավոր » Լրահոս » Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք

Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք

Ձեր գործը կրկնակի, եռակի դժվարացել է, որովհետև եթե առաջ թե ՀՀ, թե ԱՀ արտգործնախարարությունները և Հայ դատի հանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տված, ապա հիմա դուք պետք է աշխատեք և Հայ դատի, և իրենց փոխարեն: Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գիտե՞ք՝ ինչով է զբաղված և շատ անգամ պետական տեսակետը և մեր ազգային նպատակները չեն համընկնում: Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի և ՀՀ արտգործնախարարությունների միջև խզում կա: Դուք պետք է իրականությունն իմանաք: Ցանկացած հիվանդություն հնարավոր է բուժել միայն այն դեպքում, եթե ճիշտ ախտորոշում ես անում»,- ասել է Արթուր Մոսիյանը:

Նրա խոսքով՝ խորհրդաժողովը լավագույն հարթակն է Արցախի ներկայացուցչությունների և Հայ դատի հանձնախմբերի համագործակցության հարցը բարձրացնելու, այդ առումով ԱՀ ԱԳՆ ակնկալիքները հասկանալու համար:

Արթուր Մոսիյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին դժվար աշխատանք է սպասվում: «Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև մենք ներսում եղածը մաքրենք, հակահայկական տարրերից կարողանանք ազատվել, այն ժամանակ մենք միասին հաղթանակներ կտոնենք, մինչև այդ պիտի մաքառենք, պայքարենք, ինչքան հնարավոր է»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

1