«Դրօշակ»ի Առաջնորդող. Մեր լինելիության ընտրությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » «Դրօշակ»ի Առաջնորդող. Մեր լինելիության ընտրությունը

«Դրօշակ»ի Առաջնորդող. Մեր լինելիության ընտրությունը

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին սույն թվականի ապրիլի 25-ի տեսաուղերձով Նիկոլ Փաշինյանը կարծես թե վերջ դրեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների կայանալ-չկայանալու վերաբերյալ խոսակցություններին:

Չբացառելով քաղաքականության անկանխատեսելիությունը, մանավանդ մեզանում և մեր օրերում, այնուամենայնիվ ցանկանում ենք հավատալ, որ ընտրությունների անցկացման որոշումը որևէ պատճառով կամ պատճառաբանությամբ չի բեկանվի, և մեր ասելիքը բխեցնում ենք այս իրողությունից:

Հայաստանում, Արցախում և առհասարակ հայության կյանքում ներկայումս տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում, մեր հայրենիքի առջև ծառացած ազգային ու պետական մարտահրավերներին հանդիման ինչպիսի՞ ընտրություն պետք է կատարի հայաստանցի ընտրողը:

Ակնհայտ է, որ սա հերթական ընտրություն չի լինելու, այլ քաղաքական աննախադեպ գործընթաց, որի ժամանակ, ըստ էության, տեղի է ունենալու կողմնորոշում երկու քաղաքական հոսանքների միջև, որոնց այս պահին կանվանենք Նիկոլ և հականիկոլ այլընտրանք:

Թե Հայաստանը ինչ հեռանկար կունենա Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման դեպքում, անաչառորեն քննելու համար պարտավորված ենք զգում մի կողմ դնելու մեր անձնական վերաբերմունքը, ինչպես և չանդրադառնալու այն բազմաթիվ մեղադրանքներին, որոնք որքան էլ փաստարկված թվան, այսօր դեռևս իրավականորեն չապացուցված վարկածներ են: Ավելին` ցանկանում ենք հարցերին անդրադառնալ հատկապես հասարակության այն հատվածի հետաքրքրությունների տեսանկյունից, որը համոզված է, որ հենց գործող վարչապետն է այն մարդը, որը կարող է երկիրը դուրս բերել ներկայիս համընդհանուր ճգնաժամից, լուծել նրա անվտանգության խնդիրները և հայկական երկու պետությունները դուրս բերել խաղաղ ու սահուն զարգացման մայրուղի:

Մեր ասելիքը սկսենք ամենացավոտ ու այս պահի ամենակենսական խնդիրներից: Այդ խնդիրներից է Արցախի հայկական լինել-չլինելը` նկատի ունենալով հատկապես անվտանգության, տարածքի և կարգավիճակի հարցերը: Անվտանգությանը և սահմաններին վերաբերող հարցերի այս բլոկի մեջ ներառենք նաև Հայաստանի սահմանների խնդիրը, ադրբեջանաթուրքական տանդեմին այս կամ այն կարգավիճակով Զանգեզուրի տարածքով ճանապարհ կամ ճանապարհներ տրամադրելու հարցը և բուն Հայաստանի հանրապետության տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու առավելապաշտական հավակնությունները:

Մեր դատողությունները կառուցելով միայն փաստերի հիման վրա` արձանագրենք, որ պատերազմում կրած ծանր և ջախջախիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը` որպես երկրի ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար, կորցրել է ամուր դիրքերից բանակցություններ վարելու կարողությունը: Ավելի շուտ` նա ոչ թե որպես բանակցությունների լիարժեք կողմ է հանդես գալիս, այլ մասնակցում է դրանց` իր պահանջների իրավունքը լրիվ հանձնած ռուսական կողմին և պատրաստ ստորագրելու ցանկացած փաստաթուղթ՝ անկախ նրանից` հայության սպասումները դրանում արտացոլված են, թե ոչ:

Ասվածի ամենավառ վկայությունն այն է, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը տիրացավ հաշտության հայտարարությամբ չամրագրված հսկայական տարածքների, պատմության մեջ որպես աննախադեպ երևույթ միակողմանիորեն գծում է Հայաստանի ու Ադրբեջանի նոր սահմանները, գերիներին պատանդ պահելով փորձում է հայկական կողմին պարտադրել տարածքային, հաղորդակցական ուղիների և այլ զիջումներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի պայմաններն ընդունած Հայաստանի ղեկավարի հասցեին վիրավորանքներով և երկրի նկատմամբ ագրեսիվ, նվաճողական բնույթի հոխորտանքով: Հայկական կողմն ունակ չեղավ լուծելու ըստ տրամաբանության առաջնահերթ լուծում պահանջող՝ գերիների ազատ արձակման հումանիտար խնդիրը, ինչը պետք է դիտվեր մյուս խնդիրների լուծման նախապայման: Քանի որ հոգեբանական-կամային և գուցե մեզ համար անհայտ քաղաքական պատճառներով ՀՀ առաջին դեմքն անկարող է արձագանքելու հակառակորդ կողմի լկտի պահվածքին ու հավակնություններին, նրա թելադրանքով (այլ կերպ լինել չի կարող) Հայաստանի անունից թույլ հակադարձումներով շատ հաճախ հանդես է գալիս Արտգործնախարարության մամլո խոսնակը՝ դրանով իսկ լրջորեն գցելով պաշտոնական պատասխանի մակարդակն ու կշիռը:

Հայաստանը խուսափում է միջազգային ատյաններում կառավարական մակարդակով պատերազմական հանցագործությունների, գերիների, ադրբեջանական հավակնությունների և այլ հարցեր բարձրացնելուց: Որքան էլ ամոթալի լինի խոստովանելը այսօրվա սերունդները չեն կարող չընդունել, որ իրենց ապրած տարիների ընթացքում երբեք այսքան անպաշտպան ու նսեմացված չեն եղել:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ամենանվիրված պաշտպանների համար պետք է ակնհայտ լինի, որ Նիկոլին ընտրելու դեպքում վերարտադրված իշխանությունն անզոր է լինելու ստեղծված կացության մեջ բեկում մտցնելու. չպետք է մոռանալ, որ այս պարագայում խոսքն արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագայի մասին է:
Հույսեր չկապելով պարտված իշխանության հետ` մնում է աղոթելը, որ ռուսական զորքը պինդ պահի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ պետական սահմանները, թեև սա էլ վերջնական երաշխիք չէ, եթե հիշենք հենց արցախյան վերջին պատերազմը: Այս պայմաններում արագորեն երկրի պաշտպանության խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյան ղեկավարն անում է ճիշտ հակառակը. ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարում է, որ զորակոչ կարելի է կազմակերպել հինգ տարին մեկ՝ երեք ամիս ժամկետով: Սա ուղղակիորեն նշանակում է քանդել բանակը, ինքնապաշտպանության հնարավորությունից զրկելով` կործանման դատապարտել պետությունը, իսկ արյունախում թշնամիներով շրջապատված ժողովրդի ճակատագիրը թողնել Աստծո հույսին: Սա է սպասվում մեզ՝ գործող իշխանությանը նորից իշխանության բերելու դեպքում:

Երկրի անվտանգությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների շարքում երկրորդ կարևոր ոլորտը արտաքին հարաբերությունների ճակատն է: Դատելով զուտ փաստերով` միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող իշխանությունների օրոք արտաքին հարաբերությունների ոլորտը ձախողված էր: Արևմտյան զանազան կառույցների ազդեցությունը կրող անհատների թիմային անցումն իշխանության ի սկզբանե խաթարեց նոր իշխանության նկատմամբ Հայաստանի ավանդական և հիմնական դաշնակիցների վերաբերմունքը: Անվստահությունը անհանդուրժողականության վերածվեց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ավանդական դաշնակիցների շահերը ոտնահարող գործողությունների պատճառով (հակասական հայտարարություններ, նրանց ազդեցության և հեղինակության թուլացում Հայաստանում, հարաբերությունների ակտիվացում վերջիններիս թշնամի տերությունների ու ուժերի հետ, նման կազմակերպությունների միանալը և այլն): Կարելի է բացառություն համարել Ռուսաստանի հետ պահպանվող ոչ ակտիվ հարաբերությունները, ինչն էլ պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի մտահոգություններով՝ ա) Հայաստանի իշխանությանը ամբողջովին չմղելու հակառակորդ ճամբար, բ) Անդրկովկասում ունեցած իր կենսական շահերով գ) իր թիկունքը ամբողջովին իրենց տիրապետության տակ առնելու ՆԱՏՕ-ի և Թուրքիայի նկրտումներին դիմակայությամբ և այլն:

Բայց թե պաշտոնական Ռուսաստանն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի իշխանությունների հանդեպ, բացահայտում են ոչ պաշտոնապես նման պարտականություն իրականացնող, կրեմլյան թելադրանքով գործող հեռուստահաղորդաշարերն ու զանազան վերլուծական կենտրոնների ղեկավարները: Հայաստանի ձախող ղեկավարությունը չկարողացավ արդարացնել նաև իր իշխանության գալով շահագրգռված արևմտյան ուժերին: Որպեսզի ասվածը փաստարկված լինի, պարզապես հիշենք, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները, մեկ-երկու ճանաչողական փոխայցելություններից բացի, չեն ունեցել պաշտոնական կամ պետական ոչ մի այց և նման ընդունելություններ: Երկրների ղեկավարների մի քանի աշխատանքային փոխայցելությունները եղել են նախապես ծրագրված ժամանակացույցներին համապատասխան (ԵԱՏՄ նիստեր և այլն): Բոլոր ճիգերը` Նիկոլ Փաշինյանի համար ապահովելու քիչ թե շատ բարձր մակարդակի ընդունելություն ամերիկյան վարչակազմում, հանգեցին Կալիֆոռնիայի փոխնահանգապետի հյուրընկալությանը: Հայաստանն արդեն երեք տարի դուրս է արտաքին քաղաքական ու դիվանագիտական ակտիվ գործընթացներից, և այս իրողության ամենաակնհայտ հետևանքն այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո որևէ պետություն կամ միջազգային կազմակերպություն չփորձեց գործնականում աջակցել մեզ կամ դատապարտել ագրեսիան, Թուրքիայի ներխուժումը տարածաշրջան, պատերազմական հանցագործությունները և դրանց հետևանքները: Ոչ մի կշտամբանք ԵԱՀԿ-ի կողմից չի հնչել այն բանի համար, որ, վիժեցնելով բանակցությունների ընթացքը, Ադրբեջանը խախտեց ուժի սպառնալիքի և ուժի կիրառման հարցերում, ապա նաև բանակցությունների ընթացքում ամրագրված սահմանների, ապագա կարգավիճակի և այլ հարցերում սահմանված կարմիր գծերը: Այսօր էլ հակամարտության կարգավորման միջազգային միակ ձևաչափը ներկայացնողները բերանները ջուր առած լռում են բռնի ուժով իրավիճակի նման փոփոխության հարցում, իսկ հայկական կողմը ոչ մի քայլ չի անում այդ լռությունը խախտելու համար: Վերջապես Հայաստանի անփորձ-անկարող պաշտոնյաները մշտապես ձեռնծալ մնացին և ոչինչ չձեռնարկեցին Ադրբեջանի կողմից միջազգային կազմակերպություններում անցկացված զանազան հակահայ բանաձևերի դեմ: Այսպիսով` ակնհայտ է, որ Հայաստանը քաղաքական, դիվանագիտական ճգնաժամի, եթե չասենք` մեկուսացման մեջ գցած իշխանությունը վերարտադրվելու դեպքում ոչ մի հնարավորություն չի ունենալու արմատական բեկում մտցնելու այս ասպարեզում ևս:

Հայաստանը արտաքին ուժերի համար այսօր հեղինակազրկված, քաղաքական արժեք ու հեռանկար չունեցող պետական կազմավորում է, և այս կացության հեղինակ իշխանությունը ո՛չ իրավիճակը փոխելու որևէ քայլ է անում, ո՛չ էլ կարող է անել:

Հայաստանի համար ոտքի կանգնելու, հզորանալու ու խոցելիությունը հաղթահարելու հաջորդ կարևոր պայմանը տնտեսության թռիչքային զարգացումն է: Գալիք ընտրությունների նախօրյակին Հայաստանի գործող իշխանությունը տնտեսական տեսանելի ապագայի վերաբերյալ այնպիսի խոստումներ է տալիս, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ մեկնարկային իրավիճակի, ո՛չ տնտեսական զարգացման եղած (ավելի շուտ` չեղած) նախագծերի, ո՛չ սպասվող ներդրումների և աճ ապահովող այլ գործոնների հետ: Անցած եռամյակում Հայաստանում չեն կազմվել տնտեսական զարգացման հիմնավորված ու իրատեսական նախագծեր, չեն կատարվել քիչ թե շատ շոշափելի ներդրումներ, աճ չեն արձանագրել մեր տնտեսության ավանդական ճյուղերը: Հակառակը` տնտեսությունը ազատ անկման վիճակում է, բացառվում է արտաքին կամ նույնիսկ ներքին ներդրումների հավանականությունը` պայմանավորված այս ոլորտի արհեստավարժ պաշտոնյաների բացակայությամբ, վարվող տնտեսական սխալ քաղաքականությամբ, ներքաղաքական մթնոլորտով և անկայունությամբ, երկրի անհեռանկարայնությամբ և այլն: Կարճ ճամանակահատվածում իշխանությունը զգալիորեն մեծացրել է պետական պարտքը և շարունակում է նորանոր պարտքեր վերցնել երկրի ֆինանսական գործունեությունը նվազագույնս ապահովելու համար: Հայտնի է, սակայն, որ մինչև գալիք ընտրությունները վիճակը մի կերպ պահելուց հետո երկրի ֆինանսատնտեսական անկումը դառնալու է շատ ավելի ակնհայտ՝ հանգեցնելով տնտեսական նորանոր ճյուղերի կաթվածահարմանը, գործազրկության աճին, դրամի շոշափելի արժեզրկմանը, մթերքի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների անվերահսկելի աճին և այլն: Գումարվելով բացասական այլ գործոնների` այս իրավիճակն անխուսափելիորեն մեծացնելու է արտագաղթի ցուցանիշները: Անցած տարիներին մի շարք հիմնարկների լուծարման, աշխատատեղերի կրճատման պայմաններում որոշ ոլորտներում և գերատեսչություններում աշխատավարձերի հատվածական բարձրացումները կամ տնտեսական աճի մասին թվանկարչությունը չպետք է մոլորեցնեն. քաղաքացին տնտեսական վիճակի վերաբերյալ դատողություն պետք է անի երկու հիմնական ցուցանիշներից ելնելով՝ գրպանի գումար և գներ:
Երկրի և սեփական ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ, անկախ համակրանքից ու հակակրանքից, ներկա իշխանությունների կառավարման շարունակումը աղետաբեր, եթե ոչ կործանարար է լինելու Հայաստանի համար:

Վերևում թվեցինք մի շարք ուղղություններ, ըստ որոնց իրականացվող արդյունավետ գործընթացներով է պայմանավորված լինելիության ճակատագրական ջրբաժանի առջև հայտնված մեր երկրի ապագան: Թվարկված գործոններից բացի` իրավիճակի հաղթահարման համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև համախմբված ժողովրդի միասնական կամքի ակտիվ դրսևորումը: Դժբախտաբար, գործող իշխանությունը առաջին օրվանից հասարակությունը բաժանեց սպիտակների ու սևերի, պառակտեց ազգային միասնականությունը` ստեղծելով ներքին անհանդուրժողականության մի աննախադեպ մթնոլորտ, որը պայթելու եզրին է: Ցավոք, երևույթը պայմանավորված է երիտասարդ իշխանության բնույթով և իրավիճակը լիարժեքորեն տնօրինելու անկարողությամբ: Այն առաջին օրվանից փորձեց ինքնահաստատվել ու կայանալ ոչ թե դրական գործերով ու դրանց արդյունքներով` փաստելով իր իրավացիությունն ու գոյության արդարացվածությունը, այլ հավանական մրցակիցներին, իր պես չմտածողներին վարկաբեկելով ու հալածելով: Դժվար թե գտնվի մեկը, ով կհավատա, որ վերընտրվելու դեպքում ներկա իշխանությունը նախ կձերբազատվի անփորձ, ինքնահավան կադրերից և ապա, առանց քաղաքական ու այլ խտրության, գործի կհրավիրի կարող կադրերին, դեպի ազգային քաղաքականություն ու արժեքներ շրջադարձ կատարելով կապահովի հասարակության համախմբումը: Նույնպիսի խոհեմությամբ և ազգային գերագույն շահերի գիտակցությամբ նա կսկսի այլ կերպ խոսել Սփյուռքի հետ` շահելով իր կառավարումը այսօր մերժող հայության աշխարհասփյուռ զանգվածների վստահությունը, վերարթնացնելով հայրենի պետությանն օգտակար լինելու ցանկությունը:
Կսիրենք, թե չենք սիրի Հայաստանի այսօրվա իշխանություններին, չենք կարող չընդունել, որ այսպիսին է այս իշխանությունը իր էությամբ, բարոյական նկարագրով, ազգային շահերի գիտակցությամբ, կառավարման ունակությամբ և երեքամյա գործունեության արդյունքներով: Անհնար է չտեսնել, թե ինչպես կարճ ժամանակահատվածում նա հասցրեց իր դեմ տրամադրել համակիր հսկայական զանգվածների: Եթե մի իշխանություն այսօր չի կարողանում հանգիստ փողոց դուրս գալ, ազատորեն շփվել մարդկանց հետ, տեղից տեղ տեղաշարժվել և այցելել մարզեր՝ առանց հազարավոր ոստիկանների ուղեկցության, եթե շատերը նրան չեն վստահում և հավատ չեն ընծայում նրա ո՛չ ասածներին, ո՛չ գործերին, ինչպե՞ս կարող է նման իշխանությունը կրկին ընտրվել և շարունակել երկրի ղեկը վարել այն ուղղությամբ, որը տանում է դեպի անդունդ:

Ժամանակից շուտ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզչությունը ու դարձյալ հնչում են մեծ-մեծ խոստումներ՝ իրական միջոցների ու հնարավորությունների հետ աղերս չունեցող, ինչպես եղավ երեք տարի առաջ, ինչպես եղավ ամիսներ առաջ՝ արցախյան պատերազմից հետո: Համաժողովրդական ցասումից նեղն ընկած Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ վեց ամիս ժամանակ խնդրեց ճգնաճամի հաղթահարման ծրագրեր կազմելու, հրատապ լուծում պահանջող խնդիրները լուծելու համար: Վեց ամիսն էլ անցավ, կարելի՞ է մեկ դրական փոփոխություն նշել, որ տեղի է ունեցել այս ընթացքում: Այդպես է լինելու նաև նոր ընտրությունների ժամանակ եթե մարդիկ հավատան հերթական հեքիաթներին:

Կարող ենք հաստատել, որ առաջիկա ընտրությունը լինելու է այս և հակառակ բևեռների միջև, այսինքն` գիտակցելով ներկա ընտրության ճակատագրական լինելը`ժողովուրդը կողմնորոշվելու է կամ-կամի միջև, Նիկոլի ու հականիկոլի միջև, ապազգայինի ու ազգայինի միջև, անկման անկասելիության և վերելքի հնարավորության միջև: Այս դեպքում քաղաքական ուժերի ո՛չ քաղաքական հավակնություններն են տեղին լինելու, ո՛չ քաղաքական-գաղափարական առանձնահատկությունները. մրցակցելու են կարճ ժամանակում հնացածն ու իր սնանկությունն ապացուցածը և այն նորը, որը պարտվածի, ձախողվածի խարան չի կրում իր ճակատին: Պետք է գա այն հոսանքը, որը կզսպի Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնությունները և կկարողանա պայքարել Արցախի ապագայի համար, նա, ով ընդունելի կլինի և կարող է համարձակորեն բանակցությունների մեկնել Մոսկվա, Փարիզ և Վաշինգտոն, Բրյուսել, Պեկին, Թեհրան և այլուր, ով կապեր ունի և կարող է լինել ամեն տեղ ու խոսել բոլորի հետ, ով տնտեսություն ղեկավարելու փորձ ունի և Հայաստանի տնտեսությունը դուրս կբերի անդունդից, ով թշնամիներ չունի հայության մեջ և կարող է ոչ միայն ապահովել երկրի ներքին միասնականությունը, այլև նրա առանցքի շուրջ համախմբել Սփյուռքը: Չպետք է կասկածել, որ միայն նման ուժեղ, գիտակից, գործուն, ողջ հայությանը ներկայացնող, ինքնավստահ իշխանության գոյությունը կվախեցնի մեր թշնամիներին, կզսպի նրանց ախորժակը և հեռու կվանի հայոց սահմաններին սպառնացող վտանգը:

Վախեցած, զիջող իշխանությունների վերարտադրման դեպքում թշնամին ավելի սանձարձակ է դառնալու, և ավելի իրական` նոր պատերազմի հավանականությունը: Հիշենք, որ հենց այսօրվա այս տեսակ իշխանությունն էր, որ ոգևորեց թշնամուն և ներշնչեց այն վստահությունը, թե վերջապես հասել է բարենպաստ պահը, երբ կարող է պարտության մատնել հայկական կողմին, աներևակայելի զիջումներ պարտադրել և մարսել իր հանցագործությունը: Նոր ընտրությունը լինելու է մեր ապագան կանխորոշող ու երաշխավորող ընտրություն: Այժմ «սիրուն աչքերի համար» մեկին համակրելու, մյուսին հակակրելու ժամանակը չէ. առջևում հայրենիքի փրկության ընտրությունն է: Կրկին սխալվելը հանցանք է: Մեր ընտրությամբ որպես ազգ պետք է ապահովենք հայրենիքի փրկության նպատակի հաղթանակը:

«Դրօշակ»-ի առաջնորդող,

մայիս, 2021 թ.

1