«Դո՛ւ ասացիր» (Ղուկաս 23:3)

44-օրյա պատերազմից հետո, ԻՔ-ական, ապա և ՔՊ-ական մի շարք գործիչների միջոցով, մեջտեղ հանվեց տեսական մի բարդ պոլեմիկա, որը կայանում է «պատմական իրողություն»-«պատմական արդարություն» պարադոքսի ընդհանուր հենքի վրա։ ՔՊ-ական պոլեմիկան շատ ավելի բարդ է քան 1990-ականների ՀՀՇ-ական «Սերգո ջան»-ի պոլեմիկան, հատկապես «պատմական իրողություն»-ը բնորոշելու, գնահատելու համար կիրառվող պատմա-քաղաքական չափորոշիչների առումով։ Թե ո՞ր ժամանակահատված է համարվում՝ «պատմական իրողություն», խիստ անորոշ է։ Օրինակ՝ Շուշի «կարգավիճակ»-ը ճշտելու հարցում, ՀՀ պետական պատախանատուները, ենթադրաբար, հիմք են ընդունում 1926թ․ Շուշի քաղաքակի մարդահամարը, ուր «ադրբեջանցի»-ի բնակչությունը կազմել է 96 տոկոս «կամ ավելի»-ն։ Բայց ի՞նչու հենց Շուշիի 1919-1920թթ․ ջարդերին և հայաթափմանը հաջորդող տարիներն են համարվում՝ «պատմական իրողություն»։


ՔՊ-ական պոլեմիկայի շարանում հայտնվեց նաև այն, որ Ղարաբաղը և հարակից բոլոր տարածքները եղել են ու կմնան՝ «Ադրբեջան», և սա ներկայացվեց, որպես «պատմական իրողություն», որի հետ հաշվի նստելու «խելամիտ» ու «խելոք» հորդորներ սկսեցին հնչեցվել։ Բարձրաձայնվեց նույնիսկ այն, թե երբ կա «պատմական իրողություն», էլ ի՞նչու պետք է փնտրել «պատմական արդարություն»․․․
«Պատմական իրողություն»-«պատմական արդարություն» պարադոքսն ի սկզբանե կեղծ կատեգորիա է։ Առկա է շատ պարզ տրամաբանություն․ եթե հակառակորդ կողմդ խոստովանում և հաստատում է այն ինչ դու ես ասում, ապա այն ապացուցված, անվիճելի ճշմարտություն է դառնում։
Այս պարզ տրամաբանությամբ, հարկավոր է զինվենք բոլորս, հեռու մնալու համար միտումնավոր կամ միամտաբար հնչեցվող պոլեմիկաներից, որոնց ակունքներում բացահայտորեն երևում է Թուրքիա-«Ադրբեջան» քարոզչամեքենան, իր պատմաշինության ողջ զինանոցով։ Նման կեղծ պոլեմիկաները «ռեալ» քաղաքականություններ արտադրելու նպատակ են հետապնդում։
Այս լույսի տակ, կարելի է իսլամական, այդ թվում հատկապես՝ օսմանյան և թուրքական բազմաթիվ փաստարկներով, ապացուցել ե՛ւ պատմական արդարությունը ե՛ւ պատմական իրողությունը։ Ահավասիկ որպես մեկ այլ օրինակ՝ քննարկենք Բաքիխանովի «Դրախտային Ծաղկանոց»-ը։
Բաքվեցի գրող, գիտնական, «Ադրբեջան»-ի գիտական պատմագրության հիմնադիր՝ Աբբասղուլի աղա Բաքիխանովը (1794-1847թթ․) ծնվել է կովկասյան թաթար հորից և իսլամացած վրացի մորից։ Տիրապետել է պարսկերենին և արաբերենին։ 1819 թ.-ից ծառայել է ցարական բանակի կովկասյան ռազմական գերատեսչության Թիֆլիսի գրասենյակում, որպես արևելյան լեզուների թարգմանիչ-փորձագետ։ Զինվորական լրագրողի առաքելությամբ, մասնակցել է 1826-1828թթ․ ռուս–պարսկական և 1828-1829 թթ. ռուս–թուրքական պատերազմներին։ Բաքիխանովը 1841 թ. ավարտել է «Գուլիստան-է-Էռամ» (Դրախտային Ծաղկանոց) անվամբ իր գիտահետազոտական արժեքավոր աշխատությունը պարսկերենով, որը հրատարակվել է առաջին անգամ 1926 թ., Բաքվում։
«Դրախտային Ծաղկանոց»-ի ձեռագիր օրինակը պահպանվում է «Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրատարան և փաստաթղթերի հիմնարկ»-ում։
Սույն աշխատությունը խմբագրվել և լույս է տեսել նաև «Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտ»-ի վեց հոգանոց հանձնաժողովի խմբագրությամբ և պետական հրատարակչության միջոցով, Բաքվում, 1970թ․։
Ահա թե ինչ աշխարհագրական բնորոշումներ է արել Բաքիխանովը Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան սահմանգծերի մասին․
«․․․Պատմաբանների մեծամասնությունը ճշգրիտ չեն բնորոշել Հայաստանը, Իվերիան (Կովկասյան Իբերիա, Վրաստանը), Կոլխիդան (Սև Ծովի արևելյան տարածքները, հիմնականում՝ Աբխազիա) և Ալբանիան (Աղվանից երկիրը, հիմնականում՝ Շերվան)։ Այս պատճառով որոշ տարակարծություններ կան։ Ապացույցների համեմատության հիմամբ, ընդհանրապես հավանական է, որ Կուրի աջափնյա տարածքը մինչև Արաքսի հատման կետը՝ Հայաստան է եղել։ Ըստ Ավագ Պլինիոսի և Պտղոմեոսի Հայաստանի հյուսիսային սահմանը հասնում է Կուրին, և Կուրի աջափնյա տարածքը, որի մեջ է մտնում Թիֆլիսըմ Թումանսը և Բոլիսը (?), անվանվում է Սումեխտ (Սոմխեթի), որը վրացերենով՝ Հայաստան է նշանակում, և որում հայության թիվը ցայժմ գերակշռում է վրացիների թվին»։
(Բաքիխանով, Աբբասղուլի աղա, Գուլիստան-է-Էռամ (ձեռագիր), էջ 10)
(Բաքիխանով, Աբբասղուլի աղա, Գուլիստան-է-Էռամ, Բաքու, 1970, էջ 10)
Բաքիխանովը ճշգրիտ կերպով սահմանել է նաև Շերվանի աշխարհագրական դիրքը, ըստ հետևյալի․
«Շերվանի վիլայեթը արևելյան կողմից հասնում է Խազեր (Կասպից) ծովին և հարավ-արևմտյան կողմից՝ Կուր գետին, որը առանձնացնում է դրան Մուղան և Հայաստան վիլայեթներից․․․»։
(Բաքիխանով, Աբբասղուլի աղա, Գուլիստան-է-Էռամ (ձեռագիր), էջ 3)
(Բաքիխանով, Աբբասղուլի աղա, Գուլիստան-է-Էռամ, Բաքու, 1970, էջ 4)
Բաքիխանովի աշխարհագրական սահմանումները, ստորև ի մի ենք բերել՝ 19-րդ դարի Ահմադ Ջեմալի հեղինակած օսմանյան ռազմական մի քարտեզում։
Այսքանով պարզ է դառնում, որ «Ադրբեջան»-ի գիտական պատմագրության նախահայրն համարվող՝ Բաքիխանովը, բարեխիղճ ճշգրտությամբ է բնորոշել Հայաստանի արևելյան սահմանագիծը՝ Կուր գետը։
Սա է ողջ ճշմարտությունը, որին ինչ էլ անվանեք, միևնույնն է, այն կշարունակի մնալ ապացուցված և անվիճելի։ Շինծու պարադոքսների փոխարեն, փորձեք նման փաստարկներով դեմ դնել Ալիևի ծավալապաշտական նկրտումներին։ Փորձե՛ք, եթե հավատումեք ճշմարտությանը, և կստացվի՛։
Կարեն Խանլարյան