Դիտորդ մարմինը արձանագրել է Հանրային հեռուստատեսության խախտումները արցախցիների հանդեպ՝ «Արցախ Միության» դիմումի հիման վրա
Գլխավոր » Լրահոս » Դիտորդ մարմինը արձանագրել է Հանրային հեռուստատեսության խախտումները արցախցիների հանդեպ՝ «Արցախ Միության» դիմումի հիման վրա

Դիտորդ մարմինը արձանագրել է Հանրային հեռուստատեսության խախտումները արցախցիների հանդեպ՝ «Արցախ Միության» դիմումի հիման վրա

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ, որով արձանագրվել են Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից էթիկայի կանոնների խախտումները։

Արցախ Միությունը խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի եւ հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ դիմումի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը եւ կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը: Բացի դրանից, Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեեւ խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։ Այս հնարքով եւս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջեւ՝ սրանով եւս լրացուցիչ բացասական վերաբերմունք գեներացնելով «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ:

Մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը ենթագրերում ներկայացվել է «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը։ Սրանով, ըստ դիմումատուի, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ կրկին բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ:

Քննելով դիմումը՝ Դիտորդ մարմինը վճռել է, որ թեեւ Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետեւելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով վերոնշյալ բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր։ Մասնավորապես,

• Անհարկի շեշտվել է ենթադրյալ հանցագործության մասնակիցների արցախյան ծագումը՝ բացասական կարծրատիպեր տարածելով արցախյան ծագմամբ անձանց հանդեպ և ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց.

• Հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանությունները.

• Խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը հետեւելու պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու).

• Խախտվել է նաեւ կանոնագրի այն կետը, որը սահմանում է, որ նյութին ուղեկցող լուսանկարները համապատասխանեն իրականությանը։

ԴՄ-ն հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:

Հանրային Հեռուստաընկերությունը պետք է Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում։

Եզրակացությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://shorturl.at/S2RqB

1