Դիմում ենք ժողովրդավարական կառավարություններին, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը. Freedom House

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և անհապաղ աշխատանքի անցնել՝ բացելով Լաչինի միջանցքն ու ապահովելով տեղաշարժի ազատությունը՝ երաշխավորելով անհատների, փոխադրամիջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը: Կազմակերպությունն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է կյանքը փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Դիմում ենք ժողովրդավարական կառավարություններին, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», — գրել է Freedom House-ը:
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ չնայած համառ ջանքերին՝ իրենք ներկայում չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով, ներառյալ Ակնան:
«Ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ մարդասիրական իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ասել է ԿԽՄԿ-ն։