Դիմելով Արցախի Հանրապետության իշխանություններին՝ հորդորում ենք կտրականապես մերժել Ակնա-Շուշի այլընտրանքային ճանապարհը բացելու Ադրբեջանի առաջարկը

ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ նախագահությունը հայտարարություն է տարածել.
Վերջին օրերս հանրապետության քաղաքական ղեկավարության շրջանում, որպես Արցախում առկա հումանիտար խորը ճգնաժամային իրավիճակից ելքի ճարահատյալ միջոցներ, տարբեր մակարդակներով պարբերական քննարկման առարկա են դարձած մոտ ապագայում Ստեփանակերտ-Բաքու բանակցային երկխոսության հնարավոր մեկնարկի և Ստեփանակերտ-Գորիս միջանցքի հետ համաժամանակյա կամ նախորդիվ Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհի բացման հավանականության հարցերը, մի հանգամանք, որն ակնհայտ անհանգստություն ու տագնապ է հարուցում հասարակության տարբեր խավերում:
ԱՀ «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը չի բացառում Բաքվի և Ստեփանակերտի պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկա բանակցային երկխոսության անխուսափելիությունը, ելնելով այն դառն իրողությունից, որ Հայաստանի գործող իշխանությունները, փաստորեն, երես են թեքել Արցախի ժողովրդի ճակատագրիցնրան միայնակ թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության դեմ իր համառ պայքարում, ինչպես նաև Արցախի ներկա և ապագա իրավա-քաղաքական կարգավիճակի վերաբերյալ շահագրգիռ միջազգային դերակատարների կողմից տարբեր հարթակներում ոչ այնքան հայանպաստ, եթե չասենք
մեծավ մասամբ ադրբեջանամետ դիրքորոշումներ են հնչում:
Միևնույն ժամանակ, «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունն այն կարծիքին է, որ այդ երկխոսությանը կոչված հանդիպումները պետք է կազմակերպվեն, նախ, ոչ թե երկկողմ, այլ միջազգայնորեն երաշխավորված բազմակողմ ձևաչափով և ապաոչ Ադրբեջանի տարածքում, ինչը, որպես նախապայմաններ, համառորեն պնդում է պաշտոնական Բաքուն, այլ որևէ երրորդ երկրի տարածքում: Հակառակ դեպքում միջազգային հանրության շրջանում կարող է այն թյուր տպավորությունը ստեղծվել, թե այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանն իրականում պարզապես փորձում է լուծել ինչ-ինչ ներպետական հարցեր կապված իր բնակչության մաս կազմող հայազգի քաղաքացիների` որպես «ազգային փոքրամասնության» ադրբեջանական օրենսդրության ներքո վերինտեգրման խնդրի հետ, ինչին, շարունակաբար ու հետևողականորեն ջանք ու եռանդ չխնայելով, ձգտում են Ապշերոնի թերակղզում:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Գորիս միջանցքի հետ համաժամանակյա կամ նախորդիվ Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհի բացման խնդրին, ապա այն առավել քան վտանգահարույց է, քանզի միջազգային հանրության աչքին անպայման խորհրդանշելու է որպես Ադրբեջանին Արցախի փաստացի վերինտեգրման կամ, այսպես կոչված, «վերամիավորման» առաջին էական փուլ, ինչն արմատապես հակասում է Արցախի հայության` հազարավոր զոհողությունների գնով կյանքի կոչված ազատության և ինքնիշխանության ձգտումներին ու ձեռքբերումներին:
Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանություններիպայմանավորվածությունների նկատմամբ ավանդաբար անհավատարիմ պահվածքը, դժվար չէ կանխատեսել, որ կարճ ժամանակ անց Բաքուն դարձյալ կամայականորեն արգելափակելու է Ստեփանակերտ-Գորիս միջանցքը Արցախի հայությանը վերջնականապես զրկելով Մայր Հայաստանի հետ այդ մայրուղով հաղորդակցվելու, սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ փոխադրելու թեկուզ սահմանափակ հնարավորությունից և կամ ուղևորների երթևեկությունը թույլատրելով միայն մեկՍտեփանակերտ-Գորիս ուղղությամբ, արգելելով Հայաստան մեկնած արցախցիների վերադարձը հայրենի եզերք ի կատարումն Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու իր վաղեմի ծրագրի: Ի լրումն ասվածիբաց թողնելով միայն Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ուղին, Բաքուն չի դադարեցնի շինարարական նշանակության ապրանքների բեռնափոխադրումներն այդ ճանապարհով, նպատակ ունենալով ոչ թե օգնել ավարտին հասցնելու 2020 թվականի աշնանային պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած արցախցիների բնակարանային ապահովման Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման պատճառով դադարեցված աշխատանքները, այլ, այսպես ասած, «վերակենդանացնել» բացառապես նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերը` դրանցում ադրբեջանական ազգության իր քաղաքացիներին վերաբնակեցնելու համար:
Դիմելով Արցախի Հանրապետության իշխանություններին՝ «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը հորդորում է կտրականապես մերժել Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհը բացելու Ադրբեջանի առաջարկը՝ պնդելով իրագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթը Լաչինի (Բերձորի) միջանցքի իրավական կարգավիճակի և ՈԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո այդ մայրուղով Արցախի քաղաքացիների երկկողմ ազատ երթևեկության, բեռնափոխադրումների ապահովման հրամայական անհրաժեշտության մասին:
ք. Ստեփանակերտ
25 օգոստոսի, 2023թ.