«Դեպի երկիր» խորագրով հայրենասիրական ծրագրի ներկայացումը Ստեփանակերտում

Այսօր՝ մայիսի 24-ին, ԱՀ Մեսրոպ Մաշտոցի անվան պետական գրադարանում տեղի է ունեցել «Դեպի երկիր» խորագրով հայրենասիրական ծրագրի ներկայացումը, որին ներկա էին Համահայկական գրողների միության և հայ մտավորականների խորհրդի նախագահ, ԵՊՀ դասախոս Աբգար Ափինյանը, կանադահայ, Համահայկական գրողների միության պաշտոնական ներկայացուցիչ Վահե Թղլյանը, երիտասարդ գրող Սուսաննա Ղազարյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանը և Մետաքսե Հակոբյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, գրականագետներ, դասախոսներ և ուսանողներ:




Ծրագրի մեկնարկին ելույթով հանդես եկավ ԱՀ Մեսրոպ Մաշտոցի անվան պետական գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը, ով ներկայացրեց ծրագրի օրակարգն ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ ներկա գտնվելու, Արցախի կողքին լինելու համար:

Համահայկական գրողների միության և հայ մտավորականների խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը իր խոսքում նշեց, որ եկել են Արցախում ուժեղանալու.

«Ես հասկացա մի բան, որ Արցախը և Հայաստանը առանց իրար կորած են: 30 տարի Արցախը պահել է Հայաստանին, ու այսօր եկել ենք մեր պարտքը տալու և շնորհակալություն հայտնելու իմ հերսական ժողովրդին»,-ասել է Ա. Ափինյանը:


Ծրագրի ներկայացումից հետո տեղի է ունեցել ժամանակակից երիտասարդ գրող Սուսաննա Ղազարյանի «Սեր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը: Նա արտասանել է Արցախին նվիրված և դեռևս չտպագրված իր բանաստեղծությունները և Համահայկական գրողների միության կողմից արժանացել պատվոգրի:

Միջոցառումն ընդմիջվել է երաժշտական դադարով, որից հետո տեղի է ունեցել ԵՊՀ-ում Համահայկական գիտակրթական նոր ՝ «Հայ գրականության ավանդույթները և միջազգային գրական կապերը» ծրագրի ներկայացումը Աբգար Ափինյանի կողմից, ապա ծավալվել է քննարկում «Հայ մշակույթը և Արցախի ապագան» թեմայով:

Ելույթով հանդես են եկել նաև Վահե Թղլյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ դասախոսներ Զինաիդա Բալայանը, Զարինե Սառաջյանը, ովքեր իրենց երախտիքի խոսքն են ուղղել կազմակերպիչներին: