Դավիթ Բաբայանը՝ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սադրանքի հավաբականության մասին
Հայ-Ադրբեջանական սահմաններում վերջին օրերին Ադրբեջանի հրահրած լարվածության և այն Արցախի հետ շփման գիծ տեղափոխելու հավանականության վերաբերյալ «Ազատ Արցախ»-ի հարցերին պատասխանում է արտաքին գործերի նախարար Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ։
— Պրն. Նախարար, հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՀ սահմանային լարվածությունն Ադրբեջանը տեղափոխի Արցախի հետ շփման գիծ։
-Ես չեմ կարծում, որ այդպիսի միտում կա, չնայած այս գործընթացները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են, այն առումով, որ, փաստորեն, Արցախ աշխարհը դարեր շարունակ, կարելի է ասել, միշտ եղել և կատարել է իր պարտականությունները որպես Հայաստան երկրի ու պետականության վահան։ Պատերազմից հետո, հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, տվյալ դեպքում մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, այդ վահանը չկա, հետևաբար գործընթացը թշնամին տեղափոխում է ՀՀ տարածք։ Սա ակնհայտ է, և այդ գործընթացը սկսվել է վաղուց, կարելի է ասել հենց 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Հիմա մենք տեսնում ենք, որ թշնամին պաշտոնապես հայտարարում է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման մասին, և սրա մասին խոսում է ինքը՝ Ալիևը։ Հակառակորդը խոսում է Արարատյան դաշտի ճակատի բացման մասին` հատկապես Երասխի մասով։ Մենք տեսնում ենք նույնը Գեղարքունիքում, Տավուշում, ասել է թե հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով նման զարգացումներ են ընթանում։ Մեզնից շատ մեծ աշխատանք է պահանջվում, որ կարողանանք իրավիճակը վերահսկելի դարձնել և դա մենք պետք է անենք մեր դաշնակիցների հետ միասին։ Որպեսզի ավելի արդյունավետ կարողանանք պայքարել, դիմակայել այդ մարտահրավերներին, պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, պետք է պետությունն այդ սթրեսային վիճակից դուրս բերենք և հասարակությանը համախմբենք. Դա է մեր հաջողության գրավականը:
-Պրն. Բաբայան, եթե ընդհանրացնելու լինենք, ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական շփման գծում վերջին ժամանակների սահմանային լարվածությունը։
-Պայմանավորված են առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերով, նրանց ծավալապաշտական քաղաքականությամբ։ Նրանք միշտ էլ ունեցել են այդ ծրագրերը, բայց Արցախը`որպես վահան, չեզոքացնում էր նրանց ծրագրի իրականացումը։ Հիմա այդ վահանը չի ոչնչացվել, բայց ջարդված է։ Սա էլ երկրորդ պատճառն է։
Ըստ իս`խնդիրը գոնե զսպելու համար կա միայն մեկ տարբերակ. ճիշտ աշխատանք բարեկամ երկրների, առաջին հերթին՝ ՌԴ-ի, ինչպես նաև տարածաշրջանային և ԵԱՀԿ համանախագահող այլ երկրների հետ`ԱՄՆ-ի, Ֆրանսիայի։
Ի դեպ, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան դատապարտել են Ադրբեջանի նման պահվածքը, սա արդեն իսկ շատ կարևոր է։
Մենք պետք է այս պահին որոշ չակերտավոր քաղաքագետների ստահոդ և վտանգավոր լուրերից հեռու մնանք, որոնք փորձում են հակադրություններ մտցնել այս հարցում։ Պետք է բոլորի հետ աշխատենք այնպես, ինչպես որ կա՝ առանց հակադրման, առանց էմոցիաների, առանց անհեթեթ ծրագրերի։
Հարցազրույցը` Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆԻ