Դատապարտված ենք այլ կերպ ապրելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » Դատապարտված ենք այլ կերպ ապրելու

Դատապարտված ենք այլ կերպ ապրելու

Աներևակայելի էր, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ապրող սերունդները շոշափելիորեն կզգան` ինչ են նշանակում թուրքական վտանգն ու վայրագությունը: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան երրորդ պատերազմում, կարելի է համարել ուղղակի շարունակությունը մեկդարյա վաղեմության իրադարձությունների կամ, ավելի ստույգ, թուրքական ռասիստական, զավթողական նկրտումների, որոնց ճանապարհին գուցե թե ամենաանհանդուրժելի երևույթը հայության գոյությունն է: Առաջին համաշխարհային պատերազմում պարտության ու կայսրության կործանման հորձանուտում հայտնված Թուրքիայի համար անգամ գլխավոր նպատակ էր մնում հայության բնաջնջումը: Ինչպես ակնհայտ փաստերն են վկայում, երիտթուրքերին փոխարինած Մուստաֆա Քեմալը ձգտում էր այդ գործն ավարտին հասցնել բնօրրանում ապրող արևելահայության վերջին հատվածի բնաջնջմամբ, և միայն փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները խանգարեցին այդ ծրագրի իրագործմանը: Գլխավոր հարցն այս դեպքում, իհարկե, ինքնանպատակ ատելությունը չէ, այլ այն իրողությունը, որ իր բնակության տարածքով և աշխարհաքաղաքական դիրքով հայությունը հիմնական խոչընդոտ էր նախ` նվաճված երկրի ամբողջական թուրքացման ճանապարհին և ապա` անանցանելի պատ էր պանթուրքիզմի և պանթուրանիզմի ճանապարհին: Որքան էլ արտառոց կարող է թվալ, անցած տասնամյակներին թուրքական պետական-քաղաքական և հանրային շրջանակներում ատելությունն ու անհանդուրժողականությունը հայության նկատմամբ շատ ավելի մեծ էին, քան հայության ատելությունը թուրքերի նկատմամբ:

Երբ Հայաստանի այսօրվա ղեկավարը փորձում է երևույթը բացատրել այնպես, թե կարծես հայտնի չէ` թշնամությունը ում մեղքով է ընթացք առել, ով առաջինը սկսեց, հետո ով ում պատասխանեց, նա կա՛մ երկրի ղեկավարի համար աններելի չափով տգետ է, կա՛մ փորձում է ձեռնածություն անել ճշմարտության հետ՝ ինչ-ինչ պղտոր նպատակներով:

Արևմտահայության դուրսմղումը իր հազարամյա բնօրրանից, սկզբում խաղաղ՝ տնտեսական, իրավական և այլ ճանապարհներով, սկիզբ է առել դեռևս 19-րդ դարի առաջին կեսին, իսկ նույն հարյուրամյակի վերջին տասնամյակին որդեգրվել է արևմտահայության ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որը դարձել էր առհասարակ բնիկ փոքրամասնությունների տարածքները յուրացնելու թուրքական գործելակերպ: Այս ամենը, իհարկե, պատմական անցյալ է, սակայն սկզբում միապետական կայսրության, այնուհետև հանրապետական իրարահաջորդ կառավարությունների համար ցեղապաշտական և նվաճողական գաղափարախոսությունը չփոխվեց: Եթե փորձենք զուգահեռներ տանել, օրինակ, նացիստական Գերմանիայի հետ, ապա պետք է փաստենք, որ նացիոնալ-սոցիալիստների անկումից հետո Գերմանիայում արմատախիլ արվեցին ֆաշիստական գաղափարախոսությունը և առհասարակ դրան առնչվող ամեն բան, անգամ խորհրդանշանների կամ գործող անձանց անունների շրջանառումը: Ֆաշիստական Թուրքիան երբեք չի հրաժարվել իր ռևանշիստական և մարդատյաց վարդապետությունից, և ցանկացած նոր իշխանություն դառնում է դրա կրողը, կամ, ավելի շուտ, իշխանության հավակնող ցանկացած ուժ հաջողության է հասնում հենց այդ գաղափարների հետևորդը լինելու շնորհիվ:

Ի՞նչ տարբերություն, օրինակ, հայակուլ Թալեաթի և արնախում Էրդողանի միջև: Թերևս միայն ժամանակային առանձնահատկությունը, որը թելադրում է համապատասխան գործելակերպ: Էրդողանը չի էլ թաքցնում, այլ ընդգծում է այդ ժառանգական կապը՝ արժևորելով երիտթուրք դահիճների հիշատակը, քայլ առ քայլ և բացահայտորեն կենսագործելով նեոօսմանիզմի կայսերապաշտական ծրագրերը, շարունակելով ներկայիս Թուրքիայի տարածքի բնիկ ժողովուրդների ինքնության դեմ ուղղված անողոք պայքարը, իսկ հայերին ուղղակիորեն անվանում է «մեր թրի մնացորդները»: Էրդողանը հարյուր տարվա սպասումից հետո, նպաստավոր պահն ընտրելով, կատարեց պանթուրքիզմի ծրագրի հերթական քայլը՝ դառնալով Արցախի դեմ նոր պատերազմի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչը, Արևելահայաստանի արևմտյան` Կարս միջնաբերդի անկումից ճիշտ հարյուր տարի անց գրավելով արևելյան՝ Շուշի միջնաբերդը և ուղիներ հարթելով դեպի թուրքական երազանքի նպատակակետերը՝ Ռուսաստանի հարավ և Կենտրոնական Ասիա: Ի դեպ, ոչ պատահականորեն նա այս իրողությունների առիթով հիշեց երիտթուրք պարագլուխներից մեկի՝ Էնվերի անունը:

Այս բոլորը, իհարկե, հայտնի ու ակնհայտ իրողություններ են, սակայն անըմբռնելի է թվում, երբ այս ամենի խորապատկերին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը տրամադրվածություն է դրսևորում` արմատապես վերանայելու թշնամի զույգ պետությունների նկատմամբ պետական դիրքորոշումը վերջիններիս հետ առևտրական փոխհարաբերություններ հաստատելու և այդ նպատակով սեփական երկրով իր կողմից անվերահսկելի հաղորդակցական ուղիներ տրամադրելու հարցում: Արտառոց է թվում նաև, որ այս բոլոր երազանքներն ի հայտ եկան կործանարար պատերազմից անմիջապես հետո և նույն ժամանակ, երբ թշնամին դեռևս տարածքային ու քաղաքական նոր բնագծեր նվաճելու ոգևորության մեջ է, չի դադարեցնում սադրանքները, հավակնությունների ու հոխորտանքի ցուցադրումը: Հայաստանի երիտասարդ իշխանությունների այս «համարձակ» գաղափարները միանգամի՞ց ծնվեցին, հայության ռազմավարական առավելությունները կորցնելուց հետո՞, թե՞ կարելի է տրամաբանական կապ տեսնել այս քաղաքականության ջատագով նոր ուժի` իշխանության գալու պահից ձեռնարկած քայլերի մեջ՝ ազգային ավանդական արժեքների, կրթական ու գիտական ազգային հայեցակարգերի վերանայումից և դրանց կրողների դեմ ձեռնարկված արշավից մինչև պատերազմի ժամանակ դրսևորած անհասկանալի վարքը, անակնկալ պարտությունը և դրան հետևած քաղաքական այս նոր կողմնորոշումները: Պատահակա՞ն է, որ դեռևս հետպատերազմյան ծանր մթնոլորտում երիտհայերը սկսեցին մեկը մյուսի ետևից հայտարարել, թե մեր կողմից նախկինում ազատագրված հողերը հայությանը չեն պատկանել: Ի՞նչ նպատակով հնչեց երկրի ղեկավարի արտահայտությունը այն մասին, թե տասնամյակներ առաջ Շուշին բացարձակ մեծամասնությամբ ադրբեջանաբնակ է եղել: Մի կողմ թողնենք այսպես արտահայտվողներին քաջ հայտնի պատմական փաստը, որ նախկին ԼՂԻՄ-ին հարակից շատ ավելի ընդարձակ տարածքներ ռուսական իշխանությունների կողմից են նվիրաբերվել նոր մոգոնված Ադրբեջանին: Բոլոր այս արտահայտությունները նպատակ չե՞ն հետապնդում հայ հասարակությանը համոզելու, թե բոլոր կորուստները, անգամ «դժգույն ու դժբախտ» Շուշիի հանձնումը եղել են տրամաբանական ու արդարացված և մեծ ողբերգություն չեն: Անդրադառնալով արդեն երեք տարի Հայաստանում հաստատված իրավիճակին` պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել ամենաաներևակայելին ու սարսափելին՝ Արևմուտքին ու Թուրքիային հաջողվել է Հայաստանում նախապատրաստել թրքամետ դավաճանների խառնախմբի և բերել նրան իշխանության: Դավաճանության ստվերն ամենուր է` երկրի խորհրդարանից մինչև ազգային անվտանգության ու պաշտպանության համակարգեր:

Կգա, իհարկե, պատեհ ժամանակը, երբ մենք պարտավորված կլինենք մանրամասնորեն քննելու այն հարցը, թե ինչպես պատահեց, որ անկախության 30 տարիներին թրքասիրությունն այսպես ծլարձակեց մեր մեջ: Ինչո՞ւ հանդուրժվեց, որ հայ դիվանագետը արտերկրում մտերմական փոխհարաբերություններ հաստատի թուրք շրջանակների հետ, գործարարը գործնական հարաբերություններ ձևավորի Թուրքիայում, ով չի ալարում բանակցում է, այսպես կոչված, «ժողովրդական դիվանագիտության» ձևաչափի շրջանակում, և մի օր էլ պետք է պարզվեր, որ հայ մասնագետները թուրքերի հետ ճշգրտում են հայկական կրթական չափորոշիչները, նորացված գնահատականներ ցեղասպանության ու Արցախյան պատերազմի վերաբերյալ և անգամ հայերի բացած դռներով քիթները խոթում են ցեղասպանության թանգարանի ու այլ ազգային արխիվներ: Իսկ ամենաակնառու հետևանքն այն է, որ ամիսներ առաջ ցեղասպանական գործողությունների ենթարկված հայության մի շոշափելի հատվածն այսօր, «լվացված ուղեղով» հետևում է, թե թուրքական սպառնալիքն ինչպես է սև ամպի պես խտանում հենց իր գլխին:

Համեմատության համար փորձենք մտաբերել, թե անցած 30-ից ավելի տարիների ընթացքում եղե՞լ է մի ադրբեջանցի, ով կասկած է հայտնել Արցախի ադրբեջանական լինելու վերաբերյալ կամ կողմ է արտահայտվել, որ Արցախն անկախանա իր երկրից: Հնարավո՞ր է տալ մեկ թուրքի անուն, ով անցած 106 տարիների ընթացքում մեկ անգամ ասել է, թե հայերին թեկուզ մեկ մետր հող պետք է վերադարձնել իրենց հայրենիքից: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել մեզ, մեր հավաքական հիշողության, արժանապատվության, վտանգի զգացողության հետ: Առողջ ու արթուն բնազդներով հասարակությունը կարո՞ղ էր գեթ մեկ օր հանդուրժել այսօրվա դավաճան իշխանության գոյությունը:

Երբ անկախացման օրերից ի վեր Դաշնակցությունը անդադար գոռում էր ազգային քաղաքականության, ազգային կրթության, ազգային մշակույթի, ազգային տնտեսության և առհասարակ ամեն ներհայկական երևույթ ազգային բովանդակությամբ օժտելու մասին, ոմանք հեգնում էին, ոմանք` անտարբերությամբ արձագանքում, ոմանք էլ` Դաշնակցության «հին բարդույթների» հետևանք համարում այս ահազանգ պարունակող մոտեցումները: Չհաշված հասարակական-քաղաքական-գիտական առանձին շրջանակները` ըստ էության, երկրում ազգային բովանդակության գերակայության գաղափարը Դաշնակցության հետ հետևողականորեն պաշտպանել է միայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Այնինչ Ադրբեջանում, օրինակ, դեռևս մանկապարտեզից են սովորեցնում, թե Ղարաբաղն իրենցն է, իսկ հայերն ադրբեջանցիների ոխերիմ թշնամիներն են: Մենք մոտ ապագայում պետք է արմատապես վերանայենք մեր մոտեցումները` գաղափարական հիմնասյուներ հաստատելով մեր ազգային և պետական կյանքում: Անտեղի չէ այս դեպքում ասել, որ մենք դատապարտված ենք այդպես ապրելու, դառնալու այնքան ուժեղ, որ ապահովագրված լինենք արդեն մոտ երկու հարյուր տարի մեր տեսակը ոչնչացնելու ծրագիրը հետևողականորեն իրականացնող և այդ նպատակի վերջին փուլին հասած արյունարբու ոսոխի սպառնալիքներից: Որքան էլ ցնորական թվա, մենք պետք է այնպիսի առավելություններ ունենանք, որ մեր արյանը ծարավ մարդկության տականքը վախենա մեզ հետ գործ ունենալուց: Այդ մասին մեզ դաս են տալիս մեր նահատակները, որոնց հիշատակին մենք կխոնարհվենք օրեր անց, և դա են մեզ հրամայում գալիք սերունդները, որոնց պարտավոր ենք թողնել ապահով ու հզոր հայրենիք:

«Դրօշակ»ի Առաջնորդող, թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

1