Դատական գործերը հետ կանչելով կորցնում ենք պատմության շարքը, որն այս դեպքերն իրար է կապում, կապում է պատերազմը, Ցեղասպանությունը․ Գառնիկ Քերքոնյան
Գլխավոր » Լրահոս » Դատական գործերը հետ կանչելով կորցնում ենք պատմության շարքը, որն այս դեպքերն իրար է կապում, կապում է պատերազմը, Ցեղասպանությունը․ Գառնիկ Քերքոնյան

Դատական գործերը հետ կանչելով կորցնում ենք պատմության շարքը, որն այս դեպքերն իրար է կապում, կապում է պատերազմը, Ցեղասպանությունը․ Գառնիկ Քերքոնյան

«Ապառաժ»-ի հյուրն է միջազգային իրավագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը։

Գառնիկ Քերքոնյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության շուրջ։

-Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների շրջանակներում շատ է խոսվում հավաքական վերադարձի իրավունքի մասին,  հնարավո՞ր համարում եք այդ իրավունքի իրացումը։

-Վերադարձի իրավունքը երեք կարևոր սյուն ունի։ Առաջինն այն է, որ հավաքական պետք է լինի, երկրորդը, մանավանդ հիմա, որ ատելության խոսքը շարունակվում է Ադրբեջանի կողմից՝ պետք է լինի միջազգային երաշխիքներով։ Երրորդը, որ շատ կարևոր է, ժողովուրդը պետք է վերադառնա իր հիմնարար իրավունքներով։ Խոսքը կյանքի իրավունքի, ինքնորոշման և այլ իրավունքների մասին է։

Բավական հաջողություններ ենք ունեցել մեկուկես տարվա ընթացքում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տասնյակ տարիներով ժողովուրդները պայքարում են երրորդ ուժի հարթակի ստեղծման համար, մենք լրջորեն աշխատել ենք և գոնե Շվեյցարայի կառավարությանը համոզել ենք, որ միջազգային արդարադատության դատարանի որոշումներն ամրապնդում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, դա իրականացնելու համար հարթակ պետք է ստեղծվի և բավական առաջընթաց կա այդ առումով։

-Արցախի ժողովրդի իրավունքի մասին խոսելիս նաև սեփականության, գույքի իրավունքն ենք նկատի ունենում, քանդվում են եկեղեցիներ, տներ, գերեզմանոցներ։ Ի՞նչ կարելի է անել այս իրավունքը պաշտպանելու համար։

-Մի քանի դատական դատական գործեր ենք հարուցել, անշուշտ կան նաև պետական հայցեր։ ՀՀ դատական գործերից զատ արդեն այլ գործեր կան Լոնդոնում, ԱՄՆ-ում, Եվրոպական դատարանում։ Մայր աթոռը դատական գործ է հարուցել 2021 թվականին Ադրբեջանի, տարբեր ընկերությունների դեմ, որոնք շահաբաժին ունեին Բաքվի կատարած Ցեղասպանության, պատերազմի արդյունքների մեջ։

Հայցերը վերաբերում են մշակութային, անձնական գույքեր և իրավունքներ պաշտպանելուն։ Դատական գործերը երկարատև գործընթացներ են, անմիջական արդյունքներ չեն տալիս, բայց կարևոր է, որ մարդ հասկանա, որ հայերին վիրավորելով չի կարող առաջ գնալ առանց հարված ստանալու։ Դատական գործերը ճիշտ այդ նպատակով են բերվել և ապագայում պիտի ավելի լայնորեն օգտագործենք այդ, դատական գործերը ներկայացնել Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի վերաբերյալ՝ պաշտպանելու ժողովրդի իրավունքները։ Բայց այս դատական գործերը իրավաբանական դաշտում աշխատում են դիվանագիտական քայլերի հետ։ Միասնական մոտեցումը երկու առումով արդյունավետ կլինի։ Դժվար է ասել, թե ինչքան շուտ։ Իրավական առումով երկարատև գործընթաց է, բայց դիվանագիտական առումով բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել և հուսով ենք, որ Շվեյցարիայի Վերին պալատում հաջող քվեարկությունից հետո կստիպի Շվեյցարիայի  ԱԳՆ-ն քայլեր ձեռնարկի այդպիսի հարթակ ստեղծելու համար։

-Դատական գործերի առումով ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են պայմանագրի վերջին երկու դրույթները, որոնցից մեկը վերաբերում է միջազգային ատյաններում հայցերը հետ կանչելուն, ինչքանո՞վ է դա վնասելու աշխատանքներին և արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև անհատական դատերին։

-Որոշումը պետական դատական գործերի մասին է, ոչ թե անհատական։ Միջազգային դատական գործերը հետ քաշելու խոսքը սխալ է, որովհետև խաղաղության պայմանագրի հիմնական արդյունքը պետք է լինի, որ այն լինի արդար և արժանապատիվ։ Ըստ միջազգային փորձի, եթե պետություններն ուզում են պայմանագիր կնքել, պետք է այդ երկու թեմաների շուրջ լրջորեն մտածեն։ Այս իրավիճակում արդարությունը հենց միջազգային արդարադատության դատարանի որոշումներն են։ Կառավարությունը լրիվությամբ հակառակ է մոտենում հարցին։ Պետք է խաղաղության պայմանագիրն ընդգրկի միջազգային արդարադատության դատարանի որոշումները, ոչ թե հետ կանչենք, որ ունենանք խաղաղության պայմանագիր։ Միջազգային փորձում ճիշտ հակառակն ենք տեսնում, որ այսպիսի միջազգային իրավունքի սկզբունքները, հարցերն ընդգրկվում են խաղաղության պայմանագրում։

-Դատարանից բողոքը հետ կանչելը չի նշանակում արդյո՞ք, որ դատարանի աչքի առաջ դու քո սխալն ընդունում ես։

-Սա լրիվությամբ սխալ քայլ է։ Շատ կարևոր թեմաներ, թեզեր, նարատիվներ կան այդ դատական գործերի մեջ։ Կա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հիմքը դատարանի որոշումների մեջ։

Երկրորդ՝ այս ատելության մտածելակերպը, որ Բաքվում դեր է խաղացել իրենց պատերազմական որոշումների ընթացքում։ Սա շատ կարևոր է թեզ է, միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քայլերը, ճնշումները Հայաստանի վրա մի ավելի մեծ պատմության մաս են կազմում։ Այդ դատական գործերը այդ պատմության հիմքն են ստեղծում։ Դատական գործերը հետ կանչելով կորցնում ենք պատմության շարքը, որն այս դեպքերն իրար է կապում, կապում է պատերազմը, Ցեղասպանությունը։

Դրանք առանձին քայլեր չեն, մի նարատիվի մասեր են։ Ադրբեջանն Արցախի զավթումից հետո նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ արևմտյան Ադրբեջանի, միջանցքի հարցերը, Սահմանադրության հարցը։

Դատական գործերը հետ կանչելը սխալ է ոչ միայն իրավաբանական առումով, այլ նաև դիվանագիտական առումով մեծ կորուստ կլինի։ Վտանգի տակ է դնում ոչ միայն իրավունքները, նարատիվները, այլ նաև պետության դիվանագիտական պատմությունը, որը մեր պետությունը պետք է մյուսներին պատմի։

Խաղաղության պայմանագիրն ինձ հիշեցնում է 1938-39 թվականներին Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի դեպքը, երբ Մյունխենում Հիտլերի հետ պայմանագիր ստորագրեց, հետ գնաց Լոնդոն ուրախությամբ ասելով՝ ունեմ խաղաղության պայմանագիր, Հիտլերի աչքերի մեջ նայեցի, նա ինձ վստահեցրեց, որ Եվրոպայում խաղաղության կլինի։ Ի՞նչ տեսանք արդյունքում։ Երկրորդ աշխարհամարտի ամենագլխավոր դասն այն է, որ զիջումների շարքը խաղաղություն չի բերելու։ Մենք ճիշտ նույն վիճակում ենք, եթե այս դասը չլսենք, մեր անվտանգության ապագան դժվար իրավիճակում կլինի։

Արցախը իրենց Չեխոսլովակիան է, սա գործընթացի վերջը չէ, սկիզբն է։ Սա ավելի մեծ ծրագրի առաջին քայլն է, որի մասին իրենք հպարտությամբ հայտարարում են։

Մենք պետք է ակտիվորեն պաշտպանենք մեր իրականությունը, մեր նարատիվները, որովհետև, եթե մենք դիվանագիտորեն և իրավաբանորեն առաջ չտանենք մեր փաստարկները, այդ դաշտը կլցվի իրենց նարատիվներով։ Դա արդեն իսկ տեղի է ունենում և մեկ-երկու տարի հետո արդեն ինքնորոշման իրավունքի մասին չենք լսի, կլսենք անջատողականության, ապառազմականացման մասին։

Իրենք փորձում են մեր Սփյուռքը ոչնչացնել, բայց միաժամանկ իրենց Սփյուռքն են ստեղծում, հզորացնում։

-Այս պայմաններում ի՞նչ անելիք ունի հայությունը ադրբեջանական նարատիվները չտարածելու համար։

-Նախևառաջ պետք է հասկանանք, որ այդպիսի պայքար ու այդպիսի պատերազմ կա։ Եթե չիմանանք, որ այդպիսի պայքար կա, կթողնենք, որ դրանք տարածվեն։

Բաքվում ընթացող դատական գործերի մասին օրինակ։ Ամիսներով միջազգային հանրությունը, հայ ժողովուրդը խոսում էր այս մասին, մինչև անցած շաբաթ ՀՀ կառավարությունը ոչ մի ձայն չէր հանում։ Հենց ձայն հանեց, նոր դռներ բացվեցին, պետության հնարավորություններն ավելի լայն են։ Պետք է արտգործնախարարությանը ստիպենք, չթողնենք, որ առանց այս փաստարկները օգտագործելու շարունակեն, պետք է ճնշենք, որ այս թեմաները, թեզերը լսվեն, խոսվի դրա մասին։

Սփյուռքն էլ, տարբեր կառույցներ էլ պիտի շարունակեն իրենց պայքարը, դիվանագիտական պայքարը, պետք է հասկանալ, թե ինչու ենք պայքարում, ո՞րն է բուն նպատակը։ Ադրբեջանի քայլերն իրար հետ կապված են, պետք է հասկանալ այդ ծրագիրը և պայքարել դրա դեմ։

1