Դաշնակցությունն առաջնորդվում է ժողովրդի պահանջներից բխող իրականությամբ
Գյուղական համայնքների համաչափ զարգացման վերաբերյալ Դաշնակցության ծրագրային դրույթները կարևոր են գյուղաբնակների բարեկեցության աստիճանական բարձրացմանը միտված պետական քաղաքականություն վարելու համար՝ «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Դաշնակցության ընտրացուցակով ԱՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Սևակ Բաղդասարյանը, ով ներկայումս Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավարն է:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ հաջողված օրինակ է նաև Դաշնակցության կուսակցական կառավարման ապակենտրոն համակարգը, որի շնորհիվ կուսակցությանը հաջողվել է դիմակայել տարբեր ժամանակների բազում դժվարություններին ու հալածանքներին:
«Միայն այն փաստը, որ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցը ղեկավարվում է ոչ թե վերևից, այլև ներքևից եկող որոշումներով, նշանակում է, որ կուսակցության գործունեության համար առաջնային է ժողովրդի խոսքն ու պահանջը: Նույնը հաջողությամբ կարելի է կիրառել նաև Արցախում: Օրինակ, Դաշնակցության նախընտրական ծրագրով Արցախում նախատեսվում է կառավարման ապակենտրոն համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին իրենց հիմնախնդիրներն ու պահանջները հասցնել իշխանությանը: Միաժամանակ, այդպիսով կհստակեցվեն արցախյան գյուղական բնակավայրերի զարգացման համար ելակետային ու առաջնային նշանակություն ունեցող կենսական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ վերջնական որոշումներ կայացնելուց առաջ՝ անհրաժեշտություն են համայնքներից եկող ազդակները»,-ասաց Ս. Բաղդասարյանը:
Նրա հաղորդմամբ, դեռևս 2005 թվականին է որոշում ընդունել համալրելու ՀՅԴ շարքերը, երբ կուսակցությունն Արցախում դեռ ընդդիմություն էր և հեշտ ժամանակներ չէին:
«Ինձ համար, որպես արցախցի երիտասարդ, Դաշնակցությանն անդամագրվելու որոշում ընդունելու համար կարևոր էր այն, որ ժամանակների ու քաղաքական հանգամանքների պարտադրանքով ՀՅԴ-ն իր 130-ամյա պատմության ընթացքում եղել և մնում է կայուն, համազգային քաղաքական ուժ՝ իր ազգաշահ գաղափարներով ու սկզբունքներով»,-ասաց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ 130-ամյա պատմությունը վկայում է նաև, որ Դաշնակցությունը կայուն է իր որոշումներում, իսկ նրա ցանկացած խոսք աշխատանք է: Պատգամավորի թեկնածուն նշեց, որ միջազգայնորեն չճանաչված Արցախի համար կարևոր նշանակություն ունի մի քանի տասնյակ երկրներում ներկայացված ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների ներուժն ու հնարավորությունները, մասնավորապես՝ Հայ Դատի գրասենյակները, որոնք, ըստ նրա, Արցախի յուրօրինակ դեսպանատներն են:
«Եթե միայն վերջին ամիսների կտրվածքով դիտարկենք Դաշնակցության համազգային կառույցների գործունեությունը, ապա կտեսնենք այն հսկայական աշխատանքը, որ տարվել է միջազգային հարթակներում՝ հայկական զույգ պետությունների դիրքերը հնարավորինս ամրապնդելու, Արցախի Հանրապետության ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև միջազգային ատյաններում հայանպաստ նախագծերն առաջ մղելու, իսկ հակահայկականը կանխելու գործում: Սա ևս վկայում է, որ անկախ նրանից, թե ով է գալու իշխանության՝ Դաշնակցության գործուն ներկայությունը միշտ կարևոր է լինելու մեր երկրի ու ժողովրդի համար: Դաշնակցությունը կայացած մի կառույց է, որը գործնական հանդիպումներ կարող է ունենալ այս կամ այն գերտերությունների ղեկավարների հետ, ինչը մեզ համար լայն հնարավորություններ է ընձեռում», -ասաց պատգամավորի թեկնածու Ս. Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ ով էլ ընտրվի Արցախի Հանրապետության ղեկավար, միջազգային հարթակներում կարևոր խնդիրներ լուծելու համար պետք է ուղեկից ու միջնորդ ընտրի Դաշնակցությանը, մի կուսակցություն, որի շարքերն իրենց երդումով համալրում են նվիրյալներ, ովքեր գործում և առաջնորդվում են այն իրականությամբ, որը բխում է ժողովրդի պահանջներից: