Դաշնակցությանը «հացի տաշտ» է՝ կերակրաման չի, եթե չես գիտակցում՝ բարի ճանապարհ․ Սպարտակ Ղարաբաղցյան
Իմ պապը կաշեգործ է եղել։ Եկել են՝ պապիս մշակած կաշին գտնելու համար, տանը՝ 5 տարեկան քեռուս 2 կոնֆետ են տվել, ասել՝ հորդ կաշվի տեղն ասա։ Նույն բանն է այսօր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց գրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի անդամի միջոցով Դաշնակցության ներսից ինֆորմացիա կորզելու երևույթին։
«Հատկապես 1937 թվին էդ մեթոդը շատ էին օգտագործում»,-ասաց նա։
Բայց խորհուրդ տվեց՝ ջահելներին կանչելուց առաջ մի քիչ պատմություն սովորել․ «Որ եթե ուզում եք ինչ-որ բան դրանց բերնից քաշել, մի քիչ խելք ունեցեք, որ կարողանաք նրանց օգտագործել»։
Մեջտեղում «2 կոնֆետ» կա՞, թե՞ ոչ, Սպարտակ Ղարաբաղցյանը չգիտի․ «Ես չէի ուզի, որ տենց լինի, բայց իրենց ձեռագիրն է սա»։
Երիտասարդների ներքին ազատությունը, ըմբոստությունը Սպարտակ Ղարաբաղցյանին սկզբնական շրջանում նույնիսկ ուրախացնում էր, բայց երբ դա վերածվեց զրպարտանքի, անակնկալի եկավ․ «Մտածում ես, թե՝ էս երբ հասցրին փչանալ այսքան»։
ՀՅԴ-ից արտաքսված անդամներից մեկը շարունակում է աշխատել Դաշնակցության քույր կառույցի՝ Համազգային կրթամշակութային միության գրասենյակում, որի կենտրոնական վարչության անդամ է Սպարտակ Ղարաբաղցյանը․ «Հիմա էլ շարունակում է աշխատել, բայց մի տեսակ, բարոյական նկարագրի խաթարման հարցն է, որ, անկախ ինձանից, ես էլ եմ ինձ մեղադրում․․․ արդեն 3-րդ տարին է այդ աշխատանքի մեջ ենք, անգամ հիմա զարմանում եմ, որ ականատեսն ենք նման բաների»։
Քննադատելու իրավունքն ուրիշ է, զրպարտանքն՝ ուրիշ․ դա Դաշնակցության ձեռագիրը չէ՝ ասաց նա։
«Էն բոբոյի կերպարանքն է ստեղծվել, որ ստեղ պատժիչ ջոկատներ կան, չգիտեմ ինչեր կան․․․ բաներ են ասում, որ ովքեր Դաշնակցությունից մինչև անգամ գիտելիքներ էլ չունեն, նրանց հետ նստած հարցազրույց են վարում, առանց հասկանալու, որ էս նույն ուղտը իրենց դռանն է չոքելու ավելի վատ իմաստով»,-նկատեց Սպարտակ Ղարաբաղցյանը։
Դաշնակցությունն այս դպրոցը անցել է 1994 թվականին և մտավորականը 94 թվականի պատմության կրկնվելու վտանգտավոր միտում է նկատում․ «Եվ բնական է, որ այս հումքն են օգտագործում՝ երիտասարդության այս տեսակլը, որին կարելի է իսկապես օգտագործել»։
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Դաշնակցությունը պառակտելու այս մեթոդները հասել են նաև Սպարտակ Ղարաբաղցյանին․ «Ինձ, օրինակ, առաջարկեցին, որ դիմում գրեմ, Դաշնակցությունից հրաժարվեմ, որ մնամ իմ աշխատանքին․ այն ժամանակ Սպայի տան պետն էի՝ 1994 թ-ին։ Առաջարկողին ես ասացի, որ դա անհնարին բան է, որովհետև եթե դու երդվել ես, արդեն քո երդումի տերն ես։ Դաշնակցություն ներսուդուրս անելը դիմում գրելով չի, ոտքդ Դաշնակցություն ներս դնելուց հետո դու արդեն քոնը չես։ Ամենամեծ հարստությունը Դաշնակցության կենսափորձի ժառանգությունը վերցնելն է։ Եթե 18-20 տարեկանն է մտնում Դաշնակցության շարքերը, ինքն անկախ իրենից դառնում է + 130 տարի․ այդ ամբողջ անցած ճանապարհի ժառանգության տերը դու պետք է դառնաս։ Եթե չես կարողանալու, ուրեմն մի փորձիր այդ տաճարով ներս մտնել»։
Այսուհանդերձ, մեր ժամանակաշրջանի հետ համեմատելով՝ Սպարտակ Ղարաբաղցյանը դառը ժպտում է․ «Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանում մեր դիմաց նաև գաղափարական կռիվ տվողներ ունեինք, ինտելեկտի խնդիր էլ կար, հիմա չգիտես՝ ում հետ վիճես, ում բան հասկացնես»։
Դաշնակցությունից արտաքսված՝ ՆԱՈՒՄ անդամներից մեկը հարցազրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին դեմ էին, քանի որ համոզված էին, որ նա հրաժարական չի տա․․․ Սպարտակ Ղարաբաղցյանը զուգահեռ է տանում․ «Նույնն է, որ Սարդարապատի ճակատամարտից խռովեք, ասեք՝ չեմ մասնակցում, որովհետև թշնամու բազմահազարանոց բանակ է առջևում․ սա դաշնակցականի կեցվածք չէ»։
Դաշնակցության ներսում, նրա խոսքով, ամեն ինչից կարելի է օգտվել, բայց պետք է նաև պատասխանատվությամբ մոտենալ արժեքներին։
«Իրենք «տաշտ» բառը շատ են սիրում, չէ՞, «կերակրալափի» իմաստով․ Դաշնակցությանը «հացի՛ տաշտ» է՝ կերակրաման չի։ Իսկ հացի տաշտը միշտ սուրբ է լինում։ Եթե դու չես գիտակցում, որ դրա պատասխանատուն ես, ուրեմն օր առաջ քեզ բարի ճանապարհ»,-ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը։
Դաշնակցությունը օվկիանոսի նման մաքրվելու հատկություն ունի, հավելեց մտավորականը, երևի թե այս մի շրջանն էլ պետք է ապրել։
«Ես չեմ ասում մենք ոտքից գլուխ հրեշտակներ ենք, մենք էլ շատ թերություններ ունենք, հենց թեկուզ՝ այս երկփեղկված երիտասարդներ ունենալն էլ է մեր այսօրվա խնդիրը»,-ասաց նա։
Նոր շրջանում Սպարտակ Ղարաբաղցյանը Դաշնակցության դերը կրկին առանցքային է համարում․ «Միշտ ողնաշարի շուրջն ա մնացած բաները կառուցվում, իսկ Դաշնակցությունն ու նրա պատմությունը մեր որձաքարի պատմությունն ա։ Հայաստանն իր տեղով էլ որձ երկիր ա, իսկ Դաշնակցությունն էլ՝ որձ գաղափարախոսություն ա»։
Դաշնակցության մասին վատ բան ասող «դուրսպրծուկին» Ղարաբաղցյանը խորհուրդ է տալիս՝ ուրեմն թող բերանը ողողի, նոր Դաշնակցության անունը տա։
Yerkir.am