Դաշնակցության ուշադրության կենտրոնում է Սփյուռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջև ամուր կապի ապահովումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության ուշադրության կենտրոնում է Սփյուռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջև ամուր կապի ապահովումը

Դաշնակցության ուշադրության կենտրոնում է Սփյուռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջև ամուր կապի ապահովումը

2021թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 5-ը ինձ և իմ ընկեր Բենոյին բախտ վիճակվեց այցելել Սիրիա, ծանոթանալ սիրիահայ համայնքին և այնտեղ տարվող աշխատանքներին:

Նախաձեռնությունը ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակինն էր, որի նպատակը Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումն էր, նամանավանդ՝ ՀՅԴ երիտասարդական, պատանեկան և ուսանողական միությունների մակարդակներով:

Իհարկե, նախքան մեկնումը մենք  Սիրայում տիրող իրավիճակի մասին ճիշտ պատկերացումներ չունեինք, ավելին՝ եղածն էլ, պարզվեց, այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը:

Մեր ընկերները մեր այս որոշումը խելամիտ չէին համարում՝ ասելով, որ  պատերազմական մի տարածաշրջանից մեկ այլ պատերազմական տարածաշրջան ենք մեկնում, սակայն հետագայում պետք է հասկանայինք, որ սա սովորական այցելություն չէր, և որ այս այցն անհրաժեշտություն էր թե՛ մեզ, թե՛ սիրիահայության համար:

Հալեպի օդանավակայան հասանք արդեն երեկոյան և ունենիք շատ հակասական զգացումներ: Դեռևս օդանավում արդեն հասկացել էինք՝ քաղաքը մթության մեջ կորած էր: Մենք դա  կանխատեսում էինք:

Ժամանման սրահում մեզ դիմավորեցին ընկերուհի Մարիա Գաբրիելյանը, Սևան Շահբազյանը, ընկեր Ներսես Բարսումյանը և Հովան Պյուլպյուլյանը, ովքեր առաջին իսկ վայրկյանից  ոչ մի ջանք չէին խնայում, որպեսզի մենք մեզ հարազատ զգայինք,և ընդհանրապես, ոչ մի բանի կարիք չունենանք: Ուղևորվեցինք «Արամ Մանուկյան ժողովրդային տուն», ծանոթացանք իրար հետ, ապա դուրս եկանք զբոսնելու գիշերային Հալեպով:

Հալեպը կորած է լարային սարդոստայնի մեջ: Մարդիկ լույս չունեն, ուստի լարերով գեներատորներից են հոսանք հասցնում շենք: Մթության մեջ մեզ լուսավորում էին անցորդների փայլող աչքերն ու ջերմ ժպիտները, որոնք ուղղված էին դեպի մեզ: Փողոցում լսում էինք հայերեն խոսք, անցորդները մեծամասամբ մոտենում և բարի գալուստ էին մաղթում մեզ. պարզվեց՝ գաղութում բոլորը գիտեին և սպասում էին մեր ժամանմանը:  

Մեզ միացան Անդրանիկ Մութաֆյանը, Շանթ Հայրապետյանը և Հովիկ Բարսումյանը, ովքեր անհամբեր սպասում էին մեզ և հետագայում էլ փորձում էին ազատ ժամանակ գտնել՝ մեր խիտ ժամանակացույցի մեջ մեզ հետ ժամանակ անցկացնելու:

Այցելում ենք առաջին տեսարժան վայրը. գեղեցիկ է «Բաբ ալ Ֆարաջ»-ի աշտարակը՝ մթության մեջ լուսավորված:

Սիրիական հյուրընկալ հողն առաջին հանգրվանը դարձավ, որտեղ ապաստան գտան ցեղասպանությունից մազապուրծ հայերը: 16-րդ դարից սկսած Հալեպում կար հայկական գաղութ, սակայն այն ավելի կազմակերպվեց և  վերաձևավորվեց ցեղասպանությունից հետո: Արևմտյան Հայաստանից, Դեր Զորի անապատներից փրկված հայերը  հաստատվեցին Հալեպում, Համմայում:  Հալեպի շրջաններից «Մայդան»-ը, որտեղ հիմնականում հաստատվել էին մեր հայրենակիցները, անվանակոչեցին «Նոր գյուղ»: Այստեղ էլ կենտրոնացված են հիմնական հայկական շենքերը, ակումբները, եկեղեցիները, դպրոցները, մարզական կենտրոնները, տպարանը:

Սիրիայի ժողովուրդը հանդուրժողականությամբ ընդունեց տեղահանված հայերին և, տարիների ընթացքում այդ հանդուրժողականությունը վերածվեց հարգանքի առ հայ ժողովուրդ, հայկական մշակույթ ու կրոն:

Գաղութի կյանքն այսպես շարունակվել է. բացվել են եկեղեցիներին կից դպրոցներ, նախակրթարաններ, տպագրվել տասնյակ թերթեր: 2010թ. դրությամբ Սիրիայում հայերի թիվը կազմում էր մոտ 75 000, մեծամասնությունը՝ 50 000-ը՝ Հալեպում: Հալեպում է տեղակայված նաև Բերիո թեմ նստավայրը: Սիրիայում տպագրվող միակ թերթը հայկական «Գանձասար»-ն է, որի խմբագրական կազմի հետ ևս առիթ ունեցանք հանդիպելու:

2010թ. Սիրիայում սկսված պատերազմը պատճառ դարձավ սիրիահայության նոր արտագաղթի: Մեծամասնությունը՝ 2/3-ը, արտագաղթեց Հայաստան, Կանադա, Եվրոպա: Եվ, բնականաբար, վերջին 10 տարիներին գաղութի կյանքը հիմնովին փոխվեց:

Կրթական բնագավառ: Սիրիայում գործում է  28 հայկական դպրոց, Հալեպում՝ 14 հայկական վարժարան, սակայն միայն 3-ում է, որ սովորում են բացառապես հայ աշակերտներ: Մնացած դպրոցներում, որտեղ կրթության որակը բավականին բարձր էր, ցավոք, նաև արաբ աշակերտներ սկսեցին ընդգրկվել՝ աշակերտների թվի նվազման պատճառով:  

Սիրիայում մենք այցելեցինք հայկական 8 դպրոցներ, որտեղ հանդիպումներ ունեցանք ուսուցչական և աշակերտական անձնակազմի հետ, ներկայացրինք Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը, խոսեցինք ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միության աշխատանքների մասին, ներկայացրինք պատերազմի սկսման դրդապատճառներն ու ընթացքը, մի քանի դրվագ պատմեցինք մեր տղաների կատարած  բազմաթիվ հերոսական արարքներից, պատասխանեցինք նրանց հուզող հարցերին, ինքներս էլ ծանոթացանք ուսումնառության կազմակերպման ընթացքին, շենքային պայմաններին:

Հատկապես մեզ համար տպավորիչ էր երեխաների և, ընդհանրապես, հայության՝ հայոց լեզվով վարժ ու ազատ խոսելը, չնայած փոքր տարիքներին՝ մեծահասակին վայել քաղաքական ու տնտեսական հարցերի մասին պատկերացումները, նրանց ցանկությունները՝ Արցախ գալու, զինվոր դառնալու, Հայրենիքը պաշտպանելու: Հիշատակման են արժանի Հրանտ Կիրակոսյանի խոսքերը՝ «Եթե պետք է մեռնեմ, թող հայրենիքիս համար մեռնեմ»:  Իրենք անձամբ հուզվում էին իրենց իսկ երգած հայրենասիրական երգերից, հարցնում Արցախում ապրող իրենց հասակակիցների մասին:

Նկատելի էր այն ճանաչումը, հարգանքն ու սերը, որ վայելում էին սիրիահայ երեք նահատակ հերոսները՝ թե՛ փոքրերի և թե՛ մեծահասակների շրջանում:

Եկեղեցիներ: Պատերազմի  ընթացքում Հալեպում միայն Սուրբ Գևորգ եկեղեցին է, որ ամբողջությամբ հրկիզվել է այնտեղ ընկած արկից, մնացած չորսը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սրբոց Քառասնից Մանկանց, Սբ. Աստվածածին, Սբ. Հակոբ եկեղեցիներն առ այսօր գործում են, իսկ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Այցելեցինք նաև Քեսաբի և Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցիները: Տեղի քահանաներն ու աշխատողները բարեհամբույր և մանրակրկիտ բացատրում էին մեզ յուրաքանչյուր եկեղեցու կառուցման պատմությունը և ունեցած նշանակությունը հայապահպանության գործում: Նրանց, և, անշուշտ, մեզ համար ևս հպարտանալու առիթ էր այնտեղ տեղադրված ամեն մի խաչքար, որոնցից յուրաքանչյուրի պատմությունը սիրով պատմում էին մեզ:

Մենք հանդիպում ունեցանք նաև Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ  հայր Մասիս Սրբազան Եպիսկոպոս Զոպույանի հետ: Սրբազանը համապարփակ կերպով անդրադարձավ Թեմի պատմությանը, Սիրիայի պատերազմի ծանր տարիներին, քաղաքական առումով համեմատաբար ավելի կայուն ներկա իրավիճակին եւ Թեմի ողջ տարածքի ուսումնական, կրթական, եկեղեցական, կրոնական առաջիկա լայնածավալ ծրագրերին։

Մենք էլ մեր հերթին Սրբազան Հորը տեղեկություններ փոխանցեցինք Արցախի ներկա իրավիճակի և  առկա դժվարությունների մասին, ինչպես նաև անդրադարձանք Արցախի 44-օրյա պատերազմին։

Մշակութային կյանքը: Հալեպում գործում են մարզական, բարեսիրական, մշակութային միություններ: Մենք այցելեցինք Սիրիայի երիտասարդական, պատանեկան և ուսանողական միություններ, մասնակցեցինք նրանց աշխատանքներին, հավաքներին, ինչպես նաև կազմակերպեցինք քննարկումներ, դասախոսություններ Հայաստանի և Արցախի քաղաքական իրավիճակի, երիտասարդական կյանքի, առկա խնդիրների և մարտահրավերների մասին:

Հանդիպումներ ունեցանք ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի սկաուտ խորհրդի անդամների հետ, քննարկեցինք համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Տպավորիչ էին պատանիների և երիտասարդների կարգապահությունը, կազմակերպվածությունը և գիտելիքները հայոց պատմության և լեզվի մասին:

Հալեպի հայկական գերեզմանոցում  ամփոփված են նշանավոր շատ հայեր: Այցելեցինք ընկ. Սահակ Նալբանդյանի, Սիրիական պատերազմին Հալեպի հայկական թաղամասերի պաշտպանության գործը ստանձնած ընկ. Ռաֆֆի Պչագճյանի, հայ ազգի նվիրյալ  Քարէն Եփփեի եւ մեր գրականության տիտաններից գրականագետ Հակոբ Օշականի գերեզմաններին, հարգանքի տուրք մատուցեցինք  Արցախի 44 օրեայ պատերազմում Շուշիում նահատակված անմահ մեր հերոս ընկերների, Լիզբոնի տղաների, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ խոնարհվելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:

Համայնքի մարտահրավերները: Համայնքի խնդիրները հիմնականում տնտեսական են: Մինչև 2010թ. գաղութը բավականին լավ էր ապրում: Այն իր ներդրումն է ունեցել Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ կերտելու և Արցախը շենացնելու գործում: Երկրում կոմունալ ծառայությունները գրեթե անվճար էին, սակայն պատերազմից հետո  այս ծառայություններն արդեն չեն հերիքում բնակչությանը: Մարդիկ  երկու ժամ են կարողանում լույս ստանալ: Սիրիական լիրան 70 անգամ արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Հայերին պատկանող խոշոր գործարանները պատերազմի ընթացքում կողոպտվել են Թուրքիայի կողմից:

Հրթիռակոծության հետևանքով բազմաթիվ հայեր անտուն են մնացել: 2012թ. ՀՅԴ նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Շտապ օգնության և վերականգնումի» մարմինը: Այդ ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ժամանելով Հալեպ, անմիջապես հանդիպումներ ունեցավ  տեղի միությունների և կուսակցությունների հետ, ինչից հետո բոլորը ներառվեցին վերոնշյալ մարմնի մեջ: Այն գործեց մինչև 2020թ. և օգտակար դարձավ տների վերանորոգման գործում:  Համայնքի համար կարևոր էր կրթության շարունակականության ապահովումը, ուստի 10 տարի կրթաթոշակ չգանձվեց աշակերտներից, և վճարվեց  ուսուցիչների աշխատավարձը:

Այժմ Հալեպում գործում է Բերիո Հայոց Թեմին պատկանող նպաստից հանձնախումբ, որտեղ ևս առիթ ունեցանք այցելելու, ծանոթանալու նրանց աշխատանքներին:

Հալեպում գործում է Սիրիահայ օգնության խաչը, որի շնորհիվ Հալեպում գործում է հայկական դարմանատուն, կանանց միություն, մանկամսուր: Այստեղ ևս մենք հյուրընկալվեցինք և ծանոթացանք նրանց աշխատանքներին:

Պատերազմի արդյունքում ավերվել է նաև Հալեպում գործող հայկական ծերանոցը: Մեծահասակաները ժամանակավորապես տեղափոխվել են Վերժին Գյուլբենկյանի անվան մայրանոցի շենք: Մենք առիթ ունեցանք նաև տեսնելու այդտեղի բնակիչներին, ծանոթանալու նրանց պայմաններին ու խնդիրներին:

Մարդուժ: Ցավոք սրտի, պատերազմի հետևանքով համայնքի թիվը հասել է 15 000-ի: Հայությունը արտագաղթեց, իսկ նրանց  մեջ էին նաև ուսուցիչներ, վարչական ղեկավարներ, արհեստավորներ: Այսօր կան արհեստներ, որոնք արդեն չեն գործում Հալեպում:  Սակայն հալեպահայերը, որոնք արդեն Սիրիայից դուրս են ապրում, աջակցում են համայնքում իրականացվող բոլոր ծրագրերին: Վերջերս նրանց ջանքերով վերանորոգվել է հոմենեթմենի ֆուտբոլի  և բասկետբոլի դաշտերը:

Պատերազմ: Երբ սկսվեց պատերազմը, հայկական շրջաններն ավելի ապահով էին: Արվարձաններ կային, որ  զինյալները գրավել էին առաջին իսկ օրերից:  Հայկական շրջաններում առաջին հրթիռներն ընկան  2012թ. հուլիսի 23-ին: Իսկ սեպտեմբերի 23-ին զինյալներն արդեն հարձակվեցին Նոր գյուղի շրջանի վրա  և հասան  Ազգային ճեմարանի հետևի թաղամասը: Դաշնակցությունը ստանձնեց հայկական թաղամասերի ինքնապաշտպանությունը և, եթե մեր ընկերների այդ մոտեցումը չլիներ, իրենց կյանքի գնով թաղամասի պաշտպանությունը չկազմակերպվեր, հայկական շրջանները ևս կգրավվեին ծայրահեղականների կողմից: 100-200 երիտասարդներ գիշեր- ցերեկ հերթապահում  էին  թաղամասերում, հայկական շենքերի մոտ՝ չունենալով որևէ փորձառություն: Կատարված աշխատանքների արդյունքն այն եղավ, որ այս շրջանները մնացին աննվաճ, կողոպուտ չիրականացվեց:

Նոր գյուղի վրա հարձակումն իրականացվել է «Սուլթան Մուրադ» խմբակի գլխավորությամբ, որն ահաբեկչական խմբակ է՝ թուրքական ֆինանսավորմամբ: Քանի որ Նոր գյուղում տեղակայված են հիմնական հայկական շենքերը, դպրոցները, եկեղեցիները, տպարանը, ուստի Թուրքիան նպատակ ուներ ոչնչացնելու հայկական ամենազորավոր գաղութներից մեկը:

Ընդհանուր առմաբ, եթե ամփոփենք մեր այս երկշաբաթյա այցը, պետք է նշենք՝ լավագույն օրերն էին մեզ համար այս տարվա ընթացքում:

Պետք է շնորհակալություն հայտնենք պատանեկան միության Ընդհանուր վարիչ մարմնին, Սիրիայի երիտասարդական միության անդամներին, դաստիարակներին՝ տարիներ ի վեր դրսևորվող բարձր գիտակցման, սերունդների կրթման ու հայապահպանման գործում ունեցած անգնահատելի ավանդի, պատանիների մոտ ազգային ինքնության բարձրացման և ազգային դաստիարակություն տալու համար:

Շնորհակալ ենք նաև պատանիներին, որոնք տվեցին մեզ բազմատեսակ հարցեր հայրենիքի, 44-օրյա պատերազմի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք դասախոսություններով հանդես գալու նրանց համար և ներկայացնելու մեր հայրենիքի ֆիզիկաաշխարհագրական դիրքի, Արցախյան պատերազմների, անկախության կերտման, մշակութային, կրթական բնագավառների մասին: Ուրախ ենք, որ նրանց մեջ հույս արթնացրինք և ամրապնդեցինք այն միտքը, որ բոլորս պարտավոր ենք գործել ի շահ մեր հայրենիքի և ամեն ինչ անել հայրենիքի փրկության համար:

Հալեպ
Լաթաքիա
Դամասկոս
Քեսաբ

Լիահույս ենք նրանց տեսնել Սիրիայի երիտասարդական միության շարքերում: Հուսով ենք, որ ապագայում մեր ընկերները ևս առիթ կունենան ծանոթանալու արցախյան հյուրընկալությանը և իրենց աչքերով տեսնելու հայրենիքի ամեն մի հուշարձան ու եկեղեցի:

Մենք  կամրապնդենք կապերը նրանց հետ բոլոր հարթակներում և կշարունակենք համագործակցել՝ հանուն ապագա սերունդների հայեցի կրթման ու դաստիարակման:

Վահագն Խաչատրյան

1