Դաշնակցության թեկնածուների հանդիպումը Ստեփանակերտի քաղաքացիների հետ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դաշնակցության թեկնածուների հանդիպումը Ստեփանակերտի քաղաքացիների հետ

Դաշնակցության թեկնածուների հանդիպումը Ստեփանակերտի քաղաքացիների հետ

ՀՅ Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն ու պատգամավորի թեկնածուներ Արթուր Մոսիյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանը եւ Արմեն Սարգսյանը մարտի 1-ին հանդիպում են ունեցել Ալ․Հեքիմյան փողոցի բնակիչների հետ։

Ողջունելով ներկաներին Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահի թեկնածուին՝ նշելով, որ Արթուր Մկրտչյանից հետո Դաշնակցությունն առաջին անգամ է ներկայացնում Արցախի նախագահ ընտրվելու հայտ՝ ի դեմս Դավիթ Իշխանյանի։

«Դավիթ Իշխանյանն իր կենսագրության ողջ ընթացքում ժողովրդի ճակատագիրը որոշող իրադարձությունների կիզակետում էր՝ Արցախյան շարժում, պատերազմ, պետականաստեղծման գործընթացներ։ Դավիթ Իշխանյանն այն անձն է, որը կարող է հաշվետվություն ներկայացնել իր կյանքի ամեն մի րոպեի համար։ Նա ընկերվարական, սոցիալ-դեմոկրատական ծրագրերի իրականացման լիդեր է։ Նրա բացառիկը լինելու հանգամանքը պայմանավորված է նաեւ անդամակցությամբ ՀՅԴ-ին, որը նախկին Խորհրդային երկրների կուսակցություններից միակն է, որ անդամ է միջազգային Սոցինտերնին»,- ասել է Սարգսյանը։

Դավիթ Իշխանյանն իր հերթին Ստեփանակերտի քաղաքացիներին է ներկայացրել ՀՅԴ նախընտրական ծրագիրը, նշելով, որ առաջիկա տարիներին Դաշնակցությունը խիստ պահանջված է լինելու Արցախի ներքին ու արտաքին կյանքում։

«Մեզ չեն գայթակղում պատգամավորական մանդատները, նախագահական ու իշխանական տարբեր աթոռներ։ Մեզ հետաքրքրում է մեր ժողովրդի ճակատագիրը եւ ապագան։ Հենց այդ մտայնությամբ եւ Դաշնակցության սկզբունքներից ու նպատակներից բխելով է, որ մենք առաջադրել ենք մեր թեկնածուներին»,- իր խոսքում ասել է Դավիթ Իշխանյանը եւ անդրադարձել Դաշնակցության նախընտրական ծրագրի սկզբունքային մի շարք կետերի՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքի կնքում, Արցախի ամբողջ տարածքը վերաբնակեցման գոտի սահմանելուն ուղղված համապատասխան աշխատանքների ձեռնարկում, հովանավորչական երեւույթների արմատախլմանն ուղղված քայլեր, Սահմանադրական փոփոխություններ, Ազգ-բանակ հայեցակարգի մշակում։

«Արցախի զարգացման ու բարգավաճման համար նախապայման չէ միայն մեծ ծավալի պետական բյուջե ունենալը, այստեղ կարեւոր է պետական բյուջեի նպատակային եւ ճիշտ տնօրինելու սկզբունքը։ Մենք բավարար չենք համարում նախկին տարիներին պետական միջոցների տնօրինման քաղաքականությունը եւ պատրաստվում ենք աշխատանք տանել նաեւ այս ուղղությամբ»,- ամփոփելով խոսքն ասել է Դավիթ Իշխանյանը։

Պատգամավորի թեկնածու Արթուր Մոսիյանը ներկայացրել է պետաիրավական համակարգում Դաշնակցության առաջարկած ծրագրային դրույթները։

«Պետական կառավարման համակարգը որոշակի բարեփոխումների հանգրվան է անցել, բայց բարեփոխումների հետ միասին  առաջացել են պետության ընդհանուր զարգացումը դանդաղեցնող եւ արգելակող երեւույթներ, ինչպես օրինակ պետական ուռճացված համակարգը եւ մի շարք այլ գործոններ, որոնք պատճառ են հանդիսացել նաեւ համակարգի նկատմամբ ժողովրդի անվստահության։ Այս ուղղությամբ Դաշնակցությունը լուրջ անելիքներ է տեսնում»,-ասել է Արթուր Մոսիյանը։

Դաշնակցության նախընտրական ծրագրի սոցիալական հիմնադրույթներին անդրադարձել է պատգամավորի թեկնածու Արմինե Հարությունյանը՝ նախ կանգ առնելով աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հարցին։

«Դաշնակցությունն իրատես է եւ չի կարող խոստումներ տալ՝ ասելով, որ ընտրություններից հետո քաղաքացիների աշխատավարձը, թոշակը կկրկնապատկվի։ Մենք կարող ենք ասել միայն, որ մենք հնարավորություն ունենք յուրաքանչյուր տարի նշանակալի գումարով ավելացնել թոշակները, աշխատավարձերը եւ նպաստները՝ դրանք հասցնելով սպառողական զամբյուղի մակարդակի»,- ասել է Արմինե Հարությունյանը։

Բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկավորումների թեմայի մասին խոսելով Արմինե Հարությունյանն ասել է, որ Դաշնակցությունը հնարավոր է համարում վարկերի ամսական գումարը քաղաքացիների ֆինանսական հնարավորություններին համապատասխանեցումը։

«Մենք պետք է տուն ունենալու հնարավորություն ընձեռնենք մեր երկրի քաղաքացիներին։ Այս առումով ուղղակի անհրաժեշտ է ճիշտ մոտեցումներ ցուցաբերել, ինչին հանձնառու է ՀՅ Դաշնակցությունը»,- եզրափակելով իր խոսքն ասել է Արմինե Հարությունյանը։

Հավելենք, որ հանդիպման վերջում քաղաքացիները մի շարք հարցադրումներ են ուղղել Դաշնակցության թեկնածուներին, որոնք մասնավորապես վերաբերում էին սոցիալական ոլորտին։

1