Դաշնակցության թեկնածուները Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ հանդիպել են Վազգենաշենի բնակիչների հետ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դաշնակցության թեկնածուները Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ հանդիպել են Վազգենաշենի բնակիչների հետ

Դաշնակցության թեկնածուները Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ հանդիպել են Վազգենաշենի բնակիչների հետ

Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը եւ ԱՀ համապետական ընտրություններին Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներ Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանն ու Սուրեն Շինդյանն այսօր՝ փետրվարի 26-ին առաջին հանդիպումն ունեցել են Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի բնակիչների հետ:

Ողջունելով ներկաներին, Դավիթ Իշխանյանը նշել է, որ քարոզարշավի բնակիչների հետ առաջին հանդիպումը Վազգենաշենում նախաձեռնելը պատահական չէ:

«Վազգենաշենում առաջին հանդիպումը նախաձեռնելը խորհրդանշական է. Վազգենաշենը որպես ազատագրված տարածք ունի բավականին լուրջ պատգամ եւ Դաշնակցության կողմից ներկայացված թիմը այդ պատգամներով է առաջնորդվել»,- ասել է Դավիթ Իշխանյանը եւ ներկայացրել Արցախի համապետական ընտրություններին Դաշնակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը:

Անդրադառնալով նախընտրական ծրագրի տարբեր ոլորտներին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ բազմաքանակ կուսակցություններից եւ նախագահի թեկնածուներից Արցախի բնակչությունը այս համապետական ընտրություններին պետք է ընտրի այն կուսակցությանը եւ թեկնածուին, ովքեր ունեն Արցախի առջեւ ծառացած խնդիրները լուծելու պատասխանատվություն եւ ներուժ:

«Դաշնակցությունը հանրությանը ներկայանում է ոչ թե առաջիկա 5 տարիների զարգացման ծրագրով, այլ հեռանկարային զարգացման ծրագրով, որը երաշխավորում է առաջընթաց եւ կայունության ապահովում: Պետական բյուջեի ճիշտ բախշման, համահայկական ու միջազգային հարթակներում տարբեր ռեսուրսների օգտագործման եւ նպատակային անհրաժեշտ քաղաքականության վարման դեպքում Արցախի բարգավաճումը երաշխավորված է: Իսկ այդ ամենն ի կատար ածողը անշուշտ Դաշանակցությունն է»,- իր խոսքում ասել է Դավիթ Իշխանյանը:

Դաշնակցության համամասնական ցանկում ընդգրկված Արթուր Մոսիյանն անդրադարձել է  Դաշնակցության կարգախոսին՝ «Հաղթե՛լ ենք  միասին, չե՛ն զիջի միասին, կզարգանա՛նք միասին» եւ նշել, որ դաշնակցության համար միասնությունը գերխնդիր է:

«ՀՅԴ-ն այն ուժն է, որն իր ընտրողին չի խաբել: Եթե հնարավոր է եղել լուծել հարցը, խոստացել ու արել է, եթե հնարավոր չէր լուծումը, չի խոստացել եւ չի խաբել իր ընտրողին: Ժողովուրդը պետք է այս գիտակցումով կատարի իր ընտրությունը»,- նշել է Արթուր Մոսիյանը:

Հանդիպման ընթացքում վազգենաշենցիները մի շարք հարցադրումներ են ուղղել եւ կիսվել իրենց ակնկալիքներով:

Լուսինե Թեւոսյան

1