Դաշնակցության ծրագրում կա փաստ ու այդ փաստի լուծման ճանապարհ. Վահրամ Բալայան

Ինչու՝ վստահության քվե տալ Դաշնակցությանը…
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ ու պատգամավորի թեկնածու Վահրամ Բալայանի հիմնավորումը, թե ինչու ժողովուրդը պետք է վստահության քվե տա Դաշնակցությանը։
***
Դաշնակցությունն իրավունք ունի՞ լինել Ազգային ժողովում եւ ստանա՞լ ժողովրդի վստահության քվեն։
Այո, միանշանակ։ Ինչու՞ ունի այդ վստահությունը, որովհետեւ ունի կենսագրություն։ Մի կուսակցություն, որը մի դարի ընթացքում երկու անգամ վերակերտեց պետականություն։ Մի կուսակցություն, որը գլխավորեց ազգային ազատագրական պայքարը։ Մի կուսակցություն, որը ծնվեց ժողովրդի պատվերով՝ ժողովրդին ազատագրելու համար։
Դաշնակցությունը չի ստեղծվել նրա համար, որպեսզի որեւէ մեկին պատգամավոր դարձնի: Այս կուսակցությունը չի ծնվել նրա համար, որպեսզի որեւէ մեկին նախագահ դարձնի։ Այս կուսակցությունը ծնվել է ծառայելու հայ ժողովրդին, սպասարկելու հայ ժողովրդի շահերը իր ծնված օրից սկսած։
Ուշադիր հետեւեք ու կտեսնեք, որ այս կամ այն հարցում ժողովուրդը մեղադրում է հենց Դաշնակցությանը, որովհետեւ մեզանից սպասելիքները շատ են։ Իսկ որպեսզի սպասելիքներն իրականություն դառնան, պետք է Դաշնակցությանը տալ համապատասխան իրավունքներ։ Իրավունքները եւ պարտականությունները պետք է համարժեք լինեն։ Չի կարող պատահել, որ մարդ ունենա պատասխանատվություն, բայց չունենա իրավունք։ Այդ իսկ տեսանկյունից հանրությունը պետք է գիտակցի, գնահատի եւ որոշում կայացնի։
Որոշում կայացնի, որովհետեւ առաջիկա տարիներին մենք նոր բնագծեր ունենք նվաճելու։ Իսկապես բարդ ժամանակահատված ենք ապրում։ Մենք ստեղծել ենք մեր պետականությունը. սա աննախադեպ հարստություն է, բազում սերունդների երազանք է, բայց այս պետականությունը պետք է պահել՝ ոչ պատեհապաշտությամբ, նյութապաշտությամբ, պաշտոնասիրությամբ։ Այս պետականությունը պետք է պահել երկիրը սիրելով, իր կողքինին սիրելով, հարեւանին սիրելով ու հարգելով։
Ես կարծում եմ, որ Դաշնակցության մեջ եղած մեր գործիչներն ունեն այդ որակները: Այդ որակներն ունեն, որովհետեւ կուսակցությունը մաղ է. ովքեր չեն դիմանում այդ մրցակցությանը՝ դուրս են մղվում։ Դաշնակցական լինելը հեշտ բեռ չէ, եւ այն մարդկանց, որոնք այդ բեռն ուսած տանում են, պետք է արժանավույնս վերաբերվել։
Մենք միասին իսկապես երկար ճանապարհ ունենք անցնելու: Միասին կերտեցինք հաղթանակը, այսօր այդ հաղթանակը պետք է կերտենք խաղաղ կյանքում, բայց դավադիր թշնամին միշտ հետամուտ է, որպեսզի խլի մեր ձեռքից խաղաղությունն ու անկախությունը։
Դաշնակցությունն ահա այստեղ է, որ զինվոր է, կարող է պաշտպանել այդ խաղաղությունը, անվտանգությունը եւ անկախությունը, որովհետեւ ասելիք ունի աշխարհասփյուռ իր կառույցներով։
Դաշնակցության նախընտրական ծրագիրը տալիս է բազում ու բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այստեղ պոպուլիզմ չկա։ Դաշնակցության ծրագրում կա փաստ ու այդ փաստի լուծման ճանապարհ։ Մենք առաջարկում ենք այդ ճանապարհը, եւ այդ ճանապարհը մենք կարող ենք անցնել ժողովրդի օժանդակությամբ։
Լուսինե Թեւոսյան