Դաշնակցության համար անընդունելի են այն զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները. Դավիթ Իշխանյան Լրացուցիչ տեղեկությունների համար
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության համար անընդունելի են այն զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները. Դավիթ Իշխանյան Լրացուցիչ տեղեկությունների համար

Դաշնակցության համար անընդունելի են այն զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները. Դավիթ Իշխանյան Լրացուցիչ տեղեկությունների համար

Ներկայացնում ենք ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հարցազրույցը Armenia today-ին:

-Պարոն Իշխանյան, դուք որպես ԱՀ նախագահի թեկնածու, չեք արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝  ներկայացնել Արցախյան հիմնահարցի լուծման Ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Ես հետևել եմ Արցախի հիմնահարցի ուղղությամբ Կապանում հնչեցրած ՀՀ վարչապետի խոսքին և ԱՀ նախագահի թեկնածուների արձագանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ տեղեկություններ չի տվել մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերել է ինչ-որ լրատվամիջոցի ինչ-որ հրապարակում, որին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից մեջբերված կետերը Արցախի հարցի լուծման ուղղությամբ չեն կարող ընդունելի լինել Դաշնակցության համար ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում:

Մեր քաղաքական դիրքորոշումը հստակ ու պարզ է եղել դեռևս 1990-ական թվականներից, և ոչ ոք չի կարող կասկածել Դաշնակցության վճռականությանն ու ուղղամտությանը:

Դաշնակցության համար անընդունելի են բոլոր այն առաջարկներն ու զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները:

-ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքում ՀՅԴ ներկայացված չէ խորհրդարանում, այս առումով ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն Արցախում:

-Արցախում Դաշնակցությունը միշտ էլ կայուն ընտրազանգված է ունեցել: Արցախի ժողովուրդը չի մոռացել ՀՅԴ ավանդը Արցախի ազատագրման գործում: Առաջին զինված խմբերը ստեղծվել են Դաշնակցության միջոցով, առաջին զենքերը Դաշնակցությունն է Արցախ հասցրել։ ՀՅԴ-ի հիմնական գործառությունը զինվելն էր, որովհետև մենք անցել էինք ինքնապաշտպանության, հանրապետության կերտման ուղին և գիտենք, որ ամենալավ պաշտպանությունը պատերազմին միշտ պատրաստ լինելու մեջ է:

Սփյուռքի հետ Արցախի հարաբերություններում հիմնական դերը վերապահված է հենց ՀՅԴ-ին: Հիմա էլ ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներով աշխատում է Արցախի ճանաչման, միջազգային տարբեր հարթակներում մեր դատը ներկայացնելու, Արցախին տնտեսական հարցերում օժանդակելու ուղղությամբ: ՀՅԴ տարբեր կառույցներ ներդրումներ են կատարում Արցախում, ՀՅԴ Արցախի կառույցի միջոցով իրականացնում են սոցիալական, տնտեսական բազում ծրագրեր:

Այս բոլորը դրական նստվածք են թողել ժողովրդի մեջ և ըստ այդմ մենք կայուն ընտրազանգված ու մեր պատկառելի տեղն ենք ունեցել խորհրդարանում: Չենք կասկածում, որ այս անգամ էլ հաջողություններ կունենանք: Ճիշտ է, աննախադեպ կերպով շատացել է կուսակցությունների մասնակցությունը գալիք ընտրություններին, որը ձայների փոշիացում է ենթադրում: Բայց դրանով հանդերձ վստահ ենք, որ ունենալու ենք նշանակալի դեր ԱՀ Ազգային Ժողովում:

-Լուրեր են պտտվում, որ Արցախում փոքր ՀԷԿ-երի մի մասը պատկանում են Դաշնակցությանը: Ինչքանո՞վ են այդ լուրերը հավաստի:

-Նախևառաջ ուզում եմ շեշտել, որ Դաշնակցությունը ՀԷԿ չունի Արցախում, այլ դաշնակցական որոշ ընկերներ ՀԷԿ-երում բաժնեմասեր ունեն: Արցախում առաջին ՀԷԿ-երը հիմնադրվել են հենց նրանց ներդրումների շնորհիվ: Այն օրերին, երբ դեռ ոչ ոք Արցախի այդ շրջաններում ներդրում չէր անում, ապահովության մտավախության կամ զիջողական տրամադրությունների ազդեցության տակ, դաշնակցականները որոշեցին ներդրումներ անել՝ այդպիսով մյուսներին ևս ներդրումների մղելու և Արցախի էներգետիկ ապահովության նպատակով: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վերջերս պարզվեց, որ փոքր ՀԷԿ-երի թույլտվությունները տրվել են խորհրդային ժամանակների տվյալների հիման վրա, որոնք չեն կարող հավաստի լինել:

Երկրի բնական հարստությունները միայն մեր սերնդի օգտագործման համար չեն: Մենք այս երկիրը իր բնական հարստություններով, ապահով ձեռքերում պահելով պետք է հանձնենք հաջորդ սերունդներին: Այս սկզբունքներն ամրագրված են նաև ՀՅԴ ծրագրում:  Պետք է այնպիսի մոտեցումներ մշակել, որպեսզի նվազագույն վնաս հասցվի բնությանը:

-Աննախադեպ թվով կուսակցությունների և նախագահի թեկնածուների առկայությունը չի կարո՞ղ արդյոք պառակտվածություն մտցնել հասարակության մեջ:

-Մենք կանխատեսել էինք, որ այդ հանգամանքը հասարակության մեջ  պառակտման, թշնամանքի մթնոլորտ կարող է առաջացնել և դրա համար 2019թ. հունիս-հուլիս ամիսներից այդ ուղղությամբ աշխատանք ենք տարել: Մեր շրջանի ՀՅԴ բարձրագույն ժողովը Կենտրոնական կոմիտեին հանձնարարել էր մյուս կուսակցությունների, քաղաքական ուժերի և անհատ թեկնածուների հետ բանակցություններ վարել՝ միասնական օրակարգի և նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջարկությունների թեմայով: Մենք օգոստոս ամսից սկսած հանդիպումներ ենք ունեցել համարյա բոլոր կուսակցությունների, այնուհետև ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ: Առաջին փուլում համաձայնության հասանք 7 կետից բաղկացած միասնական օրակարգի շուրջ, սակայն երկրորդ փուլում չկարողացանք համախոհություն ստեղծել ԱՀ նախագահի հավանական թեկնածուի անձի շուրջ, որովհետև յուրաքանչյուրն իրեն էր տեսնում որպես համաձայնեցված թեկնածու:

Նախագահական և խոհրդարանական ընտրություններն անհատական ամբիցիաների բավարարման պայքարի են վերածվում՝ ծրագրային և գաղափարական հարցեր շոշափելու փոխարեն: Սա հանգեցնում է պառակտման, թշնամանքի, իրար դեմ սև փիառի, որն Արցախի համար աննախադեպ է:

Այնուհանդերձ վստահ եմ, որ, ավարտվելով ընտրությունների փուլը, հնարավորություն կունենանք դարձյալ միասնական օրակարգի շուրջ գործնական քայլեր իրականացնել և համատեղ ուժերով Արցախի դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարել:

armeniatoday.news

1