Դաշնակցական համայնքապետը՝ Աղավնոյի զարգացման մասին
Արցախի Հանրապետության 2019 թվականի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի համայնքապետ է ընտրվել Սիրիայում ծնված, Լիբանանում հասակ առած և Արցախում հաստատված, ՀՅԴ Քաշաթաղի կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Չավուշյանը։ Անդրանիկը հայրենիքում բնակություն է հաստատել 2014թ., մասնակցել է 2016-ի Քառօրյա պատերազմին, այժմ զբաղվում է հողի մշակությամբ և մտածում գյուղացիների կյանքի պայմանները բարելավելու ուղղությունների մասին։
«Ապառաժ»-ի զրույցը նորընտիր համայնքի ղեկավարի հետ համայնքի խնդիրների, առաջիկա քայլերի և նոր ծրագրերի մասին է:
Հայկական երկու հանրապետությունների սահմանագծում տեղակայված Աղավնոն, ըստ համայնքի ղեկավարի, մի շարք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունի՝ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, հին դպրոցի վերանորոգում, մանկապարտեզի շինարարություն, ջրամատակարարում, որոշ տների լուսավորման հարցի լուծում, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին օգնություն: «Շատ ծրագրեր կան, որոնց մի մասն արդեն իրագործվում են, մյուսները հետագա տարիների համար են: «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ) ընկերության աջակցությամբ դպրոցի մասնաշենքի շինարարությունն արդեն սկսվել է: Այժմ խաղահրապարակն է կառուցվում: Նախատեսում ենք ֆուտբոլի մարզադաշտ կառուցել, հրատապ խնդիրներից է գործող եկեղեցու բացակայությունը»,- ասում է Անդրանիկ Չավուշյանը՝ շեշտելով, որ երբ եկեղեցական հովիվ չկա, ժողովուրդն այլ հովիվների, աղանդների հետևից է գնալու:
Աղավնոյում բնակվում են վերաբնակիչներ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Բեյրութից երեք ընտանիք է այստեղ հաստատվել: Անդրանիկ Չավուշյանը նշում է, որ «Արցախ ֆոնդ»-ի աշխատանքների հետ կապված մի քանի անգամ եղել է Արցախում և որոշել հաստատվել Աղավնո գետի ափին կառուցված գյուղում: «Եկանք, տեսանք, մնացինք: Արցախում ունենք 12.000 քառ. կմ ազատագրված տարածք, ապրում են 140 000 մարդ: Արցախից էլ քիչ տարածք ունեցող Լիբանանն ունի 7 մլն բնակչություն: Եթե ունենք ազատագրված տարածք, պիտի ինձանով սկսեմ բնակեցնել, չսպասեմ ինչ-որ ծրագրի, կամ անելանելի պայմաններում հայտնվելուց հետո գամ»,- համոզված է Անդրանիկը:
Սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կային, բայց դրանք լուծվեցին:
Նորակառույց գյուղում դեռ տների շինարարություն է ընթանում, ևս 12 տների շինարարություն ընթացքի մեջ է: Իսկ բնակիչները հիմնականում հողագործությամբ են զբաղվում, տվյալ տարածքի համար անսովոր տարատեսակ պտղատու տնկիներ են աճեցնում: «Նախանցած տարիներից ենք սկսել: Կարծում եմ՝ առաջիկայում կունենանք մեր բերքը: Բացի տեղական տեսակներից, աճեցնում ենք նարինջ, մանդարին, զեյթուն: Փորձարկումներ ենք անում, նոր տեսակներ ենք աճեցնում, որը հաջողի, արդյունավետ լինի, հետագայում ավելի շատ կաճեցնենք»,- ասում է Անդրանիկը:
Հայրենադարձ համայնքապետի 4 զավակներից երեքը ծնվել են Արցախում, առաջնեկը՝ Քնարը, Երևանում: Երկրորդ որդին ծնվել է ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ հայրը խրամատում էր: «Ես չուզելով եմ ծնվել Սիրիայում, բայց ուզում եմ, որ գոնե իմ երեխաները ծնվեն այստեղ, այստեղի դաստիարակությունն ստանան, օդն ու ջուրը վայելեն: Վերջին 100 տարվա ընթացքում Արցախն առաջինն է, որտեղ հաղթանակ ունեցանք. թող վայելեն այդ հաղթանակը: Այս սկզբունքներով եմ եկել»,- ասում է Անդրանիկը:
Ըստ նրա՝ բոլոր երկրներում սովորական պայմաններում այլազգիների հետ եղբայր ես, բայց երբ նրանց ազգային «պոչին» դիպչում ես, գազան են դառնում քո, քո ազգի դեմ. «Ուրիշներին հավատարիմ լինելու փոխարեն՝ մենք մեզ հավատարիմ լինենք: Մենք՝ հայերս, աշխատասեր ենք, իրավունք չունենք ուրիշի համար աշխատել: Եթե հայրենիք ունենք, պետք է այնտեղ մնանք: Ամեն ազգ էլ ունի իր հողը, իր կլիման, մաշկի գույնը»:
Սիրիայից կամ Լիբանանից նոր ընտանիքների հայրենադարձության մասին հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Չավուշյանը նշում է, որ եկողները պետք է գիտակցաբար գան: «Միանգամից զարթոնք կամ ինչ-որ բան մեզ պետք է միացնի, որ ավելի ակտիվ, արագ ամեն ինչ ստացվի: Ես ուզում եմ, որ բոլոր հայերը մի տեղ հավաքվեն: Արծիվը վանդակի մեջ չի կարող ապրել: Բայց ինքն իր համոզմունքով պետք է գա, պիտի մտածի, որ եկել է միայն տալու համար: Բոլորը գեներալներ են, մենք շարքային զինվորների կարիք ունենք»,- ասում է Անդրանիկը՝ ափսոսալով, որ շատ հայեր հաստատվել են ուրիշ երկրներում ու 5-7 տարի հետո հայրենիքում հաստատվելու ցանկություն են հայտնում: «Կյանքում անորոշությունն անընդունելի է: Սխալ կամ ճիշտ որոշում կայացրու ու արագ անցիր գործի: Սխալ էլ անես, ընթացքում կուղղես, բայց ժամանակ մի կորցրում»,- խորհուրդ է տալիս նա:
Դաշնակցական համայնքապետը պատրաստակամ է իր ուժը, հնարավորությունները ներդնել հաջողելու համար: «Ինչ գործ անում եմ, ընդհանուրի շահի համար եմ անում: Որոշները թշնամաբար են վերաբերվում, բայց հավատում եմ, որ այդ նույն անձերը հետագայում արդարության կողքը կկանգնեն»,- նշում է Անդրանիկը:
«Մեր նպատակը ոչ թե ժողովրդին ձուկ ուտեցնելն է, այլ ձկնորսություն սովորեցնելը: Մենք իրավունք չունենք շփացնել ժողովրդին»,- համոզված է երկար տարիներ ոսկերչությամբ, այժմ հողագործությամբ զբաղվող Անդրանիկը:
Դաշնակցության աշխատաձևն այդ է. նա միշտ եղել է ժողովրդի տերն ու տիրականը: «Թուրքի գավազանն է ջարդել, կոմունիստների գավազանն է ջարդել, հիմա էլ անարդարության գավազանները ջարդելու ժամանակն է»,- համոզմունք է հայտնում Անդրանիկ Չավուշյանը:
Աղավնո գյուղի հիմքը դրել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ) կազմակերպությունը: 2014թ. սկսվել է գյուղի առաջին 50 տների շինարարությունը: Այժմ ընթացքի մեջ է համայնքի ևս 12 տների շինարարությունը: Նախատեսվում է կառուցել 150 տուն:
Արցախում «Արցախ ռութս ինվեսթմենթ»-ի ներկայացուցիչ Արարատ Ստեփանյանը նշել է, որ գյուղը բավականին յուրահատուկ է, ապահովված է ենթակառուցվածքներով: Ըստ նրա՝ այսպիսի կարգավորված գյուղը նորություն է Արցախի կյանքում և զարգացման լավ հնարավորություններ ունի:
Տաթևիկ Աղաջանյան