Դաս-դասախոսություն և քննարկում՝ «Արամ Մանուկյան պետական գործչի ավանդը հայկական պետականության հիմնադրման և կայացման գործում» խորագրով
Մարտի 19-ին լրացել է Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, Վանի նահանգապետ, Հայաստանի առաջին հանրապետության Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի ծննդյան 144-րդ ամյակը, որին նվիրված Ստեփանակերտում տեղի են ունեցել միջոցառումներ։
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած ցուցահանդեսին հաջորդել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված դաս-դասախոսություն և քննարկումը՝ «Արամ Մանուկյան պետական գործչի ավանդը հայկական պետականության հիմնադրման և կայացման գործում» խորագրով, որին բանախոսում էին ԱՀ Նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը:
Միջոցառմանը Արմեն Սարգսյանը նշեց, որ Արամ Մանուկյանի մասին հնարավոր չէ կարճ ու ամփոփ խոսել, քանի որ Արամ մանուկյան «մարդ-համակարգ»-ը դեռևս ամբողջությամբ վերլուծված չէ, թեև նրա մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել։
Որպես պատմաբան՝ Արմեն Սարգսյանն առանձնացրեց չորս յուրահատուկ ու կարևոր անձնավորություններ՝ Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Նիկոլ Դուման, Հրայր Դժոխք։
«Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի և Արցախի ներկայիս նեղ իրավիճակում, երբ ելքեր ենք փնտրում այս իրավիճակից դուրս գալու համար, երբ մեկ օրում հաղթանակած երկիրը դառնում է պարտված, երբ մեկ օրում կապիտուլյացիա չթելադրած, սակայն իրավունք ունեցող երկիրը դարձավ կապիտուլյացիա ընդունող երկիր, երբ ժողովրդի մոտ բարձրացել է հուսալքության ալիքը, դուռը բացվեր, և հանկարծ այս 4 անձերը մտնեն այստեղ։ Ես պատկերացնում եմ, որ շատ կարճ ժամկետում կփոխվեր ամբողջ իրավիճակը»,- ռոմանտիզմի և ոչ հեռավոր պատմական իրողությունների դաշտ տեղափոխելով՝ ասել է պատմաբանը։
Արմեն Սարգսյանը փորձեց անցյալի պատմական դեպքերը կապել ներկա իրողության հետ։
«Մեր քաղաքական ներկապնակն այնպիսին է, որ բոլորը մեղադրում են մեկը մյուսին և չեն կարողանում գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Հետաքրքիր է՝ ինչու այն ժամանակ ստացվեց, երբ որ թվում էր անհնարին։ Որտե՞ղ էր ժողովուրդը, որտե՞ղ էին առաջնորդները, ինչպե՞ս էին այն ժամանակ գործում։ Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան։ Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան անձերի միջև, որ իրենցով կարողացել են հայկական պետականությունը պահել ու ինչ-որ տեղ ձեռնոց նետել ապագային՝ ասելով, որ այս պետականությունը հիմնել ենք, և այն պետք է պահվի հավերժության համար, որքան որ գոյություն ունի հայ ազգը»,-ասել է Ա․ Սարգսյանը։
Ո՞վ է Արամ Մանուկյանը։ Պատմաբանը առանձնացրել է Արամ Մանուկյանի՝ որպես պետական գործչի կենսագրության մեջ 4 փուլեր՝ Վանի նահանգապետ, 1917թ․ դեկտեմբերի17-ից մինչև 1918թ․ մայիս 28ը, մայիս 28-ից մինչև հունիսի 24-ը, երբ Քաջազնունու կառավարությունը Թբիլիսիից գալիս է Երևան (այդ ժամանակ Արամ Մանուկյանը Երևանում էր և նախապատրաստել էր պետականության հիմքերը, որի պատճառով էլ կոչվում է հիմնադիր) և Արամ Մանուկյանը՝ որպես ներքին գործերի նախարար։
Արմեն Սարգսյանը, Արամ Մանուկյանին համեմատելով այլ գործիչների հետ, ընդգծեց այն տարբերությունը, որ Արամ Մանուկյանը ոչ թե տվյալ պահին ծագած հարցի լուծումն էր տալիս, այլ իր ցանկացած քայլ գաղափարախոսությամբ էր տոգորված, որն էլ Արամ Մանույանի՝ որպես առաջնորդի ամենամեծ տարբերությունն էր։ Նրա յուրաքանչյուր քայլ իր փիլիսոփայությամբ էր օծված, որն էր ծնված էր ազգային կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներից էր նա։
Արամ Մանուկյանը շատ հեռատես քաղաքական գործիչ էր։ Դեռևս 1915թ․, երբ բոլշևիկյան կուսակցությունը ցաքուցրիվ վիճակում էր, Արամ Մանուկյանը գրել է մի քաղաքական ծրագիր, որը կոչվում էր «Բոլշևիկների հետ համագործակցության ծրագիր» և փորձել միավորել ուժերը, միանսական պայքարել համազգային ծրագրերի համար։
«1917թ․ գալով Հայաստան՝ Արամ Մանուկյանը ձեռնամուխ եղավ տեղում կազմակերպվածությանը, պաշտպանական ուժեր ստեղծելուն, տարբեր ռեֆորմներ անցկացնելուն, որն առաջին հերթին թաթարների դեմ պայքարելու համար էր։ Դրոյի հետ Արամ Մանուկյանը կարողացավ ճնշել թաթարական մի շարք ապստամբություններ, որի արդյունքը եղավ այն, որ 50 թաթարական գյուղ ինքնակամ ենթարկվեցին հատուկ կոմիտեին, որ ստեղծված էր արդեն։ Նա կարողացավ կարգավորել հայ-թաթարական հարաբերությունները։ Պատկերացնո՞ւմ եք։ մենք պետություն չունեինք, սակայն նա կարողանում էր կառավարել։
Արամ Մանուկյանի կարևոր գործերից էր նաև մաուզերիզմի դեմ պայքարը, երբ կռված տղաները տարբեր առիթներով թույլ էին տալիս մի շարք սխալներ, իսկ Արամ Մանուկյանը իր խստությամբ կարողացավ կանխել դա։
Հիմա հիշե՛ք Հայաստանի նորաստեղծ 3-րդ հանրապետության ժամանակ ՀՀՇ-ին, հիշե՛ք այն իշխանիկներին, զորավարներին, որոնք տեղերում տիրապետություն էին հաստատում, հիշե՛ք, որ նրանք օրենքների չէին ենթարկվում, հիշե՛ք, թե նրանք ինչպես են դարձել հրամանատարներ, որը շարունակվել է մինչև մեր օրեր։ Պատկերացնո՞ւմ եք՝ այն ժամանակ լիներ ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան»,-ասել է Ա․ Սարգսյանը։
Նա կարևորեց նաև Արամ Մանուկյանի այն գործունեությունը, երբ պետություն չունենալով հանդերձ, նա կարողացավ ինքնապաշտպանական ուժեր ստեղծել, որոնք պատրաստ էին հայկական 2-րդ կորպուսում, որն էլ մեծ դեր կատարեց Սարդարապատի ճակատամարտում։
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ Արամ Մանուկյանի ծննդավայրի հարցին, քանի որ կա երկու տեսակետ։ Առաջին և ըստ Լ․ Հովհաննիսյանի ճիշտ տեսակետի համաձայն՝ Արամ Մանուկյանը ծնվել է Շուշիում, իսկ երկրորդ տեսակետի համաձայն՝ նա ծնվել է Դավիթ Բեկ (նախկինում Զեյվա) գյուղում։
«Այդ երկվությունը գալիս է Արամի հուշագիրներից, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճիշտը Շուշին է, որովհետև նա միշտ պնդում էր, որ Արցախի զավակն է։ 1879թ․ Զանգեզուրի չափաբերական մատյաններում չկա Սարգիս Հովհաննիսյան անունով մարդ։ Այս հարցում հայոց եկեղեցին շատ բծախնդիր էր, և եթե լիներ, անպայման կգրանցեին»,-ասել է Լ․ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանն առաջիններից էր, որ կարողացավ կոչ անել պայքարել ցարական բռնապետության դեմ այնպես, ինչպես թուրքական բռնապետության դեմ են պայքարում։
«Բաքվում բոլորը զարմացել էին, թե ի՞նչ է խոսում Արամը, ինչպե՞ս պայքարել այդ հզոր պետության դեմ։ Արամը հստակ բացատրում էր՝ հարցնելով, թե մեր հայ ինքնության դեմ, Հայ առաքելական եկեղեցու կալվածքներն են բռնագրավում, մեր դպրոցներն են փակում, դրա դեմ պե՞տք է պայքարել, թե՞ ոչ։ Եվ Արամ Մանուկյանի այս կոչն ի վերջո արթնացրեց բոլորին։ Նույնիսկ այդ ժամանակ ՀՅԴ Բաքվի կոմիտեն որոշեց, որ ինքն այդ դիմադրությունը կազմակերպում է, սակայն Բաքվում, որովհետև, պատմաբանները կհիշեն, Ցարական իշխանությունները գեներալ Անդրեևի գլխավորությամբ ավելի մեծ հալածանքներ էին սկսել հայության դեմ։ Այնտեղ պետք է պայքարը կազմակերպող լիներ, և այդ անհատը եղավ հենց Արամ Մանուկյանը»,- նշել է Լ․ Հովհաննիսյանը։
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանի կարծիքով՝ յուրաքանչյուր հայ, եթե փորձի ծանոթանալ Արամ Մանուկյան ազգային արժեքին, Արամ Մանուկյանի կերպարին, կզարմանա, թե ինչպիսի արժեքներ ենք ունեցել ու անտեսել։
Մ․ Բալայանի խոսքով՝ թեև այսօր նշում ենք Արամ Մանուկյանի 144-ամյակը, սակայն ձևական է դառնում այս ամենը, որովհետև ազգային պետականության իրական հիմնադրի գործունեությանն ու կյանքին անդրադարձ ենք կատարում միայն հոբելյանական տարիներին։
«Հայոց պետականության նոր ժամանակների քաղաքական կենսագրության հիմնադիրն է Արամ Մանուկյանը։ Նա ապրել ու գործել է մեր ժողովրդի համար այնպիսի ծանր ժամանակներում, երբ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն էր։ 1915թ․, Եղեռն։ Արևմտյան Հայաստանը արյան մեջ է, Արևելյան Հայաստանն էլ առանց չափազանցության նույն ճակատագրին պետք է արժանանար, սակայն լավ է, որ մենք ունեցանք Արամ Մանուկյանին ու իր գործընկերներին, ովքեր փրկեցին Հայաստանը»,-նշել է Մ․ Բալայանը։
Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանի մտերիմներից էր Ռոստոմը՝ Ստեփան Զորյանը, ով մի միտք է առաջադրել, որը բնութագրում է Արամ Մանուկյանին։
«Նա ասել է․ «Հողմը մեզ քշում է։ Կարևոր է, որ մենք չխառնվենք ժայռերին»։ Հետո բացում է փակագծերը՝ ո՞րն է այդ հողմը․ մի կողմից բոլշևիկյան Ռուսաստանն է, շատ հասկանալի իր զիջողական քաղաքականությամբ, իսկ մյուս կողմից Օսմանյան Թուրքիան է՝ Հայաստանը կուլ տալու ծրագրով, որի թիկունքում Բրիտանական քողարկված քաղաքականության ռեժիսուրիան էր։ Ռոստոմը, այս խոսքերն ասելով, ավելացրեց, որ միայն Արամ Մանուկյանի պես հսկան էր, որ կարողացավ այս երկու հողմերի արանքով տանել Հայաստանը, որպեսզի Հայաստանը չվերանա աշխարհի երեսից, ու ստեղծեց Հայաստանի Հանրապետություն»,-ասել է Մ․ Բալայանը։