Դա մեծագույն հաղթանակ էր․ Ալյոշա Գաբրիելյան
Գլխավոր » Լրահոս » Դա մեծագույն հաղթանակ էր․ Ալյոշա Գաբրիելյան

Դա մեծագույն հաղթանակ էր․ Ալյոշա Գաբրիելյան

38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցավ առաջին հանրահավաքը՝ «Միացում» պահանջով: Մասնակիցները պահանջում էին ԼՂԻՄ-ի վերամիավորումը Խորհրդային Հայաստանի հետ․

«Ապառաժ»-ը շարունակում է ներկայացնել Արցախյան շարժման մասնակիցների վկայությունները․

Ալյոշա Գաբրիելյան. Արցախյան շարժման առաջամարտիկ, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր, ԱՀ Ասկերանի նախկին քաղաքապետ

-Անդրադառնալով Արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպական հարցերի ու ընթացքի վրա, ցանկանում եմ կանգ առնել միայն 88-ի փետրվարյան մի քանի առանցքային, ես կասեի` վճռական փուլերի վրա։ Հունվար ամսի վերջերին ԽՄԿԿ նիստը քննարկեց «ԼՂԻՄ֊ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին» հարցը, որտեղ գնահատվեց, որ Շարժումը սոցիալ-տնտեսական բնույթի է և այն կարելի է լուծել Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու ճանապարհով։ Ադրբեջանի միջամտության և ճնշման արդյունքում շարժումը որակվեց՝ որպես մի խումբ ծայրահեղականների հրահրած գործ, որը լրջորեն խոչընդոտում է ԽՍՀՄ ժողովուրդների ինտերնացիոնալ դաստիարակությանն ու բարեկամությանը։

Շարժումը փրկել էր պետք, քանզի կենտրոնի կայացրած նման որոշումը և տված գնահատականը միանգամայն հակասում էր Արցախյան շարժման բուն էությանն ու բովանդակությանը։ Այն միաժամանակ ենթադրում էր շարժման ակտիվիստների նկատմամբ ճնշումների բանեցում, ուժի կիրառում և շարժման հետզհետե մարում։ Կոնկրետ Ասկերանի նախաձեռնող խմբի օրինակով կարող եմ վստահաբար հայտարարել, որ շարժումը փրկեց ժողովուրդը, երբ կայացվեց միակ և ճիշտ որոշումը` ակտիվին հանել փողոց ու հրապարակ։ Ադրբեջանից ժամանած մի խումբ էմիսարների պահանջով նախ շրջկենտրոններում, այնուհետև նաև մարզկենտրոնում տեղի ունեցան կոմունիստական կուսակցության շրջանային և մարզային բյուրոների նիստեր, որտեղ հավանության արժանացան կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի կայացրած որոշումը։ Նիստերին զուգահեռ՝ փետրվարի 12-ին շրջկենտրոններում, փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցան ոչ այնքան մարդաշատ հանրահավաքներ։ Չնայած գործադրած ճնշումներին՝ Արցախի իրավապահ մարմինները հրաժարվեցին ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ։ Դա մեծագույն հաղթանակ էր, որը հիմք դրեց ստեփանակերտյան հուժկու հանրահավաքների և ցույցերի անցկացմանը։

Ցավով եմ անդրադառնում ընդհանրապես արցախյան բոլոր իրադարձություններին` անկախ ժամանակից և տեղից։ 88-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումն ու պետական անկախության համար հետագա պայքարը, հերոսամարտն ու հաղթանակը Մայր հայրենիքում և Արցախում` հայոց պատմագրության մեջ գրվելու է ոսկե տառերով։ Այն պատմական մեծագույն արժեք ներկայացնող իրադարձություն էր, որը դասվելու է Հայկի ու Բելի, Ավարայրի, Սարդարապատի պատմական հաղթանակների շարքին։ Այն իր արժեհամակարգով նոր իրողություն էր հայության կյանքում, քանզի հիմք դրեց ազգային երկու պետական կազմավորումների գոյությանը։

Մեր օրերում, երբ արցախահայությունն ստիպված է եղել բռնագաղթել իր պատմական հողից, երբ Արցախի ու արցախահայերի նկատմամբ ՀՀ գործող իշխանական համակարգը տարել ու տանում է միանգամայն խտրական քաղաքականություն, երբ ցանկանում են մոռացության տալ պատմական մեր հայրենիքի գոյությունը, անցած ուղին, այն ամենը, ինչ կապ ունի ազգային արժեհամակարգի, հոգևոր֊մշակութային արժեքների հետ, 88-ի շարժումը, թշնամու դեմ տարած պատմական հաղթանակը մեր օրերում նոր իմաստ ու բովանդակություն է ձեռք բերում։

1