Ցուցարարների պահանջով Արայիկ Հարությունյանը վաղը վերադառնալու է Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ցուցարարների պահանջով Արայիկ Հարությունյանը վաղը վերադառնալու է Արցախ

Ցուցարարների պահանջով Արայիկ Հարությունյանը վաղը վերադառնալու է Արցախ

Այսօր՝ հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ ցույց, որի ընթացքում ստեփանակերտցիները վանկարկում էին «Արայիկ հեռացի՛ր» և «Արայիկ դավաճա՛ն»:

Ստեփանակերտցիների համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը հայտնի շինարար Արման Հակոբջանյանի ուղեկցությամբ հունիսի 20-ի երեկոյան այցելեց ՔՊ նախընտրական շտաբ, իսկ այսօր առավոտ շնորհավորական ուղերձ հղեց դավաճան Նիկոլին:

Հավաքի ընթացքում պատրաստված «հեռացիր» գրությամբ թռուցիկները մասնակիցները ցանկացան փակցնել նախագահական շենքի դռանը, որը հանդիպեց ոստիկանական ուժերի հակազդեցությանը:

Ներկաները ամոթանք տվեցին ոստիկաններին, ասելով՝ «Դուք զոհված հարազատ չունե՞ք»:

Փոքր քաշքշուկից հետո ԱՀ նախագահական շենքի մոտ իջան ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱՀ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:

Արտակ Բեգլարյանը ցանկացավ խոսել ցույցի մասնակիցների հետ, նրան տրամադրվեց բարձրախոս, սակայն նրա ձայնը խլացավ «Դավաճան, դավաճան» վանկարկումների ներքո:

Ցուցարարները տեղեկացան, որ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում չէ: Նրանք պետնախարարից պահանջեցին կապ հաստատել Ա. Հարությունյանի հետ և ներկայացնել ցուցարարների պահանջը Արայիկ Հարությունյանի անհապաղ վերադառնալու և հրաժարական ներկայացնելու վերաբերյալ: Դրա համար Արտակ Բեգլարյանին տրվեց 15 րոպե ժամանակ: Պետնախարարը հավաստիացրեց, որ Ա. Հարությունյանը վաղը վերադառնալու է Ստեփանակերտ:

Ցույցի մասնակիցներն արձանագրեցին առաջին հաջողությունը՝ Արայիկ Հարությունյանը, կիսատ թողնելով երևանյան այցը, վերադառնալու է Արցախ: Նրա հրաժարականի պահանջով հավաքը կշարունակվի հունիսի 22-ին ժամը 19:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

1