Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար
Գլխավոր » Լրահոս » Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար

2020-ի 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Լենդրուշ Խաչատրյանը մինչև այսօր գամված է անկողնուն։ 4 տարի շարունակ նա բժիշկների վերահսկողության տակ է՝ Զինվորի տանը։ Ոչ մի դրական տեղաշարժ չկա նրա մոտ։ Բժիշկները նրա «Վեգետատիվ ստատուս» ախտորոշմամբ  վիճակը գնահատում են ծանր։ Ի ուրախություն հիվանդների ու նրանց հարազատների՝ վերականգնողական կենտրոնի անձնակազմը տանում է ամենահոգատար ու սրտացավ վերաբերմունքը ինչպես Լենդրուշի, այնպես էլ օգնության կարիք զգացող հարյուրավոր վիրավոր զինծառայողների։

Մարտունու շրջանի Աշան գյուղից տեղահանված Լենդրուշ Խաչատրյանի ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում, որ ավելի մոտ լինի մինուճար զավակին։ Մայրը, կինը և երեք անչափահաս երեխաները, քույրերը երազում են Լենդրուշին առաջվա պես տեսնել։ Կլինի՞ արդյոք․․․

Կինը՝ Ռուզաննան, դժվարությամբ է հարմարվում առանց հարազատ ծննդավայրի ու Արցախի․․․

Ասում է․

-Շատ դժվար է հարմարվել նոր միջավայրին, որտեղ ամեն ինչ անծանոթ է քեզ, գործում են կյանքի ուրիշ կանոններ ու ամեն ինչ տարբեր է քո ծննդավայրից ու հայրենիքից։ Միանգամից սկսվում են համեմատություններ, դժգոհություններ, ու բախվում ես դաժան իրականության հետ։ Մեր պարագայում՝ բազմապատկվել են դժվարությունները, քանի որ ունենք երեք անչափահաս երեխա ու․․․ Լենդրուշը․․․ Առանց նրա հեշտ չէ երեխաների դաստիարակությամբ զբաղվել։ Փաստաթղթերի հետ կապված՝ ևս ունենք խնդիրներ, որոնք դեռ ստանում են իրենց լուծումները։ Չեմ կարողանում գտնել իմ տեղն այստեղ ու դեռ հարմարվելու և դժվարությունները հաղթահարելու ճանապարհին եմ։ Չգիտեմ՝ երբևէ կկարողանամ գտնել այն կետը, որտեղից պետք է նորից սկսեմ ապրել․․․Թիկունքս՝ Լենդրուշն է, գուցե Աստված հրաշք գործի։

Սկզբնական շրջանում ինչպես մենք, այնպես էլ երեխաները սպասում էինք հայրիկի ապաքինմանը։ Ինչքան ապաքինման ժամանակը երկարում էր, ավելանում էին երեխաների հարցերը հոր վերադարձի մասին։ Հարցնում էին՝ պապան հաշմանդամության սայլակով կվերադառնա՞, թե՞ նորմալ վիճակով, նույն սիրուն պապա՞ն է լինելու, թե՞ ոչ….։ Ժամանակի ընթացքում իրենք էլ հասկացան, որ հնարավոր է պապան այլևս չապաքինվի։ Հիմա տղաներս կարծես հարմարվել են հոր բացակայության հետ և փորձում են ամեն ինչ ստանալ ինձնից։

Ավելի դժվար է, երբ աղջիկս՝ 4-ամյա Նանեն է հարցնում հոր մասին։ Նա երկու ամսական էր, երբ հայրը վիրավորվեց պատերազմում ու այլևս տուն չվերադարձավ։ Լինում են օրեր, երբ նա ասում է, որ չի ուզում ես գնամ ու մանկապարտեզից բերեմ իրեն։ Ասում է՝ թող պապաս գա, ես իրեն եմ ուզում։ Չգիտեմ, ինչ պատասխանեմ նրան։ Փորձում եմ կրկնապատիկ սեր ու ջերմություն տալ, որ մի քիչ լրացվի հոր պակասը։

Քույրը՝ Լենան, որ շատ է կապված եղբոր հետ, ով իր համար նաև վստահելի ընկեր ու խորհրդատու էր, այսօր ծանր է տանում, որ եղբայրը շարունակում է գամված մնալ անկողնուն։

-Լենդրուշը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի 7-րդ պաշտպանական շրջանում։ Այդ ժամանակ ծառայության անցնելու վայրը որոշվում էր վիճակահանությամբ։ Երբ քաշել է 7-րդ շրջան գրած թուղթը, նույնիսկ չի իմացել, թե որտեղ է դա։ Այդ շրջանը նրան բոլորովին անծանոթ Եղնիկներն էր, որին հետագայում սիրահարվեց անմնացորդ։ Այդ ընթացքում մեկ տարի ծառայեց Ստեփանակերտի ՑՈՐ զորամասում և կրկին վերադարձավ Եղնիկներ, արդեն որպես 1-ին գումարտակի հրամանատար։ Եղբայրս ծառայության ընթացքում տարբեր պատվոգրեր է ստացել, իսկ 2019-ին Արցախում իր հրամանատարած գումարտակը լավագույնն է ճանաչվել։ Զինվորները պատմում են, թե ինչպես էր միշտ պաշտպանում իրենց և զինվորական տարբեր դասընթացների ուղարկում՝ ավելի հմտանալու և կատարելագործվելու համար։ Մինչև այսօր նրա զինվորները, մարտական ընկերները այցելում են հիվանդանոց, խոսում հրամանատարի հետ՝ հավատալով, որ նա լսում է իրենց, ուրախանում․․․

2020-ի պատերազմից ու Լենդրուշի վիրավորվելուց հետո մեր ընտանիքի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Սկսվեցին անվերջանալի դժվարություններ ու փորձություններ, որոնք մինչև այսօր շարունակվում են,-ասում է նրա քույրը և ավելացնում,- արցախցիներիս համար ծանր ժամանակաշրջան է, բոլորս ենք հայտնվել դաժան իրականության մեջ։ Պետք է կարողանանք դիմանալ։

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար։ Բուժումը շարունակելու համար 2021-ի հուլիսի 10-ին պետության և նվիրատվությունների աջակցությամբ Լենդրուշը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Հույս կար, որ այնտեղ կբարելավվի նրա վիճակը։ Մեկ տարի նա մնաց Մերձմոսկովյան վերականգնողական կենտրոններից մեկում։ Այդ ընթացքում 2 անգամ վիրահատություն տարավ Մոսկվայի նյարդաբանական հիվանդանոցներից մեկում։ Լենդրուշի առողջական վիճակը մի փոքր բարելավվել է, սակայն նրա հիմնական խնդիրը մնացել է անփոփոխ։ Մեկ տարի հետո վերադառանալով Հայաստան՝ նա կրկին հաստատվել է վերականգնողական կենտրոնում։ 2022-ին մայրը՝ տիկին Լենուրան, Արցախից տեղափոխվել է Երևան՝ որդուն խնամելու համար:

Լենդրուշ Խաչատրյանի հարազատներն ու ընկերները երազում են կրկին նրան տեսնել ինչպես միշտ՝ թիկնեղ, սիրունատես․․․ Նրա որդիները ամեն կերպ ցանկանում են նմանվել հորը, նրա պես խիզախ ու հայրենասեր լինել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1