Չկարողանալով բնակվելու տեղ գտնել՝ հաստատվեցին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում
Գլխավոր » Լրահոս » Չկարողանալով բնակվելու տեղ գտնել՝ հաստատվեցին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում

Չկարողանալով բնակվելու տեղ գտնել՝ հաստատվեցին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում

Արցախից տեղահանված 41 մարդ՝ 23 ընտանիք, 2023 թ-ի հոկտեմբերից մինչև հիմա ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Բռնագաղթի օրերին վերջին ավտոբուսներով Հայաստան հասած մարդիկ են, որոնք չեն կարողացել ինքնուրույն բնակվելու տեղ գտնել։ Մինչև իրենց համար բնակարաններ ձեռք բերելը կարող են ապրել հիվանդանոցի շենքում։

Հիվանդանոցի դարպասները բաց են, բակը՝ դատարկ։ Առաջին հարկի պատուհանին՝  դեռ քովիդ-19-ի թեստի մասին հայտարարություն է, իսկ շենքի ներսում՝ ամենանկատելի տեղերում, ոստիկանական տեսուչի կոնտակտները են պատին փակցրած։ Միջանցքներում լռություն է՝ ասես մարդ չկա շենքում…          

Բնակիչներից մեկը՝ Սիլվա Բրուտյանը, դիմավորում է մեզ և իր սենյակ հրավիրում։ Մտնելուն պես՝ աչք են շոյում ասեղնագործ աշխատանքները, որոնցով Սիլվան փորձել է շուք հաղորդել իր փոքրիկ, բայց մաքուր ու կոկիկ սենյակին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 4-րդ դասարանից։ Հիմա, երբ ոչ մի տեղ չի աշխատում, նորից ասեղնագործություն է անում, փորձում է դրանով գումար վաստակել։ Պատմում է, որ թելերն ու կտորները փոխմարզպետ Աննա Մարտիկյանը է նվիրել իրեն։

«Յուրաքանչյուր շաբաթ այցելում է մեզ, տեղեկանում մեզ հուզող հարցերի մասին, աջակցում։ Բոլորս սիրում ենք նրան և, առհասարակ, գոհ ենք գյումրեցիների վերաբերմունքից»։

Միայնակ կինը Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի 27-ի գիշերը։ Հաջորդ օրը հասել է Գորիս, որտեղից էլ վերջին տեղահանվածների իրենց խմբի հետ եկել Գյումրի։

Հայաստանում ծնված ու մանկատանը մեծացած Սիլվան 1999-ին է մեկնել Արցախ և, որպես վերաբնակիչ, հաստատվել Տիգրանակերտում։ Այստեղ նա ընտանիք է կազմել, երեխա ունեցել։ Զբաղվում էր հողագործությամբ։ Նա իրեն արցախցի է համարում։

44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցավ թշնամու վերահսկողության տակ, Սիլվան աղջկա հետ տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ Արցախի կառավարության կողմից նրան տրամադրվեց բնակելի տուն։ Մինչև 2023-ի սեպտեմբերն աշխատում էր պտուղ-բանջարեղենի խանութում։

«Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային։ Հասկացա, որ պետք է հեռանամ։ Այդ օրը լվացք արեցի, վերջին անգամ իմ տունը մաքրեցի և, միայն մի քանի հագուստ ու նոր թխած հաց վերցնելով՝ գնացի հրապարակ։ Այնտեղ հավաքվել էին մարդիկ, որոնք սեփական մեքենաներ չունեին և սպասում էին վերջին ավտոբուսներին։

Հրապարակում խուճապային իրավիճակ էր, շատերն արդեն ուտելու բան չունեին։ Ես նրանց իմ թխած հացը հյուրասիրեցի։ Ուրախանում էի, որ կարող եմ օգտակար լինել հեռու գյուղերից եկած մարդկանց։

Խանութների դռները բաց էին։ Բոլորի հետ՝ ես էլ մտա ու վերցրի մեկ վարագույր, պատի ժամացույց և էլեկտրական թեյնիկ, որոնք օգտագործում եմ այստեղ»։

Շիրակի մարզում Սիլվան և անօթևան մնացած մյուս արցախցիները մոտ երկու շաբաթ ապրում են «Գյումրի» հյուրանոցում, ապա նրանց տեղափոխում են նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենք։

«Եկած օրվանից մեզ օգնել են մարզպետարանից, քաղաքապետարանից ու տարբեր կազմակերպություններից։ Շաբաթը երկու անգամ սնունդ և հիգիենայի պարագաներ ենք ստանում։ Ինքներս պատրաստում ենք ճաշը, մաքրում մեր սենյակները։ Սահմանել ենք հեթապահություն՝ սանհանգուցը մաքուր պահելու համար, թեև մասնաշենքում նաև մաքրուհի է աշխատում»։

Եթե հնարավոր լինի բնակապահովման ծրագրով տուն ու հողակտոր ձեռք բերել Շիրակի մարզում, Սիլվան այստեղ կմնա, հողագործությամբ կզբաղվի, իր  կարիքները հոգա ու կօգնի Ռուսաստանում ապրող աղջկան ու թոռանը։ Միաժամանակ, չի կորցնում հույսը, որ մի օր հնարավոր է, որ վերադառնալ նաև Արցախ․․․

Կրկնակի բռնատեղահանված Կարինե Աղաջանյանը նույնպես Գյումրիի հիվանդանոցի շենքում է ապրում՝ մանկուց հաշմանդամ որդու հետ։

Կարինեն Վանաձորից տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը։ Նրան տրամադրել են տուն և փոքր հողակտոր, որտեղ բանջարեղեն էր աճեցնում։ Որդին՝ Նորայրը, սովորում էր Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում։

«Սեպտեմբերի 19-ին գնացել էի Ասկերան, որ ստանամ երեխայի նպաստը, պատերազմը սկսվեց, ու այլևս չկարողացա գյուղ վերադառնալ։ Բոլոր կարևոր փաստաթղթերը թողել եմ տանը, ոչ մի հագուստ կամ որևէ այլ իր չեմ կարողացել վերցնել հետս»։

Կարինեն համագյուղացիների հետ գնացել է Ստեփանակերտի օդանավակայան և մի քանի օր մնացել այնտեղ։ Հայաստան ճանապարհվել են վերջին ավտոբուսներով։ Եկել են Վայք, ապա՝ Գյումրի։

«Այստեղ մեզ ապահով ենք զգում։ Ճիշտ է՝ սենյակը երկու հոգու համար շատ փոքր է, բայց ինչ արած, ուրիշ ելք չեմ տեսնում։ Այս սենյակում և՛ հաց ենք ուտում, և՛ ամբողջ օրն անցկացնում, և՛ քնում։

Տղաս ի ծնե հաշմանդամ է, շատ դժվարություններ եմ կրում, բայց դիմանում եմ»։

Արմատներով վանաձորցի Կարինեն ցանկանում է բնակելի տուն ձեռք բերել Շիրակի մարզում։ Վանաձորում ոչ ոք չունի, իսկ այստեղ արդեն հարմարվել և ուրիշ տեղ գնալ չի ցանկանում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1