Չկա մի խնդիր, որ լուծում չունենա
Գլխավոր » Լրահոս » Չկա մի խնդիր, որ լուծում չունենա

Չկա մի խնդիր, որ լուծում չունենա

Նորմալ պետությունների դեպքում հենց պետական քաղաքական էլիտան է նախաձեռնում այդպիսի քայլեր, բայց եթե հիմա չունենք այնպիսի իշխանություն, որը կկարողանա համախմբել, չի նշանակում, որ մենք ինքներս չենք կարող: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է«Genesis Armenia» (Ջենեսիս Արմենիա) ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ ստորև.

-Պարո՛ն Գասպարյան, վերջերս այցելել եք Արցախ, ինչպիսի՞ տպավորությամբ եք վերադարձել, արդյունավե՞տ էին արդյոք Ձեր հանդիպումները:

-Արցախից տպավորությունները միշտ ոգևորող են, ոգեշնչող: «Genesis Armenia»-ի ծրագրային ոլորտների ղեկավարների և պատասխանատուների թիմով մեր վերջին այցելությունը շատ պատասխանատու էր: Հանդիպումները բավականին արդյունավետ էին, ամենակարևորը, որ մենք ցուցակագրեցինք տարբեր ոլորտներում շտապ լուծման կարիք ունեցող խնդիրները՝ տնտեսությունից մինչև կրթություն ու ձեռնարկատիրություն:

-Ինչպե՞ս եք գնահատում Ստեփանակերտում բացված Ադրբեջանագիտության կենտրոնի գործունեությունը, արդյո՞ք նախատեսում եք նմանատիպ կենտրոններ բացել Արցախի այլ շրջաններում:

-Ադրբեջանագիտության կենտրոնն արդեն չորրորդ ամիսն է՝ անխափան աշխատում է: Նախնական արդյունքները հուսադրող են ու դրական: Ես սովորաբար իմ գնահատականներում մի քիչ ժլատ եմ: Մինչև արդյունքը չտեսնեմ, հստակ չեմ կարող ասել, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ընդհանրապես: Ամենակարևորը, որ թե՛ Երևանում, թե՛ Արցախում Ադրբեջանագիտության այս կենտրոնում սովորողները ունեն սովորելու պատրաստակամություն: Նրանց գիտելիքները պարբերաբար ստուգում ենք քննությունների և ստուգողական աշխատանքների միջոցով: Այդ առումով գործունեությունն այս պահի դրությամբ գնահատում եմ դրական:

Արցախում այլ կենտրոններ կբացենք, թե ոչ, ռեսուրսների ճիշտ հավաքագրման և կառավարման խնդիր է իրականում, որովհետև մենք որևէ գործունեություն չենք ծավալում, որի վերջնական նպատակը կարող է լինել v-աձև նշան դնելը: Ծրագիրը պիտի ունենա սկիզբ, տրամաբանական շարունակություն, ավարտ և ամենակարևորը՝ կուլմինացիա: Այս պահի դրությամբ մենք Արցախից 10 ուսանող ունենք, որոնք շրջանավարտ են դառնալու հունիսին, իսկ դրանից հետո արդեն կմտածենք ընդլայնելու մասին:

Արցախում «Ջենեսիս Արմենիա»-ի նախաձեռնությունները կապ ունե՞ն պատերազմական օրերի Ձեր մտածմունքների, ինչոր բան փոխելու ցանկության հետ, եթե այո, ինչքանո՞վ եք մոտեցել այդ նպատակին:

-«Genesis Armenia»-ն ստեղծվեց պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանում դավադիր իշխանության ձեռքով թղթով հանձնվեց Քարվաճառի տարածաշրջանը, ինչն անձամբ ինձ և մեր թիմակիցների համար հայկական զույգ պետությունների և հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից աններելի և ճակատագրական սխալ էր: Այն կարող է մի ամբողջ տարածաշրջանում կանխորոշել ապագայում կոնֆլիկտի էսկալացիան: «Genesis Armenia»-ի բոլոր նախաձեռնությունները, իհարկե, կապ ունեն առաջին հերթին Արցախի, Արցախի անվտանգության, տնտեսական վերելքի, զարգացման հետ և ամենակարևորը՝ Արցախի մեր գավառում, մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, ուղղելու, զարգացած և կրթված հասարակության հատված ունենալու հետ: Այնպես որ, այո՛, մենք քայլ առ քայլ իրականացնում ենք այն բոլոր նպատակները, որնք մեր առջև դրել ենք պատերազմի ավարտից անմիջապես հետո:

Ինչպե՞ս եք պատկերացնում համահայկական մտավոր ներուժի համախմբումը հայրենիքում պետական մակարդակով տարվող պառակտիչ, ապազգային քաղաքականության պայմաններում:

-Համահայկական գիտամտավոր ներուժը կհամախմբվի և համախմբվում է անկախ այն փաստից, թե Հայաստանում կամ Արցախում իշխանության ղեկին ովքեր են գտնվում: Արցախի մասին չի կարելի այդպես արտահայտվել, որովհետև պառակտիչ և ապազգային քաղաքականության արտահայտություններն Արցախին բնորոշ չեն, երբեք չեն եղել: Արցախն այդ առումով, ի տարբերություն Հայաստանի, միշտ ունեցել է այս իմաստնությունը: Գուցե իր տարածքային փոքրությամբ, գուցե միջազգային հանրության կողմից դե յուրե չճանաչված լինելու փաստով պայմանավորված, երբեք ու երբեք Արցախում մեծ թափ չի հավաքել այն մտածողությունը, ինչ որ Հայաստանում հատկապես վերջին 4 տարվա ընթացքում: Խոսքը ազգը պառակտելու, «սևեր-սպիտակների» բաժանելու մասին է:

Ես մեր ժողովրդի մտավոր և գիտական մեծ պոտենցիալ ունեցող զավակների արժեքային ընկալումների, տեսլականի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև իրենք միշտ համախմբված աշխատանքով միասին առաջ գնալու ջատագովներն են եղել: Խնդիրն այլ դաշտում եմ տեսնում, այն է՝ տարբեր կազմակերպությունների, կառույցների գոյության պայմաններում համակարգված և միասնական աշխատանքի բացակայությունը: Սովորաբար նորմալ պետությունների դեպքում հենց պետական քաղաքական էլիտան է նախաձեռնում այդպիսի քայլեր, բայց եթե հիմա չունենք այնպիսի իշխանություն, որը կկարողանա համախմբել, չի նշանակում, որ մենք ինքներս չենք կարող: Մենք կարող ենք, մենք փորձել ենք, արել ենք և այս պահի դրությամբ «Genesis Armenia»-ի գիտամտավոր գալակտիկայի շուրջ ամբողջ աշխարհում համախմբված է մոտ 3000 հայ, որոնք ունեն գիտական և մտավոր մեծ պոտենցիալ և այդ ներուժը փորձում են ծառայեցնել հայրենիքին, հատկապես Արցախյան հատվածին, որը մեր կողմից հռչակվել է որպես գերակա ուղղություն:

Միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում «Ջենեսիս Արմենիա»-ի միջոցով ձեռնարկված աշխատանքները կարո՞ղ են արմատական փոփոխությունների հանգեցնել, և ե՞րբ կարող ենք տեսնել դրանք:

-Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին օրենքը առաջինը բարձրաձայնեց «Ջենեսիս Արմենիան»: «Ջենեսիս Արմենիա»-ի անվտանգության ոլորտի ղեկավար Թևան Պողոսյանի հետ միասին այս խնդիրը մշտապես օրակարգում ենք պահել և դրական արդյունքը տեսանք: Չկա մի խնդիր, որ լուծում չունենա, անհրաժեշտ է կամք, այդ նպատակը կյանքի կոչելու ճիգ և հետևողական աշխատանք, ինչը «Ջենեսիս Արմենիա»-ն ցուցադրել է անցած 14-15 ամիսների ընթացքում և հայտարարել այդ մասին: Տնտեսությունից մինչև տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ, առողջապահություն. ունենք տասնյակ ծրագրեր: Չեմ ասի «հարյուրավոր» ծրագրեր, որովհետև մենք տեսախցիկների առջև կանգնելու, ինչ-որ ստատուսներ գրելու և հպարտանալու համար չենք գործում:

Մենք ասում և անում ենք. մեզ համար առաջնային նշանակություն ունի Արցախի սահմանադռնից սկսած մինչև Մարտակերտի ամենավերջին խուլ գյուղում որակ բարձրացնելը, պրոտոտիպային մոդելով աշխատելը, բիզնեսը զարգացնելը, մարդկանց՝ իրենց հողին կապելը, կրթությունը զարգացնելը, և այդ ամբողջը քայլ առ քայլ մենք անում ենք: Այս առումով ունենք Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների, Արցախի կառավարության աջակցությունը: Չենք հուսահատվում, չենք վհատվում: Գործ ենք անում, աշխատանք ենք կատարում, շատ չենք բարձրաձայնում, սովորաբար ցույց ենք տալիս մեր աշխատանքի արդյունքները: Այսինքն՝ մեր ամբողջ աշխատանքի ընթացքում ոչ թե կենտրոնանում ենք փիառ արշավներ կազմակերպելու, այլ կոնկրետ ուսունասիրված ծրագրերի համակարգված իրականացմամբ և շոշափելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

Մասշտաբային փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ այս պրոտոիպային մոդելավորումը, որով մենք առաջնորդվում ենք, տա իր ցանկալի դրական արդյունքը: Կա նաև աշխատանքի շատ մեծ հատված, որի մասին ընդհանրապես չենք խոսում, չենք բարձրաձայնում: Բայց այն, ինչ արվում է հայկական զույգ պետությունների անվտանգային և ազգային արժեհամակարգն ամրապնդելու, անվտագնային համակարգն ուժեղացնելուն է միտված:

-Ստեփանակերտում դուք հանդիպել էիք նաև ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս եք տեսնում ՀՅԴ դերակատարությունը համահայկական մտավոր ներուժի համախմբման գործում:

-Արցախում տարբեր քաղաքական ուժերին հարող ներկայացուցիչների հետ հանդիպեցինք: «Ջենեսիս Արմենիա»-ի արցախյան յուրաքանչյուր այց պարտադիր պսակվում է մեր ազգային քաղաքականության ակունքներում գտնվող, բազմամյա ավանդույթներ, 131 տարվա փորձառություն և քաղաքական իմաստնություն ունեցող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Խոսքը Դաշնացության մասին է, որն ունի ոչ միայն կազմակերպական ավանդույթներ, այլ նաև կուռ ազգային գաղափարախոսություն, որն Արցախում վերջին 30 տարվա ընթացքում առաջին շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից շատ խոր և պինդ արմատներ է նետել, ունի պատկառելի պատմություն՝ թե՛ գաղափարական դաշտում, թե՛ կազմակերպական ու կազմակերպվածության առումով: Այդ իմաստով Ստեփանակերտում Դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ մեր հանդիպումները միշտ դրական են, կենացային հայրենասիությունից անդին են, մեր ծրագրերի իրականացման հարցում աջակցություն փնտրելուն են միտված: Կոնկրետ խնդիրներ ենք քննարկում և կոնկրետ լուծումներ ակնկալում: Սեղանին այս պահի դրությամբ կա սոցիալական ձեռնարկատիրության և ընդհանրապես ձեռնարկատիրությամբ զբաղվողների կրթական մակարդակը  ոչ ֆորմալ կրթության միջոցով բարձրացնելու խնդիր՝ դարձյալ պրոտոտիպային մոդելավորման միջոցով: Թե՛ ինֆորմացիոն առումով, թե՛ դաշտի վրա հետազոտություններ իրականացնելու և ռեալ արդյունքներ ստանալու հարցում Դաշնակցության Արցախի կառույցը մեզ բավական օգտակար է դառնում, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է ազգային ուղղվածություն ունեցող այս երկու կառույցների գործակցության համար:

Իսկ Դաշնակցությունն իր 131-ամյա ավանդույթներով և կենսագրությամբ, որը հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր, մտավորականներ է ճանապարհել հայության ազգային-ազատագրության գաղափարախոսության երկնակամար, իհարկե, շատ վճռորոշ դերակատարում ունի և կարող է այդ համախմբողի դերը ստանձնել, եթե ոչ առաջանորդողի դերը ստանձնել, ապա նվազագույնը իր կապերի, ցանցի, ցանցում ներգրավված գործիչների, համակիրների միջոցով լրջագույն համախմբողի դերակատարում ունենալ:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1