Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին․անհետ կորածի մայր
Գլխավոր » Լրահոս » Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին․անհետ կորածի մայր

Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին․անհետ կորածի մայր

-Տուն մտնելուն պես որդիս մամա էր կանչում, գալիս փարվում ինձ ու ասում, որ ես աշխարհի ամենալավ մայրն եմ որդուս խոսքերն ականջներումս են,- ասում է 2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պայթյունի ժամանակ անհետ կորած համարվող Արայիկ Սարգսյանի մայրը՝ տիկին Սուսաննան, ու երկար լացում․․․Սփոփանքի խոսքեր չեմ գտնում ասելու ցավերի մեջ գալարվող մորը։

Արցախից տեղահանվելուց հետո Սարգսյանների ընտանիքն Էջմիածին քաղաքում է բնակություն հաստատել։ Չորս զավակների մայրն ապրում է Արամի և Աշոտի հետ, իսկ ավագ որդին՝ Արսենը, իր ընտանիքով բնակվում է առանձին։ Տարիներ առաջ ավտովթարի ենթարկված Արամը դեռևս սայլակով է շարժվում, հաճախում վերականգնողական կենտրոն։

Սեպտեմբերի 25-ին տիկին Սուսաննան որդու հետ էր, երբ նա գնացել էր վառելիք ձեռք բերելու։ Հիշում է այդ օրվա ամեն մի վայրկյանը

-Այդ օրն առավոտյան լսեցինք, որ Ստեփանակերտի բանկերում վերադարձնում են գրավադրած ոսկեղենը։ Արայիկն իր անվամբ գրավ էր դրել նաև ընկերոջ ոսկին։ Միասին ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Բանկերում մեծ հերթեր էին գոյացել, հերթագրվեցինք նաև մենք։ Մեր հերթն այնքան հեռու էր, որ Արայիկի հետ որոշեցինք գալ տուն, իսկ Աշոտը մնաց այնտեղ։ Եկանք տուն, մեքենայի մեջ տեղավորեցինք որոշակի հագուստ, վերցրինք մեր փաստաթղթերը։ Արայիկը 10  լիտրանոց տարա վերցրեց ու ասաց, որ ճանապարհին վառելիք կվերցնի․ լսել էր, որ բենզին են տրամադրում։ Երբ հասանք այդ վայրը, արդեն մոտ 300 մեքենա կար կանգնած։ Մարդկանց մեջ խուճապ էր նկատվում, յուրաքանչյուրը ցանկանում էր շուտ բենզին վերցնել ու դուրս գալ Արցախից։

Արայիկն ինձ թողեց մեքենայի մեջ ու գնաց՝ ասելով, որ մեքենայից դուրս չգամ։ Մի քանի ժամ սպասեցի, սակայն տղաս չէր երևում։ Հանկարծ պայթյունի մի ուժգին ձայն լսվեց։ Սկզբից չհասկացա՝ ինչ է կատարվում։ Մտածեցի՝ երևի մարդիկ տներն են պայթեցնում, որ չմնան թշնամուն։ Դուրս եկա մեքենայից ու հասկացա, որ աղետալի բան է կատարվել։ Մի քանի կին ողբալով վազում էին դեպի պահեստը։ Քիչ անց սկսվեց շտապօգնության մեքենաների հոսքը։ Ես նույնպես վազեցի դեպի դեպքի վայր ու սկսեցի որդուս փնտրել։ Ոչինչ չէր երևում․ ամենուր կրակ ու ծուխ էր, տրաքոցները չէին դադարում։ Տեղացող անձրևն ավելի էր սաստկացել։ Տեսարանը, որին ականատես եղա, երբեք չեմ կարող մոռանալ։ Կիսամերկ տղամարդիկ վազում էին, գոռում ցավերից։ Իսկական դժոխք էր, որտեղ մարդիկ պայքարում էին կյանքի համար․․․ Արայիկին չգտանք ու մինչև այսօր ոչ մի լուր չկա որդուցս։

Հաջորդ օրը, երբ կրկին գնացինք դեպքի վայր, տեսանք, որ մեր մեքենայի մարտկոցը հանել են։ Չգիտեինք ինչ անել։ Աշոտին առաջարկեցին ԱՀ ՊԲ մեքենաներից մեկով մեկնել Հայաստան։ Այդպես մենք ուրալ մեքենայով ճանապարհվեցինք։ Հասնելով Երևան՝ տղաս մեքենան հանձնեց պատկան մարմիններին։

Հայաստանում հաստատվելուց հետո սկսեցինք Արայիկին փնտրել հիվանդանոցներում․ ոչ մի տեղ նրա անունը չկար։ ԴՆԹ թեստ հանձնեցինք, համընկնում ևս չկար։ Դիմել ենք բոլոր համապատասխան մարմիններին, սակայն՝ անարդյունք։

Անհետ կորած Արայիկի մոր օրն սկսվում և ավարտվում է աղոթքով

-Չեմ դադարում հավատալ, որ իմ տղան ողջ է։ 22 անհետ կորածների ծնողների նման՝ այն կարծիքին եմ, որ մեր երեխաները Բաքվում են, այլապես ԴՆԹ համընկնում կլիներ։ Չգիտեմ ինչ անել, էլ ում դիմել։ Հույսս Աստծո վրա եմ դրել և հավատում եմ նրա զորությանը։ Իմ չորս տղաներն էլ հոգատար են, բայց Արայիկս ուրիշ ջերմությամբ էր սիրում ինձ։ Աշխատանքից, երբ գալիս էր տուն, մինչև ինձ չհամբուրեր, օրվա անցուդարձից չկիսվեր հետս, հացի չէր նստում։ Կարոտից խեղդվում եմ, տղաներիցս ծածուկ լաց լինում։ Նրանք եղբոր համար շատ են տանջվում․ չեմ ուզում, որ անընդհատ իմ արցունքները տեսնեն։ Մեր տանը մենակ Աշոտն է աշխատում, մեզ օգնում է նաև ավագ որդիս։ Արամը սայլակի վրա է, ոտքերը մի կերպ է շարժում։ Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին։ Լինեինք Արցախում՝ հարևան, բարեկամների կողքին, գուցե կկարողանայինք հաղթահարել մեր ցավն ու անորոշությունը։ Երազում եմ տուն գնալ, մեր հողում ապրել։ Նախկին կյանքն եմ ուզում, երբ ամեն ինչ լավ էր ու երեխաներս՝ կողքիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1