«Չբացառելով ադրբեջանական հերթական սադրանքը, հույս ունեմ, որ այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի». Տիգրան Աբրահամյան
Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ 168.am-ի հարցազրույցը .
-Մարտի սկզբին կայացած լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքների ամփոփմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի փորձը ներգրավելու են ադրբեջանական բանակի պատրաստության պլանում: Գաղտնիք չէ, որ թուրքական մարտական ԱԹՍ–ները բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններում, իսկ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում: Ըստ այդմ` հնարավո՞ր է Արցախում «իդլիբյան» սցենար, եթե ոչ, ապա ի՞նչ բնույթի սադրանքի սպաել արցախյան, ինչու չէ` հայաստանյան հատվածում:
– Ադրբեջանն ու Թուրքիան միջպետական մեծ թվով համաձայնագրեր ունեն, որոնք կարգավորում են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական բնագավառում: Քաղաքական, տնտեսական, քարոզչական, ռազմական բնագավառներում այս երկու երկրները խորը համագործակցություն ունեն, որոնց գոյությունը, ըստ էության, վնասում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:
Թուրքիան, ինչպես 90-ականների պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ ապրիլյան մարտական գործողության ժամանակ, ուղղակի և անուղղակի աջակցել է Ադրբեջանի գործողություններին:
Այնպես որ` չբացառելով հերթական սադրանքը, հույս ունեմ, որ նրանք այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի, հակառակ դեպքում` պատասխանն անհամաչափ է լինելու:
– Արցախի ընտրությունների, ինչու չէ` աշխարհում կորոնավիրուսի հետ կապված, արդյո՞ք հատուկ զգոնություն է սահմանված մարտական հերթապահության համատեքստում:
– Արցախի Պաշտպանության բանակն իր խնդիրը ցանկացած իրավիճակում բարձր մակարդակով է իրականացնում: Քաղաքական, հասարակական տարբեր նշանակություն ունեցող կարևոր միջոցառումների օրերը բացառություն չեն. ըստ անհրաժեշտության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
– Աշխարհում ստեղծված առողջապահական արտակարգ իրավիճակը, և դրան հաջորդելիք հնարավոր տնտեսական վիճակն ի՞նչ ռիսկեր է առաջացնելու սպառազինությունների մրցավազքում, հակամարտությունների խնդրում, մասնավորապես` արցախյան կոնֆլիկտում ևԱդրբեջանի վարքագծում: Ադրբեջանի դեպքում չմոռանանք նաև նավթի գների անկումը, իսկ գուցե այս ամենը զսպի՞ ադրբեջանական արկածախնդրությունը կամ ախորժակը:
– Այս պահին դեռ դժվար է ամբողջական գնահատականներ ներկայացնելը: Թեմային ճիշտ կլինի անդրադառնալ մի քանի ամիս անց: