Ցեղասպանական քաղաքականությունը երբեք Թուրքիայի օրակարգից դուրս չի եկել. ցուցահանդես Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ցեղասպանական քաղաքականությունը երբեք Թուրքիայի օրակարգից դուրս չի եկել. ցուցահանդես Ստեփանակերտում

Ցեղասպանական քաղաքականությունը երբեք Թուրքիայի օրակարգից դուրս չի եկել. ցուցահանդես Ստեփանակերտում

Ապրիլի 23-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Բացման խոսքում թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշել է, որ ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանի ֆոնդապահոցներում առկա Ցեղասպանությանը վերաբերող լուսանկարներով, փաստաթղթերով, ներկայացված են նաև Զորից բերված նահատակների մասունքներ: Ցուցադրված լուսանկարներն արվել են օսմանյան բանակում ծառայող գերմանացի զինվորականների կողմից:

«Ցեղասպանություն ի զորու են իրականացնել միայն պետական կառույցները: Դա կանխամտածված և նախագծված պետական քաղաքականություն է, երբ պետական մակարդակով իրականացվում է մի ազգի կողմից մյուս ազգի պլանավորված ոչնչացում ու բնաջնջում: Հայոց Ցեղասպանությամբ ոչ միայն ֆիզիկապես ոչնչացվեց մի ողջ ժողովուրդ իր բնօրրանում, այլև վերապրածներին հոգեպես քայքայեց, նրանց մտքի արգասիք հանդիսացող դարավոր մշակույթը անվերականգնելի ձևով ավերվեց, հայրենիքը տափաստանի վերածվեց: Լռել չարիքի մասին, կնշանակի արդեն իսկ ընդունել այդ չարիքը: Ցեղասպանությանը նվիրված այս ցուցադրության նպատակն է բացել մարդկանց աչքերը, հիշեցնել, թե ինչի կարող է հանգեցնել նման արհավիրքի անպատժելիությունը»,- ասել է Ժաննա Առստամյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ 107 տարի առաջ տեղի ունեցածը մեր ժողովրդի կյանքում որակական մի մեծ պայթյուն առաջացրեց: «Մեր ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն հատվածից: 1911թ. Սալինիկի համաժողովը դրել էր հստակ ծրագիր, որը հետագայում կոչվեց «պանթուրքիզմ»: Այն երեք փուլ պետք է ունենար՝ թուրքիզմ, օղուզականություն և Մեծ Թուրան: 1911թ. մինչև հիմա Թուրքիայի այդ ռազմավարությունը չի փոխվել: 1915թ. Ցեղասպանությունն այդ ծրագրի առաջին փուլի իրականացումն էր, այսինքն Արևմտյան Հայաստանի թուրքացումը: 1918թ. հայ ժողովրդի գոյամարտը, Բաքվի, արցախահայության պաշտպանությունը, զանգեզուրյան հերոսամարտը երկրորդ փուլը հետաձգեց: Սակայն այսօր էլ այդ քաղաքականությունն է շարունակվում: Էրդողանը ցանկանում է ավարտել երկրորդ փուլը, որպեսզի հետագա սերունդները իրագործեն Մեծ Թուրանը: Թուրքիան չի թաքցնում իր պետական նպատակները, ցեղասպանական քաղաքականությունը երբեք իրենց օրակարգից դուրս չի եկել»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:

Նա կոչ է արել ոգեկոչումը վերածել պայքարի՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, որովհետև այսօրվա պատերազմները միայն ռազմի դաշտում չեն: «Միայն այդ դեպքում կարող ենք հաջողությունների հասնել: Մարտահրավերներն այսօր շատ ավելի բազմազան են, դրանք փոխվում են յուրաքանչյուր ժամ, մենք մեր միասնականությամբ պետք է կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայելու ճիշտ ուղի ընտրել»,- խոսքը եզրափակել է փոխնախարարը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նաև Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի գիտաշխատող Արփինե Իշխանյանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող Արմեն Բաբայանը, Մեծ Թաղերի Ա. Խանփերյանցի անվան թանգարանի տնօրեն Արծվիկ Լալայանը:  Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 18-ը:

1