Ցավն ու դառնությունը վերածենք նպատակի ու միշտ հիշենք՝ վերևում ապրողներին մենք մի ամբողջ աշխարհ ենք պարտք
Սիրելի ընկերնե՛ր,
Համազգային հայ կրթական և մշակութային միության հարազատ դարձած ընտանի՛ք,
հայրենակիցնե՛ր, որ ապրում եք Հայրենիքում ու հեռավոր Սփյուռքում,
Մենք հրաժեշտ տվեցինք անցնող տարվան, բայց չկարողացանք ու չենք կարող հրաժեշտ տալ համահայկական այն մեծ դառնությանը, կորստի ցավին ու մորմոքին, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ։ Անկախ մեր գտնվելու աշխարհագրական տարածքից, մեր սրտի տարածքները նույնն են և այդտեղ մի լուսավոր, փոքրիկ կետ կա, որ կոչվում է Արցախ։ Այդ կետը շատ փոքր է, բայց նրանում շատ է լույսը և առանց այդ լույսի մշուշոտ է ապագան, առանց այդ լույսի մեր ներսի ու դրսի բոլոր տարածքները վտանգված են, ինչքան էլ փորձենք ուրիշ լույսեր վառել։ Մեր Հայրենիքը այդ պայծառ կետից է սկսվում, այդտեղ է սկիզբը ու առանց սկզբի շարունակություն լինել չի կարող։
Եկեք համազգային ջանքերով փայփայենք այդ լույսը և չմոռանանք, որ մի օր այն պիտի պայծառ, շատ պայծառ փարոսի վերածվի։ Սա պիտի ոչ միայն երազանք լինի, այլև նպատակ։
Եկեք ցավն ու դառնությունը վերածենք նպատակի ու միշտ հիշենք՝ վերևից մենք ավելի լավ ենք երևում, վերևից մեր մարդկային արժանիքներն ու մեր ով լինելը շատ լավ է երևում, իսկ վերևում ապրողներին մենք մի ամբողջ աշխարհ ենք պարտք։
Համազգայինի իմ սիրելի ընտանիք, շնորհակալ եմ, որ ես Ձեր ընտանիքի մի մասնիկն եմ ու դուք ինձ եք վստահել այն բոլոր ծրագրերը, որ պիտի իրականացնի Համազգայինի Արցախի գրասենյակը Արցախ-Հայրենիքում։
Ես մենակ չեմ, որովհետև դուք ինչքան էլ հեռու, բայց միշտ ներկա եք, թիկունք եք ու ապավեն։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում եղել ու կլինեն Համազգայինի Արցախի գրասենյակի կողքին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում են այս գրասենյակին ու հետևում են մեր գործունեությանը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Թող խաղաղության երազանքը աշխատելու նոր ուժ ծնի և միասնությունը դառնա ապագայի գրավականը։
Միշտ Ձեր՝
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ
ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ
գրասենյակի տնօրեն
Հերմինե Ավագյան
Hamazkayin Artsakh office
Hamazkayin Central