Ցանկացած հղում Արցախի Հանրապետությանը նշանակում է պատերազմի կոչ. Նիկոլ Փաշինյան
Գլխավոր » Լրահոս » Ցանկացած հղում Արցախի Հանրապետությանը նշանակում է պատերազմի կոչ. Նիկոլ Փաշինյան

Ցանկացած հղում Արցախի Հանրապետությանը նշանակում է պատերազմի կոչ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ վերջինս կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության» վրա։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Ըստ կառավարության ղեկավարի՝ հնարավոր չէ կառուցել անկախ պետություն՝ հիմնվելով հակամարտության տրամաբանության վրա։

«Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ցանկացած հղում «Արցախի Հանրապետությանը» նշանակում է պատերազմի կոչ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է նոր բախումների։ Վարչապետը նաև քննադատել է եկեղեցու ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով «պատերազմի կուսակցության առաջնորդներ»։

«Ղարաբաղյան շարժում չկա, և ամեն անգամ, երբ խորանից կամ ամբիոնից հղում են անում «Արցախի Հանրապետություն», դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է»,- ասել է նա։

Փաշինյանը նաև զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի խոսույթի հետ՝ նշելով, որ հակադիր կողմն էլ զարգացնում է «վերադարձի» թեման, ինչը նույնպես տանում է դեպի բախում։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

1