Բույսերի պաշտպանության տեսանկյունից մեր գործը պատերազմից հետո ավելի է դժվարացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բույսերի պաշտպանության տեսանկյունից մեր գործը պատերազմից հետո ավելի է դժվարացել

Բույսերի պաշտպանության տեսանկյունից մեր գործը պատերազմից հետո ավելի է դժվարացել

ԱՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Շինդյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է ՊՈԱԿ-ի գործունեության, առկա խնդիրների, գյուղատնտեսական ոլորտին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

«Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները

-«Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Հիմնական գործառույթը գյուղատնտեսական նշանակության տարածքներում բույսերի վիճակի գնահատումն է, տարբեր վնասատուների, հիվանդությունների տարածման հետ կապված մոնիտորինգը, որի հիման վրա համապատասխան զեկույցներ ենք տալիս նախարարությանը և անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են պայքարի միջոցառումներ: Պատվերի ձևով տարբեր պետական ծրագրեր են մեր հիմնարկի միջոցով իրականացվում: 

Շատ դեպքերում նախարարությունը թունաքիմիկատների կամ այլ գնումներ կատարում է, տրամադրում «Բույսերի պաշտպանության ծառայությանը», իսկ ծառայությունը շրջաններից եկած հայտերի հիման վրա, նախարարի հրամանով թունաքիմիկատները տրամադրում է շրջանների գյուղբաժիններին, և տեղերում իրականացվում են պայքարի միջոցառումներ: Պայքարում ենք հիմնականում բզեզի, մկնանման կրծողների, մարգագետնային թիթեռնիկի և այլ վնասատուների դեմ: Երկու տարի առաջ Արցախում տարածվել էին մետաքսագործ կոչվող թրթուրները, որոնք մեծ վնաս էին պատճառել անտառներին ու բուսածածկ այլ տարածքների: Մենք անտառապատ տարածքներում պայքարի միջոցառումներ չենք իրականացնում, բայց անտառամերձ գյուղատնտեսական նշանակության տարածքներում, որտեղ մետաքսագործը վնաս է տվել, իրականացրել ենք որոշակի աշխատանքներ: 

Հացահատիկային դաշտերի ճանապարհամերձ հատվածներում հրդեհների համար անվտանգ շերտ ենք ստեղծում. խոսքը ճանապարհի 2 կողմերից կամ, եթե հնարավորություն չկա, միակողմանի՝ մոտ 5-6 մետր լայնությամբ անվտանգ շերտի մասին է: Այդ շերտը թույլ չի տալիս, որ հրդեհները տարածվեն հացահատիկային դաշտերում: 

Հողերի անալիզի լաբորատարիա ունենք, որտեղ հողի բերրիության տարրերի անալիզներ ենք իրականացնում: Հիմնականում հողի բերրիության չորս ցուցանիշներ՝ ֆոսֆոր, կալիում, ազոտ և հումուս ենք ստուգում և հողօգտագործողներին համապատասխան սերտիֆիկատ տրամադրում իրենց հողի բերրիության, որակի հետ կապված: Դրա մեջ նշվում են նաև պարարտացման այն մոտավոր նորմաները, որոնք հնարավորություն են տալիս հողը հասցնել գյուղատնտեսական նշանակության բույսերի աճի, բերքատվության համար բավարար վիճակի:

Նաև ավելացնեմ, որ տարվա ընթացքում գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ ֆերմերներ են դիմում մեզ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար: Մեր մասնագետներն ախտորոշում են հիվանդությունը, տալիս համապատասխան խորհրդատվություն, շատ դեպքերում մենք ենք անձամբ տեղում խորհրդատվություն տրամադրում:

Ծառայության առջև ծառացած խնդիրները, պատերազմի գործոնը

-Ծառայության խնդիրները պատերազմից առաջ եւ դրանից հետո փոփոխության չեն ենթարկվել: Մենք շարունակում ենք նախապատերազմյան մեր գործունեությունը: Թյուր կարծիք կա, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողերը քչացել, տարածքները փոքրացել են, բնականաբար մեր գործը պիտի թեթևանա, բայց բույսերի պաշտպանության տեսանկյունից մեր գործն ավելի է դժվարացել: Եթե նախկինում ունեինք ընդարձակ տարածքներ և դրանցից ապահովում էինք թեկուզ ցածր բերքատվությամբ բերք և այն բավարարում էր մեր ներքին պահանջարկին, ներկայումս խնդիրն ավելի մեծ է՝ այն առումով, որ պետք է այդ փոքր տարածքներից ավելի մեծ բերքատվություն ապահովել, որպեսզի կարողանանք պարենային անվտանգության հարցը լուծել: Իսկ բարձր բերքատվություն ապահովելու ամենակարևոր միջոցառումներից մեկն էլ վնասատուների և հիվանդությունների դեմ ճիշտ, հիմնավորված, ժամանակին իրականացվող միջոցառումներն են:

Այդ տեսակետից «Բույսերի պաշտպանության ծառայությունը» մեծ խնդիրներ ունի լուծելու: Կարևոր է, որ բնակչությունն իրազեկված լինի այդ աշխատանքների մասին, որպեսզի խնդիրները լուծվեն ոչ թե այն ժամանակ, երբ հիվանդությունը բռնկված է կամ վնասատուները բավականին զարգացել են ու բերքի կորուստ է գրանցվում, այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն բույսերի պաշտպանության համար: Վերջին երկու տարում հողօգտագործողների կողմից հետաքրքրվածություն է նկատվում: Եթե նախկինում անալիզի նմուշները վերցնում էինք և մշակողները չէին հետաքրքրվում իրենց հողի վիճակի արդյունքով, հիմա այդ առումով դրական տեղաշարժ կա: Մենք այդ ծառայությունը սեփականաշնորհված հողերի համար անում էինք անվճար, իսկ վարձակալած հողերի համար վճարովի էր, պատերազմից հետո մի տարի վարձակալած հողերի անալիզի համար վարձավճար չէինք պահանջում: Հիմա նկատում ենք, որ շատ մարդիկ իրենք են դիմում այդ աշխատանքը կատարելու համար, չնայած մեր մասնագետներն առանց որևէ ակնկալիքի կատարում են իրենց աշխատանքը: 

Շենքային պայմանների, մասնագետների, սարքավորումների խնդիր

-Ունենք շենքային պայմանների, լաբորատորիայի հետ կապված խնդիրներ: Այսօր մի քիչ անիրատեսական կլինի շենքի վերանորոգման կամ նոր շենքի տրամադրման հարցը առաջին պլան բերել: Դեռևս փորձում ենք առկա շենքային պայմաններում առավելագույնս արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը: Ունենք լաբորատոր սարքավորումների համալրման հարց, մեր ունեցածը բավականին հին է:

Սարքավորումների թարմացման համար ֆինանսական միջոցներ են տրամադրվել, սակայն կան խնդիրներ դրանք ձեռք բերելու և համապատասխան մասնագետների հետ: Մասնագետների վերապատրաստման, լաբորատորիայի վերազինման վերակահավորման խնդիրներ կան, որոնց վերաբերյալ քննարկումներ են եղել գյուղատնտեսության նախարարի հետ և փորձում ենք միջոցներ ներդնել այդ հարցերի լուծման համար:

Աշխատանքի որակի վրա շենքային պայմանների ազդեցությունը

-Եթե շենքային պայմանները նորմալ չեն, հասկանալի է, որոշ չափով ազդում է աշխատանքների ընթացքի վրա: Բայց այս դեպքում փորձում ենք շենքային պայմաններն անտեսել, որպեսզի աշխատանքի արդյունքի վրա չազդի: 

Տեղումների ազդեցությունը բերքատվության վրա

-Տեղումների շնորհիվ դրական արդյունքներ գրանցվեցին հատկապես հացահատիկային մշակաբույսերի համար: Կոնկրետ հունիս ամսվա տեղումներն այնքան էլ մեծ արդյունավետություն չունեն, դրանք հիմնականում կարող են դրական ազդել բանջարաբոստանային գարնանացան մշակաբույսերի վրա, բայց դրանք էլ հիմնականում ոռոգովի տարածքներում են մշակվում: Իսկ դրանից առաջ՝ ապրիլ-մայիս ամսվա տեղումները բավականին դրական են ազդել, մանավանդ հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վրա, որովհետև աշնանային և ձմեռային երաշտային ժամանակահատվածը բացասական ազդեցություն ունեցավ: Իհարկե, ոչ բոլոր դաշտերի վրա են բավարար արդյունքներ գրանցվել, բայց մեծ հաշվով տեղումները բերքատվության բարձրացման հետ կապված դրական ազդեցություն են ունեցել:

Գյուղատնտեսության հանդեպ ուսանողների հետաքրքրվածության մասին

-Ուսանողների հետաքրքրվածության առումով կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, շատ քչերն ունեն հետաքրքրություն այս մասնագիտության հանդեպ: Կան ուսանողներ, որոնք հետարքրքություն ունեն ու փորձում ենք ուղղորդել, օգնել մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում: Օրինակ, խելացի ուսանողներից մեկը, որը հետաքրքված էր իր մասնագիտությունը խորությամբ ուսումնասիրելու առումով, երրորդ կուրսից մեզ մոտ աշխատանքի տեղավորվեց: 

Իհարկե, ոլորտը գրավիչ չէ առաջին հերթին ցածր աշխատավարձերի պատճառով: Այս պահի դրությամբ ագրոնոմի մասնագետի թափուր պաշտոն կա, որովհետև ոչ մեկը պատրաստ չէ պետական հիմնարկում 100 000 դրամ աշխատավարձով աշխատել: Իսկ մասնագետների պատրաստման հարցը մեր կրթական համակարգի ընդհանուր խնդիրն է: Ցավոք, տարբեր մասնագիտությունների համար ընդունելության քննություններում ոչ բավարար գնահատականներ ստացած ուսանողները վերջին տարբերակով դիմում են գյուղատնտեսական մասնագիտությունների համար և, բնականաբար, ոչ բավարար գիտելիքներ, թույլ ունակություններ ունեցող աշակերտները դառնում են տվյալ համալսարանի ուսանողներ: Այդպիսի ուսանողների հետ աշխատելն էլ է բարդ, որովհետև ի սկզբանե նրանք այլ մասնագիտություն են նախընտրել, հետաքրքրություն չունեն ագրոնոմ մասնագիտության նկատմամբ, դժվար է սեր առաջացնել դեպի այդ մասնագիտությունը, որովհետև նա ստիպված է ընտրել այդ մասնագիտությունը: Հատուկենտ ուսանողներ են, ովքեր ի սկզբանե որոշում են կայացրել ընդունվել տվյալ մասնագիտությամբ, հետաքրքրություն ունեն ու հաճույքով սովորում են:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1