Բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող 40+10 հազարական դրամների սոցիալական աջակցության ծրագիրը կվերափոխվի
Մինչև 2025թ-ի մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, բայց ապրիլից շահառուների քանակը կնվազի։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ Կառավարության նիստում։
2025-ի ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ պետությունը ներդրել է արցախցիներին բնակարանային ապահովության ծրագիրը և 40+10 000 դրամների համար նախատեսված միջոցները պետք է վերահասցեագրել բնակարանային աջակցության ծրագրին։
«Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում»,- նշված է Կառավարության հիմնավորումներում։
Չնայած արցախցիները բազմաթիվ անգամ իրենց դժգոհությունները հայտնել են նշված ծրագրի նախագծի շուրջ, այնուամենայնիվ, ՀՀ Կառավարությունը ընդունեց այն՝ առանց հաշվի առնելու շահառուների կարծիքներն ու գնահատելու իրական կարիքները։