Բռնազավթված մշակույթ. Արցախի թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հայտարարություններ » Բռնազավթված մշակույթ. Արցախի թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը

Բռնազավթված մշակույթ. Արցախի թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը

Նախքան 2020 թվականի պատերազմը և 2023-ի էթնիկ զտումն Արցախի Հանրապետության տարածքում գործում էր 30-ից ավել թանգարան ու ցուցասրահ: Դրանց թվում էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր թանգարաններ, առանձին անհատների հավաքածուներ: Օրինակ՝ Շուշիում գործող դրամի թանգարանը պատկանում էր ՀՀ կենտրոնական բանկին, կար մասնավոր գորգերի թանգարանը, Շուշիում էր գտնվում արցախյան առաջին պատերազմի հերոսներից Դուշման Վարդանի տուն-թանգարանը, Նարեկացի արվեստի միության, Արվեստի կենտրոնի թանգարանները: Արցախի թանգարաններն առանձնանում էին հազվագյուտ ու արժեքավոր նմուշներով: Դրանցից էին Արցախի պետական պատմաերկրագիտական (Ստեփանակերտում),  Տիգրանակերտի հնագիտական, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի՝ Արթուր Մկրտչյանի անվան, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Զոհված ազատամարտիկների և Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը (երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։

44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որը զբաղվում էր բռնազավթված տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրության կազման, տեղեկությունների հավաքագրման աշխատանքներով: 2021-2023 թվականներին հասցրել են հավաքագրել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ կորսված արվեստի գործերը:

Խորհրդի տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում մնացել են նվազագույնը 18 թանգարան և 9 ցուցասրահ, ընդհանուր՝ 27: 

2020-ի նոյեմբերից հետո

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 8 պետական թանգարան, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Լուսինե Ղարախանյանը 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ նշել է, որ օկուպացված է 2 հազար հուշարձան,122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք: Կոսրված ցուցանմուշների թիվը դեռևս հստակ չէ:  Այս թիվը շարունակում է աճել, քանի որ տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է։ Նախարարի խոսքով՝

«Սրանք զուտ հայկական պամամշակութային հուշարձաններ չեն: Մենք օկուպացված ենք թողել քաղաքակրթական ժառանգություն, որը մարդկության ժառանգությունն է»

2021 թվականի հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակեց Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ զեկույցը:

«Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա»,- նշվում է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Շուշիում, Քաշաթաղում և Հադրութում գործող 8 պետական թանգարանների 19311 ցուցանմուշ մնացել է ադրբեջանցիներին:

Շուշիում մնացած թանգարաններն ու արվեստի հավաքածուները

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնազավթված Շուշիում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել 10-ից ավել պետական և մասնավոր թանգարան և արվեստի գործերի 10 հավաքածու: Նախնական հաշվարկներով՝ միայն Շուշիում կորսված թանգարանային նմուշների թիվն անցնում է 8000-ը:  

Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թագարանները և Շուշիի պատկերասրահը միավորված էին «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կազմում: Երբ արդեն ռմբակոծվում էր Շուշին, ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ ցուցանմուշները խնամքով արկղերի մեջ են տեղադրել և տեղափոխել են  թանգարանի 5 մ խորությամբ ռմբապաստարան-նկուղ, սակայն դրանք հնարավոր չի եղել տարհանել: Թանգարաններում գտնվող մշակութային արժեքներն այժմ գտնվում են ադրբեջանցիների ձեռքում:

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան

2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ Շուշիում բացվեց  Կերպարվեստի պետական թանգարանը։ Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով ժամանակի ճարտարապետական ոճը: 

Մինչև 2020թ.-ը թանգարանի ֆոնդն ուներ մոտ 800 ցուցանմուշ՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ: Այստեղ ներկայացված էին ինչպես հայ մեծանուն նկարիչների՝ Սարյան, Մինաս, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Կալենցի, Կարեն Աղամյանի և այլոց աշխատանքները, այնպես էլ ռուս անվանի նկարիչների՝ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց աշխատանքները: 

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը կորցրել է գրեթե ամբողջ ֆոնդը՝ գեղանկարներից փրկվել է միայն 80-ը, մեզ հետ զրույցում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 

Կերպարվեստի պետական թանգարանի բակում էր գտնվում Քանդակների պուրակը, որը բացվեց 2019 թվականի հու­լի­սի 19-ին: Այստեղ էին համախմբվել Շուշիում 2011-2017 թվականների ընթացքում կազմակերպված շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող միջազգային 5 սիմպոզիումների ընթացքում (2011, 2012, 2014, 2016, 2017 թվականներին) պատրաստված քանդակները: Այդ սիմպոզիումներին մասնակցել և իրենց ստեղծագործությունը Արցախի ժողովրդին էին նվիրել տասնյակ քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից և այլ երկրներից։ 

Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջում 2021թ.-ի օգոստոսի 14-ին հրապարակած արբանյակային լուսանկարները վկայում են, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակում» տեղակայված բոլոր 51 քանդակներն անհետացել են, իսկ տարածքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։

Monument watch-ը պարզել է, որ երբեմնի մշակութային ժառանգության բացառիկ նմուշներով հագեցված պուրակը, ըստ ադրբեջանական օգտատերերից մեկի կողմից 2021 թ.-ի օգոստոսի 14-ին տարածած տեսանյութի՝ վերածվելու է ֆուտբոլի դաշտի:

Պրոֆեսոր Գաբրիելյանցի անվան Երկրաբանության պետական թանգարան

Թանգարանը Շուշիում գործում էր 2014 թվականի մայիսից։ Երկաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա՝ հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների հավաքածու, որն ընդգրկում է 400 ցուցանմուշ աշխարհի 40 պետություններից և ՌԴ 20 երկրամասից: Այստեղ ցուցադրվում էին նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ: Ցուցադրության մեջ գլխավոր ցուցանմուշներից մեկը լեռնային բյուրեղն էր, որը հայտնաբերվել է Արցախից 1953 թվականին ուսանող-պրակտիկանտ Գաբրիելյանցի կողմից։ Այս հանքաքարից էլ սկսվել է հավաքածուի սկիզբը: 

Շուշին հանձնելուց հետո ռմբապաստարանում մնաց Երկրաբանության թանգարանի ողջ ֆոնդը: Դրանց մեջ կա ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է: 

Monument Watch-ը հայտնում է, որ 2021 թ.-ի օգոստոսի 18-ին համացանցում տարածված մի տեսանյութից երևում է, որ թանգարան մուտք գործած ադրբեջանցի զինվորականները վնասում են թանգարանում մնացած ցուցանմուշները, թանգարանային արժեքները և մանրակերտերը։ Տեսանյութում երևում է նաև, որ թշնամական հրետակոծությունից փլվել է թանգարանի տանիքը, վնասված են ցուցափեղկերը և թանգարանի տարածքում մնացած թանգարանային արժեքները։ Մինչև այժմ հայտնի չէ հավաքածուի գտնվելու վայրը, պահպանման պայմանները և վիճակը։

Շուշի քաղաքի պատմության թանգարանը

Շուշիում գործող թանգարաններից ամենահինն ու հարուստը՝ ֆոնդի առումով, պատմության թանգարանն է։ Այն հիմնվել է 1992 թ.-ի մայիսի 28-ին  Շուշիի պատմաերկրագիտական թանգարան անվամբ, որը 2014-ից վերանվանվել է Շուշի քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը տեղակայված էր Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի սկզբի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին պատկանող առանձնատանը: 1918 թ.-ին Ղարամյանների գերդասատնին պատկանող այդ շենքը զավթել էր հայատյաց բժիշկ Մեհմանդարովը։ 1921-1971/72 թվականներին շենքը ծառայել է որպես ծննդատուն։ Այնուհետև, 1973 թ-ից մինչև 1992-ը շենքում գործել է «Արևելյան գորգերի թանգարանը»։

Պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ. Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված կենցաղային իրեր, տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահկարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը: սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր: Շուշի քաղաքի 18-րդ դարի մանրակերտով ներկայացված էր բնակավայրի մակերևույթի մասին: Երեք կողմից ձորերով պարուրված Շուշին բնականից անմատչելի է, իսկ չորրորդ, հյուսիսային կողմը՝ փակված է եղել բարձր պատեր և շուրջ 50 աշտարակ ունեցող պարսպով: Ամրոց մտնել կարելի էր չորս հիմական ՝ Ջրաբերդի (Ելիզավետպոլի,Գնաձակի), Երևանյան, Ամարասի և Մխիթարաշենի դարպասներով: Պարսպի զգալի մասն ավերվել է 1826-1828թթ. Ռուս պարսկական պատերազմի ժամանակ: 

Թանգարանում առանձին տեղ էր հատկացված Շուշիի ազատագրմանը․ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը թանգարանի ամենաարժեքավոր նմուշներից էր։

Շուշիի պատմության թանգարանի ողջ ֆոնդը մնացել է թանգարանում: 44-օրյա պատերազմից հետո Շուշիում թշնամին շարունակել է քաղաքի հայկականության փաստերի ոչնչացումը: Պատմության թանգարանը վերանորոգել են, անվանափոխել և ներկայացնում են իբրև Մեհմանդարովի տուն-թանգարան:

«Այդ տունը մինչև 1917 թվականը եղել է Ղարամյանների ժառանգական առանձնատունը: Իսկ 1917-ին տարածքը գրավել են մուսավաթականները և ոխերիմ դահիճ Մեհմանդարովը, որը նաեւ բժիշկ էր, այդ տարածքը գրավելուց հետո` տունն իրենով էր արել, բայց կարողացավ վայելել ընդամենը 3 տարի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշել է  Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը:

«Դժբախտաբար, այն ամենն, ինչ ստեղծել էինք, չկարողացանք հանել, որովհետև փաստացի ոչ միայն թանգարանը, այլ նաև ընդհանուր Շուշի քաղաքը չէվակուացվեց»,- հավելում է Աշոտ Հարությունյանը:

2021 թվականին Շուշիի պատմության թանգարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թանգարանի ցուցանմուշների ցանկը:

Շուշիի գորգերի թանգարան 

Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը, բացումը տեղի է ունեցել 2013-ին։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը: Թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն։ Հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է: 

«Մեզ հայտնի չէ, թե այդ գորգը որ ընտանիքին է պատկանել, ես այն Շոշ գյուղից եմ ձեռք բերել։ Այն մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանք է, օրիգինալ վիճակում: Այս գյուղում ասեղնագործությունը շատ զարգացած է»,- նշում է թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպեց Շուշիի գորգերի թանգարանի նմուշների տարհանումը Երևան։

«Տոկոսային առումով թանգարանի նմուշների 70 տոկոսը փրկվեց, 30-ը մնաց Շուշիում: Կարողացանք փրկել միայն թանգարանի շենքում եղածը. Քանակական առումով 70%-ը հանել ենք, որակական առումով դրանք 90-95%-ն են կազմում։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև 600 նմուշ միջին դարի, 90 մթա խեցեղեն, քարե եւ բրոնզի դարերի իրերը չհաջողվեց փրկել, դրանք մնացին ֆոնդի շենքում, Շուշիում», – պատմում է Ասծատրյանը: 

Բացի պետական և մասնավոր թանգարաններից, Շուշիում գործում էին նաև մասնավոր ցուցասրահներ: Մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հրապարակել է նաև Շուշիում մնացած արվեստի գործերի մասնավոր հավաքածուների տվյալները, որոնք բաց են օգտագործման համար: 

Նախքան 2020 թվականի պատերազմը և 2023-ի էթնիկ զտումն Արցախի Հանրապետության տարածքում գործում էր 30-ից ավել թանգարան ու ցուցասրահ: 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որը զբաղվում էր բռնազավթված տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրության կազման, տեղեկությունների հավաքագրման աշխատանքներով: 2021-2023 թվականներին հասցրել են հավաքագրել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ կորսված արվեստի գործերը:

Հադրութի շրջանում մնացած թանգարանները

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտության թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, հիմնադիր և առաջին տնօրենն էր Գրիգորի Մարդանյանը: 1986-ից  մինչև 1991 թվականի թանգարանի տնօրենն էր ԼՂ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Թանգարանը նախ կոչվել է «Դիզակ», իսկ ավելի ուշ՝ Արթուր Մկրտչյանի մահվանից տարիներ անց, անվանվել է «Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան»: Թանգարանի նախասրահում՝ մուտքի մոտ, տեղադրված էր Մկրտչյանի կիսանդրին: Մուտքում է տեղադրված նաև Հադրութի շրջանի վարչատարածքային քարտեզ-մանրակերտը։

Թանգարանն ուներ 7680 ցուցանմուշ, որոնք տեղակայված էին 6 ցուցասրահում և ֆոնդերում։ Թանգարանում պահվող հազվագյուտ ցուցանմուշներից էին 19-րդ դարի արցախյան հարսանեկան զգեստը, Գտչավանքից տեղափոխված խաչքարը, Ազոխի քարանձավի մանրակերտը, Արթուր Մկրտչյանի անձնական իրերը:

44-օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ամբողջ ցուցադրությունը և ֆոնդերը մնացել են տեղում, և անցել են թշնամու վերահսկողության տակ։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) կազմակերպությունը պարզել է, որ ռազմական գործողության ընթացքում շենքը չի տուժել, միայն հրետակոծության արդյունքում վնասվել է տանիքը։ Պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետ Գայանե Բուդաղյանը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի տարածած տեսանյութերից մեկում տեսել է, որ Հադրութում ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների ժամանակ շենքը ծառայում է որպես թիրախ, իսկ վերջում պայթեցվում է։

Մինչև այժմ հայտնի չէ՝ որտեղ է թանգարանի հավաքածուն, արդյոք այն մնացել է պայթեցվող շենքում, թե ոչ։ Խանփերյանցի անվան թանգարանի նախկին տնօրեն Արծիվ Լալայանը կարծում է, որ քանի որ բռնազավթված տարածքներում հիմնականում զինվորականներ էին, շարժական նմուշները, ամենայն հավանականութայմբ, ոչնչացրել են կամ էլ հետագայում վաճառելու նպատակով թալանել:

Մեծ թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի մասնաճյուղն էր: Մեծ Թաղեր գյուղի այս միակ թանգարանը հիմնադրվել է 2004  թվականին, թանգարանն ուներ 2195 ցուցանմուշ, որոնց մեծ մասը ծնունդով Մեծ Թաղերից ԽՍՀՄ հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և փաստաթղթեր էին:

Սրահներից մեկում ներկայացված էին նաև հնագիտական և ազգագրական իրեր, թանգարանի ամենահին իրերը պալեոլիթի ժամակաշրջանի ծակիչներն ու քերիչներն են:

Թանգարանի տնօրեն Արծիվ Լալայանն աշխատավայրը վերջին անգամ հեռվից է տեսել՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել էր գյուղում զոհված հարազատ եղբոր մարմինը հանելու:

«Չէին թողնում մոտենալ, հեռվից տեսա, որ դրսում տեղադրված Խանփերյանցի բրոնզե արձանը չկա, երևի գողացել են, պատվանդանը կոտրված էր, իսկ նախկինում սյուների վրա ամրացված «ՄիԳ-17» ինքնաթիռը գետնին էր»,- մեր հետ զրույցում պատմում է Արծիվը: 

Հետագայում արված արբանյակային լուսանկարներում պատվանդանն ու ինքնաթիռն արդեն չեն երևում:

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանը շատերը գիտեն «Աղջկաբերդ» անունով: 28 մետր բարձրությամբ այս  շինության մեջ 1988թ. բացվեց հուշարձան-թանգարանը: Շենքի վրա կանգնեցված է խրոխտ աղջկա արձան, որը բարձրից հսկում էր գյուղը: Ըստ տարածված ավանդույթի՝ մոնղոլների կողմից չառևանգվելու համար հայ աղջիկը նետվում է բարձունքից և լայնափեշ զգեստի շնորհիվ ողջ մնում:  Մի ձեռքին իջեցված սուր, մյուսում դափնու տերև, արձանն այժմ հսկում է դատարկված Բերդաշենն ու շրջակայքը: Թանգարանի  նախկին տնօրեն Անի Մովսիսյանը մեզ հայտնեց, որ գյուղի մի ամբողջ կյանք էր ներկայացված թանգարանում:

Ընդհանուր 625 նմուշ կար թանգարանում, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ու հետաքրքրությունն ուներ, այնտեղ պահվում էին «Աղջկաբերդ» հուշարձանից ու նրա շուրջը գտնվող հին բնակատեղիների պեղումներից գտածոներ, գյուղի ու ընդհանրապես արցախցու կյանքի ու կենցաղի մասին պատմող հավաքածուներ: Անիի համար առանձնապես հոգեհարազատ էին արցախցի կնոջ տարազով կերպարները:

«Վերջին պատերազմից մոտ երկու ամիս առաջ ցուցանմուշների առավել կարևոր մասը տեղավորել էինք հատուկ արկղերի մեջ, որ տեղափոխելը հեշտ լինի, պիտի տեղափոխեինք Ստեփանակերտ, բայց վառելիքի պատճառով չստացվեց, պատերազմից հետո նույնիսկ Մարտունի չկարողացանք տեղափոխել, հետո տեղեկացա, որ այնտեղից ևս ոչինչ չեն կարողացել դուրս բերել»,– ցավով նշում է Անին:

Թանգարանի նախկին տնօրենը տեղեկություն չունի, թե ինչ վիճակում են շենքը և ցուցանմուշները: Վերջերս մի տեսանյութ է տեսել. թշնամին արդեն հուշարձանում էր, բայց չգիտի «արդյոք արյունոտ ձեռքը հասել է նմուշներին»:

44-օրյա պատերազմից հետո մոտեցումն այն էր, որ դա Արցախի ժողովրդի սեփականությունն է և խաղաղության դեպքում դրանք վերադարձվելու են, բայց բռնի տեղահանությունից հետո Արցախի մշակույթի մշտադիտարկում իրականացնող թիմը նախապատրաստում է իրավական որոշակի փաստաթղթեր՝ հիմնավորելու համար բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներն իր մշակութային արժեքների նկատմամբ:

«Ադրբեջանցիները սպառնում են, որ այդ ամենն իրենցն է, պիտի վերադարձնել, ասում են, որ մենք գողացել ենք իրենց սեփականությունը, բայց կոնկրետ ձևակերպված որևէ հայց մեզ հայտնի չէ, կարծում եմ, ինչ-որ փուլում է, դեռ պաշտոնապես չկա»,- մեզ հետ զրույցում նշել է նա:

2023-ի սեպտեմբերից հետո

Եթե 2020 թվականի պատերազմի հետևանքով բռնազավթված  Շուշի քաղաքում ևւ Հադրութի շրջանում մնացած թանգարանների եւ արվեստի գործերի հավաքածուների մասին տվյալներ և կոնկրետ թվեր հրապարակվել են, ապա 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի Հանրապետության ողջ տարածքի թանգարանների ցուցանմուշների քանակի վերաբերյալ հստակ թվեր չկան:

Արցախի թանգարանները 2023թ. հոկտեմբերի մեկի դրությամբ չեն աշխատում, Արցախի նախագահի հրամանագրով թանգարաններն իրենց աշխատակիցներով լուծարված են:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի տեղեկությունների՝ թանգարանն իր մասնաճյուղերով (Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարաններ, 2021թ.-ից՝ Հադրութի և Շուշիի պատմության թանգարաններ) 51000 ցուցանմուշ ուներ:

2023թ.-ի սեպտեմբերի դրությամբ թանգարանն ունեցել է հինգ մասնաճյուղ, երկու ենթաճյուղ՝ Մարտունու մասնաճյուղի ենթակայության տակ գործող Կոլխոզաշենի գեներալ Պարսեղովի տուն-թանգարանը և Բերդաշեն գյուղի պատմության թանգարանը:

Մեզ հետ զրույցում Ժաննա Առուստամյանն ասաց, որ շրջափակման ժամանակ թանգարանը մի օր էլ չի դադարել աշխատել, նույնիսկ առանց հոսանքի, գազի, մթում, ցրտում կատարել է իր գործառույթները, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, կրթական ծրագրեր:

«Հաշվի առնելով 2020թ.-ի պատերազմի բացթողումները, համեմատաբար խաղաղ պայմաններում համապատասխան գործառույթներ իրականացրինք ցուցանմուշների պատսպարման, պահպանման ուղղությամբ: Սակայն շրջաններից ոչ մի բան հնարավոր չէր տարհանել, օր օրի իրավիճակն ավելի էր սրվում, հատկապես վառելիքի խնդրի մասին բոլորս գիտեինք»,- նշում է նա:

Արցախում մնացած թանգարանների ցուցանմուշների, շենքերի մասին Ժաննա Առստամյանը ոչ մի տեղեկություն չունի:

Տիգրանակերտի պեղումների իրերի տարհանումը ռազմական գործողությունների գոտուց արբեջանցիները որակել էին որպես «Ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը (նրա ղեկավարած արշավախումբը 2005 թ․-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքը) նշել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, որի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը:

«Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը»,- ընդգծում է հնագետը:

Տիգրանակերտի հնագիտական թանգարանի 3 սրահում ներկայացված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ.թ.ա. V դար մ.թ.ա. XVII դարերի գտածոներ։ Հատկապես արժեքավոր է V-VI դարերին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ, վերջինս Արցախի տարածքում հայտնաբերված հայերեն ամենահին արձանագրություններից է։

44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Monument Watch-ը հայտնել է, որ Ադրբեջանցի հեռուստալրագրողի  յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրություննում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի։ Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված  ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։

Համլետ Պետրոսյանը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո մոտեցումն այն էր, որ դա Արցախի ժողովրդի սեփականությունն է և խաղաղության դեպքում դրանք վերադարձվելու են, բայց բռնի տեղահանությունից հետո Արցախի մշակույթի մշտադիտարկում իրականացնող թիմը նախապատրաստում է իրավական որոշակի փաստաթղթեր՝ հիմնավորելու համար բռնի տեղահանված ժողովրդի իրավունքներն իր մշակութային արժեքների նկատմամբ:

«Ադրբեջանցիները սպառնում են, որ այդ ամենն իրենցն է, պիտի վերադարձնել, ասում են, որ մենք գողացել ենք իրենց սեփականությունը, բայց կոնկրետ ձևակերպված որևէ հայց մեզ հայտնի չէ, կարծում եմ, ինչ-որ փուլում է, դեռ պաշտոնապես չկա»,- մեզ հետ զրույցում նշել է նա:

Ինչ քայլեր են արվում Արցախի շարժական մշակութային արժեքները վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument watch) թիմի անդամ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյան մեզ հետ զրույցում նշում է, որ թանգարանների մասին տվյալներ հավաքագրում են, սակայն ամբողջական տեղեկատվություն դեռ չկա:

Այս փուլում նա առաջնային խնդիր է համարում շարժական ժառանգության թվայնացումն ու հաշվառումը:

«Շուշի քաղաքի թանգարանների թվային տարբերակները նույնիսկ չեն հասել, հիշողությամբ փորձում ենք վերակառուցել, թե այնտեղ ինչ է պահվել: Այս առումով խնդիր ունենք պարզելու, թե ինչ է մնացել, պահպանված նկարները գտնել, նկարագրել, ցուցակներ կազմել: Մենք չենք կարող մտածել հաջորդ քայլի մասին, մինչև այդ ցուցակը չունենանք»,- կարծում է Մուրադյանը:

Հաջորդ քայլը նա համարում է միջազգային կազմակերպություններին ներգրավելը, մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմների կիրառումը:

Մշակութաբանի խոսքով՝ անշարժ ժառանգության դեպքում իրենց ունեցած մեխանիզմներն այլ են. «Դրանք տեսանելի են, կարող ենք ստուգել՝ տեղում են, թե ոչ, ինչ-որ առումով հեշտ է հետևելը, շարժականի դեպքում այս մեխանիզմն էլ չկա, որն ավելի է բարդացնում աշխատանքը: Նույնը նաև գրադարաններին, պետական, անձնական արխիվներին է վերաբերում»:

Մոնիտորինգի թիմը հետևում է մեդիայում հայտնված տեսանյութներին և եթե դրանցում երևում է թանգարանի հետ կապված որևէ փոփոխություն, փորձում են ֆիքսել, դրա մասին բարձրաձայնել: Մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ Շուշիի քանդակների պուրակի հուշարձանները տեղահանված են, սակայն պարզ չէ, թե ինչ վիճակում են կամ ուր են դրանք:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնում է՝ բռնի տեղահանությունից հետո անձնական նախաձեռնությամբ փորձում են կամաց-կամաց վերսկսել մշակութային նմուշների ցուցակագրման աշխատանքները, այս ուղղությամբ նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն է աշխատանքներ կատարում: Խոսելով Արցախում մնացած մշակութային շարժական նմուշների հետագա ճակատագրի մասին՝ Հովհաննիսյանը ցավով նշում է՝ ոչ մի տեղեկություն չկա:

«Եթե օրինակ եկեղեցիների, հուշակոթողների և նմանատիպ մշակութային ժառանգության մոնիտորինգ, մշտադիտարկում անելը համեմատաբար ավելի հեշտ է, որովհետև այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանում և արբանյակային տեսադիտարկման միջոցով կարելի է իմանալ, թե այս կամ հուշարձանին ինչ վնաս է հասցվել, թանգարանային ցուցանմուշների դեպքում ցավոք սրտի նույն մեթոդը կիրառել չենք կարող»,- ընդգծում է նա:

Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Արցախի մշակութային կորստի այս հատվածի մասին քիչ է խոսվում։ Շահվերդյանն Արցախում մնացած նյութական ժառանգության պաշտպանության մի քանի տարբերակ է տեսնում:

«Առաջին հերթին զանգվածային լրատվամիջոցներում, տարբեր միջազգային ֆորումներում թեման մշտապես պետք է արծարծել: Հարցի հրապարակայնությունն այդ ժառանգության պարզունակ պաշտպանության գործոն է հանդիսանում: Նաև Հայաստանի հանրապետությունը պետք է իրավական գործընթացներ սկսի Արցախում նյութական մշակութային ժառանգության պահպանության համար»,– նշում է նա: 

Նա նաև հույս ունի, որ Ադրբեջանը կատարում է պատմամշակութային ժառանգության և արխիվների պաշտպանության, անձանց սեփականության իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին միջազգային ատյանների վճիռները: 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված մեր հարցման Արցախի թանգարաններին վերաբերող կետի մասին տեղեկություն չստացանք: 2024թ.-ի հունվարի  24-ին ստացված պատասխանում նախարարությունը միայն նշում է, որ դեռ նախաձեռնել են Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի կազմման, տեղադիրքերի հնարավոր ճշտման, լուսանկարների ձեռքբերման և համադրման աշխատանքները: Թանգարանների ցուցանմուշների վերաբերյալ հարցին նախարարությունը չի պատասխանել: 


Բռնի տեղահանությունից և Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումից հետո բռնազավթված մշակութային ժառանգության մասին տեղեկությունների ամբողջացման աշխատանքները փորձում են իրականացնել տարբեր նախաձեռնություններ ու անհատներ, սակայն դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպես է հնարավոր պաշտպանել Արցախում մնացած մշակութային արժեքները:

Լեռնիկ Հովհաննիսյանը թերահավատորեն է տրամադրված Արցախում մնացած նմուշների արդյունավետ պաշտպանության առումով:

«Ճիշտ է՝ դիմում ենք տարբեր միջազգային կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպումներ են կայացել, բայց ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ հիմա այդ ամենը հնչում է որպես ձայն բարբառո հանապատի»,– ասում է նա:

Միաժամանակ, ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն այս կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ 

արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ 

Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ 

արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ 

Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Տաթևիկ Աղաջանյան

Աղբյուրը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն


Լուսանկարները՝ բաց աղբյուրներից:
Նյութը պատրաստվել է 2024թ.-ի փետրվարին: Նյութը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող Աջակցություն Արցախի մեդիա մասնագետներին ծրագրի շրջանակներում: Ծրագրին աջակցում է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը (RSF) : Նյութում տեղ գտած կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ԼԱՍ (RSF) կարծիքի հետ:
1