Բոլորի պայծառ Մարատը
Հայրենասիրության հիմքը դրվում է ընտանիքում, նախակրթարանում, դպրոցում։
Ստեփանակերտի թիվ երկու դպրոցի մանկավարժները սիրով ու գորովանքով են հիշում Մարատ Շահրամանյանին։ Նա հետաքրքրություն էր ցուցաբերում բնագիտական առարկաների հանդեպ։ Ոչ մեկը չզարմացավ, երբ Մարատը ընդունվեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «աշխարհագրություն» բաժինը։ Հետաքրքրությունը հայրենի բնության, Արցախի պատմական շինությունների հանդեպ ընդգծվեց հատկապես ուսանողական տարիներին։
Մարատ Շահրամանյան
Բազմաթիվ արշավների ժամանակ Մարատը համոզվում էր, որ իր ծննդավայրից չքնաղ վայր աշխարհում գոյություն չունի, ինքնաճանաչողությունը ավելի էր զորացնում այդ սերը։
Հետագայում Հայաստանից ու արտերկրից ժամանած ընկերներին Մարատը սիրով ուղեկցելու էր Արցախի չքնաղ վայրեր՝ նրանց ևս սիրահար դարձնելով ու կապելով այն ամենի հետ, ինչ իրեն հոգահարազատ է։
Ընկերներով
Արտաշատցի ընկերը՝ Խորենը հիշում է, որ երբ նրանք ծանոթացան հեռավոր 2008 թվականին, Մարատը նրան առաջնորդեց Արցախի պատմաճարտարապետական հայտնի կոթողների երթուղով ու ամեն հերթական այցի Խորենը բացահայտում էր մի նոր Արցախ։
«Առանձնակի սիրում էր Տիգրանակերտի արգելոցը, որտեղ էլ որ գնալու լինեինք hետ դառնալիս անպայման Տիգարանակերտով էինք վերադառնում, հիանում հայկական մշակույթի այս հոյակերտ կոթողով»։
Երբ Մարատը նշանակվում է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչ, նախաձեռնում է Հունոտի կիրճի վերականգնման բարդ, բայց կարևոր աշխատանքը։ Գործը հաջողությամբ գլուխ է բերում․ վերանորոգվում է կամուրջը, անցանելի է դառնում ճանապարհը, Հունոտի կիրճը՝ հայտնի Զոնծիկները, դառնում է առաջնային զբոսաշրջային ուղղություն։
Հունոտի կիրճը
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» վերջին ղեկավարը` Արմինե Հայրապետյանը, ով աշխատել է Մարատի հետ այդ տարիներին, պատմում է, որ հետաքրքիր համատեղ աշխատանք են ունեցել Հունոտի կիրճի՝ որպես զբոսաշրջային ուղղություն, հանրահռչակման գործում։ Մարատը միշտ ստեղծարար, հետաքրքիր գաղափարներով է հանդես եկել, կարողանում էր հասուն խորհուրդներ տալ իրենից ավագներին, ընդ որում ՝ եթե նույնիսկ ուրիշների առաջարկածի հետ համաձայն չէր լինում, մինչև վերջ թիմային աշխատանք էր ապահովում՝ հարգելով դիմացինի կարծիքը։
Հետո, երբ Մարատը «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն էր, Արմինեն էլ զբոսաշրջության վարչությունում էր աշխատում, կողքից գնահատում էր ընկերոջ հասուն մոտեցումը չափազանց պատասխանատու աշխատանքում։
Պատանի Մարատը համալրում է ՀՅԴ երիտասարդական միության շարքերը, այլևս գաղափարի զինվոր էր՝ սթափ մտքով, նվիրվածությամբ հայրենիքը հայ պահելու վեհ գործին։ Բազմաթիվ ընկերներ է ձեռք բերում այդ տարիներին։ Արմինեն Մարատին հենց այդ տարիներին է ճանաչել, ինքն էլ միության անդամ էր։
«Շատ սկզբունքային էր, մարդկային գեղեցիկ որակներ ուներ, մարդակենտրոն անձնավորություն էր։ Նրա ուշադրության կենտրոնում մարդն էր ու երբ դարձավ վերադաս, երբեք իրեն վեր չդասեց գործընկերներից»–ասում է նա։
Աշոտ Մարտիրոսյանը նույնպես դաշնակցական էր։ Նրանց ճանապարհները խաչաձևվում են ավելի ուշ, երբ երկուսով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալներն էին։
Աշոտը պատմում է, որ իր հեզ, համեստ բնավորությամբ Մարատը կոլեկտիվի հարգանքն էր վայելում։ Մեղվաբուծությամբ զբաղվող Մարատը իր քաղցր արտադրանքից բոլորին բաժին էր հանում։ Բլոկադայի ժամանակ առանձնակի ուշադրության կենտրոնում էին հղի կանայք, հենց նրանք էին Մարատի մեղրի հասցեատերերը։
Հայրենի Թաղավարդում էր պահում մեղվափեթակները, երբ պիտի ամեն–ինչ թողներ ու 100 000 իր բախտակիցների հետ բռներ գաղթի ճանապարհը, Մարատը գիտեր ինչով է զբաղվելու ու պահելու իր ընտանիքը՝ մեղվաբուծությունը հոբիից ապրուստի միջոց պիտի դառնար։
Իսկ մինչ այդ 44–օրյան էր, որին Մարատ Շահրամանյանը մասնակցեց իր զինակիցների հետ անցնելով բազում ահասարսուռ օրեր։
Մեկ անգամ հաջողվեց այցելել Երևանում ապաստան գտած ընտանիքին, հարազատների հարցադրումներին պատասխանում էր հանգիստ, չափ ու ձևած տոնով, ասես պատերազմի երախից չէր գալիս, միայն հետո էր առանձին դրվագներով պատմելու այն սարսափելի գողգոթայի մասին, որի միջով անցավ հայ զինվորը։
Այդ ամենն, իհարկե ազդեց Մարատի առողջության վրա, սիրտը երբեմն իրեն զգացնել էր տալիս, այն սիրտը, որ բոլորի մասին մտածելու հակում ուներ։
Երբ կնոջ հետ քննարկում էին երրորդ զավակ ունենալու հարցը, Անահիտը չմերժեց, ամուսնու խոսքը միշտ արժեք ուներ։ Առնոն ծնվեց շրջափակման առաջին օրը ու 9 ամիս անց կորցրեց հորը։
Մարատի երեք երեխաները
Երկու պատերազմից փրկված, շրջափակման սահմանափակումները հաղթահարած Մարատը չարաբաստիկ հրդեհի զոհը դարձավ։
Անահիտը տանը իրերն էր դասավորում։ «Այն–ինչ կարող ենք գնել, հետդ մի վերցրու»,–կարգադրել էր Մարատը։ Երեխաների շորերն ու ֆոտոալբոմներն է վերցրել, նաև Արցախի հանքավայրերից քարերի մակետը, որ պապից էր փոխանցվել Մարատին։
Սեպտեմբերի 26–ին պիտի ճանապարհվեին։ Ու հանկարծ այդ կայծակն ու ամպրոպը, որի հետ էլ աղետը։
Անահիտը տագնապալի զանգեր էր ստանում, հարցնում էին՝ որտե՞ղ է Մարատը։ Վերջին անգամ հարազատները նրան վառելիքի դատարկ բաքը վերցրած դուրս գալուց են տեսել։ Կնոջ սիրտը վախ է ընկնում, փողոց դուրս գալով ու այնտեղ տիրող խառնաշփոթը տեսնելով կանխազգում է՝ վատ բան է տեղի ունեցել։
Սկզբում Հայկազովի տեղանք է գնում ,որտեղ պայթունն էր, հետո հիվանդանոց, ապարդյուն։ Հարազատները Մարատի մեքենան՝ բենզինով տարան մոտը, գտնում են Հայկազովի տարածքում, բայց Մարատը չկար։ «Իր բնույթին հատուկ երևի գնացել է օգնելու ընկերներին, ինքն էլ վնասվել է»,–մտածում է կինը, սակայն վիրավորվածների մեջ Մարատը չկար։
«Շատ մեծ ցավով եմ հիշում չարաբաստիկ սեպտեմբերի 25–ը, տնից սպիտակեղենի պաշարով գնացել էի մանկական հիվանդանոց, ինչ–որ բանով վիրավորներին օգնելու մղումով ու այնտեղ տեսա Մարատի հորը, ով ծխելով անհանգիստ դես ու դեն էր գնում, սիրտս վատ բան կանխազգաց, բայց չհամարձակվեցի հարցնել, բոլոր հիվանդասենյակներով անցել էի՝ Մարատը այնտեղ չկար, որոշեցի հետ գնալ հանրապետական հիվանդանոց՝ մտածելով վիրավորների ցանկը ուշադիր չեմ կարդացել, գնացի, նրա անունը չկար »,–պատմում է Արմինեն։
Ընկերներն արդեն գտել էին Մարատին, բայց դեռ Անահիտին չէին ասում։ Պայթունի ալիքը շպրտել էր նրան, սիրտը չի դիմացել, Մարատին փրկել չհաջողվեց։
Զարմանալի զուգադիպությամբ աղջիկը՝ Ասյան, ով միշտ վառ գույներով էր նկարում, այս նկարն է վրձնում այդ օրերին, որտեղ գույները մռայլ են, պայթունի ահավոր գիշերն է նկարում։
Ասյայի նկարը
Մեկ տարի է անցել, բայց հարազատները չեն համակերպվում իրենց մեծ կորստի հետ։
«Կարոտը խեղդում է,–ասում է Անահիտը։ Առանց Մարատի կարծես առանց թևերի եմ, ուզում եմ երեխային բժիշկի տանել, նա կողքիս չէ, բակ ենք դուրս գալիս՝ բոլորն իրենց հայրիկների հետ, երեխեքս առանց հոր են։ Ամեն տեղ նրա կարիքը զգացվում է, որովհետև չափազանց հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված զավակ ու եղբայր էր։ Դժվար է առանց նրա»։
Մարատի շորերը խնամքով պահարանում են, դրանով է իր կարոտը փարատում, Արամը կմեծանա՝ կհագնի։ 9-ը տարեկան որդին շատ շուտ է մեծացել ու, իրեն տան տղամարդ զգալով, հոգ է տանում քրոջ ու փոքր եղբոր մասին։
«Չափազանց դժվար է Մարատի մասին անցյալով խոսել, շատ պայծառ մարդ էր, նման մարդկանց կորուստով կորցնում ենք մեր կյանքում լույսի մի մեծ չափաբաժին,–ասում է Արմինեն ու ավելացնում՝ ու մինչև հիմա մեղավորներն անպատիժ են» ։
Մարինե Մկրտչյան