Բոլորը գնում են, բացի պատերազմից
«Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…», «Վազում եմ, սպասի՛ր..», «Օրացույցից պոկված օրեր». սրանք արցախցի գրող Հերմինե Ավագյանի գրքերն են, որոնցից վերջինը նոր է լույս տեսել: Պատերազմ, ապրումներ, հաղթանակի հույս. գրքում շոշափվող այս թեմաների շուրջ է «Ապառաժ»-ի հարցարզույցը գրողի հետ:
-«Օրացույցից պոկված օրեր»-ը Ձեր երրորդ գիրքն է, ու կրկին առանցքում պատերազմն է, Ձեր մտորումներն ու ապրումները պատերազմի օրերին և դրանից հետո: Մենք դատապարտվա՞ծ ենք ապրել պատերազմի կողքին ու պատերազմի մեջ:
-Առաջին գիրքս ամբողջությամբ պատերազմի մասին էր, երկրորդում փորձեցի խոսել ապրելու մասին, բայց հիմա, երբ թերթում եմ այն, հասկանում եմ, որ պատերազմն այդ գրքում ևս թողել է իր որոշակի հետագիծը։ Երրորդ գիրքս առանձնանում է նրանով, որ առաջին անգամ արձակի կողքին հանդես եմ գալիս պոեզիայով։ Մտածում էի, որ այս երրորդը շրջանցելու է պատերազմի թեման, բայց վերջին պատերազմը ծնունդ տվեց իմ պատերազմական օրագրին և խմբագրիս խորհրդով պոեզիայի կողքին գրքիս մեջ զետեղեցի նաեւ «Կարմիր տառերով օրագիրը»։
Ես մի երազանք ունեմ, որ պատերազմը հետայսու մնա օրագիրներում, գրքերում, որ էլ ստիպված չլինենք նրան անդրադառնալու, բայց երբ երկիրդ պատերազմի մեջ է, գրողը չի կարող չզգալ ու չգրել նրա ցավի մասին։ Այս ամենի կողքին, սակայն, մի կարեւոր բան կա՝ պատերազմը նաև սովորեցնում է սիրել, դա նրա ամենալավ դասն է, սակայն բոլոր պատերազմներից հետո մենք մոռանում ենք սերտել այդ դասը, ու դրա համար նա նորից ու նորից գալիս է…
-Գրում եք, որ մարդիկ ամենաշատը փախչում են պատերազմից, բայց ամենաշատը պատերազմն է գալիս նրանց հետևից: Ի՞նչ պարտքեր ունի պատերազմը նրանցից:
-Այս հարցը Ձեր նախորդ հարցի շարունակությունը կհամարեմ։ Ինչպես գրքում է ասվում՝ բոլորը գնում են, բացի պատերազմից… Երբ պատերազմը մի օր մտածելու, խորհելու կանգառ դառնա, երբ մարդու և մարդու միջև սերը դառնա թելադրող, այդ ժամանակ պատերազմն իր «պարտքերի» հետևից անընդհատ չի վերադառնա։ Սերը երկար ճանապարհ է, որի ամեն քայլափոխը պայքար է լավի համար։ Եթե չես հասնում ճանապարհիդ ցանկալի հանգրվանին, ուրեմն մինչեւ վերջ չես սիրել, ուրեմն շեղել ես ճամփադ, ուրեմն հարթ ու դյուրին ուղիներ ես փնտրել ու մոռացել ես, որ ունեցածդ փայփայել է պետք ամեն օր, ունեցածիդ համար պայքարել է պետք ամեն օր։ Մենք մեր սերը թողել ենք ճանապարհի կեսին ու չենք նկատել դա, դրա համար հիմա հանգրվան ենք փնտրում ու չենք գտնում…
-44-օրյա պատերազմի առաջին օրերին վերհիշել եք դեռևս առաջին պատերազմում անմահացած Ձեր հոր խոստումը՝ բերել հաղթանակ: Հիմա էլ եք սպասո՞ւմ այդ ավետիսին:
-Ես հիմա նայում եմ այն երեխաների աչքերին, որոնց հայրերը տուն չդարձան և նրանցում գտնում եմ իմ աչքերը։ Իմ ու նրանց աչքերը նման են այնքանով, որ նույն հարցն են տալիս՝ ու՞ր է մեր հաղթանակը։
-Կիսատ զրույցներս դրել եմ ծրարի մեջ, նամակներս մնացել են ճամփին՝ գրել եք Արտակ Իշխանյանի ու մյուս նահատակ ընկերների մասին: Ի՞նչ եք ցանկանում նրանց ասել:
-Եթե երկինքը հասցեներ ունենար, ես կգրեի՝ ներեցեք մեզ, տղերք…
Երկնքից ավելի լավ են երևում մեղավորները…
-Ե՞րբ եք նախատեսում գրքի շնորհանդեսը, ինչպե՞ս եք ներկայացնելու ընթերցողներին:
-Երբեք ինքս չեմ նախաձեռնել իմ գրքերի շնորհանդեսները, միշտ ընկերներս են կազմակերպել, նաեւ՝ Գրողների միությունը։ Եթե անկեղծ՝ շնորհանդես ու նման ինչ-որ ճոխ բառեր չեմ ուզում, կուզեի նոր գիրքս այլ ձեւաչափով ներկայացվեր ընթերցողին։
Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը