Բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են Բաքվի բռնապետության կողմից
Գլխավոր » Լրահոս » Բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են Բաքվի բռնապետության կողմից

Բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են Բաքվի բռնապետության կողմից

2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Հայտարարության մեջ ասվում է. «Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր – դատավարությունը։ Գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնորեն ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի դատը վերածվել է ստալինյան հաշվեհարդարի։

Դեռևս դատավարությունից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացվող իրավական և դատավարական անօրինությունները։ Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ։

Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով։

Ի նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։ Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։

Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպություններս,

  • դատապարտում ենք Բաքվի կազմակերպած շինծու դատավարությունները,
  • կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, Սփյուռքահայ  բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ-ին, ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմին, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական Միությանը, Եվրոպայի խորհրդին, Մեծ Յոթնյակի անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվի բռնատիրական ռեժիմի հակաօրինական քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ և պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցումը և ազատ արձակումը,
  • դիմում ենք աշխարհի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս ճչացող հանցագործությունների մասին, համատեղ ջանքերով աջակցել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը։

Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր հորդորը։ Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել»։

1